«Ծայրահեղ աղքատության նվազում կարող է եղած լինի, բայց ոչ Կառավարության ջանքերով»․ Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի հետ

– Պարո՛ն Թումասյան, Կառավարության գործունեության ծրագիրն էր քննարկվում Ազգային ժողովում, և վարչապետը հայտարարեց, որ ծայրահեղ աղքատության ցուցանիշը Հայաստանում որոշակի նվազել է։ Դուք Շիրակի մարզի ծայրահեղ աղքատ բնակչության հետ եք շփվում, ի՞նչ փոփոխություն եք զգում։ 

– Ծայրահեղ աղքատության նվազում կարող է եղած լինի, բայց ոչ Կառավարության ջանքերով։ Բարեգործական ծրագրեր շատ են իրականացվում, և դրանց շնորհիվ է, որ մարդիկ քիչ թե շատ դուրս են գալիս աղքատության ճահճից։ 

Հատկապես այս վարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամանակ շատ են եղել բարեգործական ակցիաներ՝ ուտելիք ու վառելափայտ են բաժանել մարդկանց։ Բարեգործական ակցիաների շարժ եղել է, բայց Կառավարության կողմից աղքատության հաղթահարման լուրջ ծրագրեր չեն իրականացվել։ 

Եթե նույնիսկ զբոսաշրջության աճ է եղել, ապա դա ոչ մի կապ չունի։ Եթե նույնիսկ տնտեսական աճ է գրանցվել, չէր կարող ազդել ծայրահեղ աղքատների վրա, քանի որ ո՛չ նպաստն է ավելացել, ո՛չ էլ դա ինչ-որ փոփոխություն է բերել այդ ընտանիքներ։ 

Ես, օրինակ՝ կարող եմ ասել, որ սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքների վիճակը ձմռան ամիսներին վատթարացել էր, քանի որ վառելափայտ ձեռք բերելու խնդիր կար՝ վառելափայտի գներն էին աճել, պակասել էր վառելափայտը, աշխատաշուկան էր վատ, արտագնա աշխատանք չկար։ 

– Վարչապետը նաև ասաց, որ ըստ իրենց ծրագրի` 2023-ին ծայրահեղ աղքատությունը պետք է վերացած լինի Հայաստանից։ Դուք ի՞նչ սպասումներ ունեք։

– Տա Աստված, ինչ ասեմ։ Ես անկեղծ ասեմ՝ վաղուց շատ ուշադրություն չեմ դարձնում պաշտոնական թվերին, քանի որ ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ընդունակություններ, որ կարողանամ հասկանալ, թե ինչ են ուզում ասել։ Ես իմ աչքի տեսածին եմ հավատում։ Ես գերադասում եմ չհետևել այդ հայտարարություններին և դա անում եմ շատ վաղուց՝ նախկինների ժամանակներից սկսած։ 

Ես աղքատության հաղթահարման իմ ծրագիրն եմ անում։ Մենք փորձում ենք մեր ուժերով օգնել մարդկանց՝ կով առնել, վառելափայտ, նույնիսկ բնակարան տրամադրել։ 

Հիմա, օրինակ` վերադառնում եմ մեր մարզի մի գյուղից, որտեղ մարդկանց գոմը փլվել է գլխներին, կով ենք ուզում տանք, բայց տանք` որտե՞ղ պահեն։ Հիմա պետք ա պայմաններ ստեղծենք, որ էդ կովը տանք, մարդիկ ապրեն։

– Ասում եք՝ ձմռանը վատթարացել էր մարդկանց վիճակը․․․

– Սարսափելի էր։ Եթե նախորդ տարիներին մարդիկ պատրաստված էին և կարողանում էին իրենց վառելափայտը գտնել, առնել, ապա այս տարի 90 տոկոսը վառելափայտ չուներ։ 

Եվ եթե մեր կամ ուրիշ դոնորների վառելափայտի բաշխման ծրագիրը չլիներ, սարսափելի վիճակ էր լինելու։ Նկատի ունեցեք, որ մեզ մոտ հիմա էլ ձմեռ է, մարդիկ էլի վառարան են վառում։ Բախտներս բերեց, որ այս տարի ցրտաշունչ ձմեռ չէր։ Նպաստառու ընտանիքը 30 հազար դրամով ո՞նց առներ էդ փայտը։

– Կարանտինը ինչ-որ ձևով խանգարե՞ց մարզում, օրինակ՝ Երևանում շատ դժգոհողներ կան․․․

– Գիտեք՝ գյուղական համայնքներում մարդիկ էդպես էլ չհասկացան՝ կարանտինն ինչ բան է։ Տնակային ավաններում այսպես թե այնպես գործ էլ չունեին, որ կորցնեին՝ ստանում են իրենց նպաստն ու թոշակը։ Տնակային ավանների երեխաները որ դպրոց չեն գնում, լրացուցիչ ծախսեր չեն անում, շոր-կոշիկ չեն առնում, կարանտինը ինչ-որ մեծ հետևանք չի թողել։ Ճիշտ հակառակը, բարեգործական ծրագրերի ակտիվացման շնորհիվ այդ ընտանիքներին տասնյակ համակարգիչներ ենք բաժանել։ Չունեին՝ հիմա ունեցան։ 

– Իսկ Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից օգտվողներ եղա՞ն, տեղյա՞կ եք։ 

– Նայեք՝ որպես աշխատանք կորցնող մարդ, էդ մարդիկ աշխատանք չէին էլ ունեցել, որ կորցնեին ու Կառավարության ծրագրերից օգտվեին։ 

Փոքր երեխաներ ունեցողներ շատ ընտանիքներ կան, որոնք օգտվել են հակաճգնաժամային ծրագրից։ Մեր տարածաշրջանում՝ Շիրակի մարզում, 5000-ից ավելի ծայրահեղ աղքատ ընտանիքներ կան։

– Պարո՛ն Թումասյան, հիմա՝ 2018-ին կատարվածից երկու տարի անց, փորձում են ամփոփել՝ ինչ փոխեց հեղափոխությունը։ Դուք ի՞նչ կարող եք ասել, ձեր, ձեր շահառուների կյանքում ի՞նչ փոխեց, ի՞նչ առաջընթացի մասին կարող ենք խոսել։

– Ես նույն տեմպով շարունակում եմ աշխատել։ Բայց կարող եմ ասել, որ մինչ այս պահը հեղափոխությունը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, արել է․ և այդ փոփոխությունը զուտ բարոյահոգեբանական է, քաղաքական։ 

Գյուղական համայնքներում քյոխվայություն չկա, իշխանությունների կողմից ճնշում չկա։ Հիմա պաուզա է։ Լավ է, որ մարդիկ իրենց հավասար են զգում, բայց սոցիալական վիճակի վրա ազդեցություն չի թողել։ 

Կույր պետք է լինել չնկատելու համար ճանապարհաշինությունը, բայց մարդկանց սոցիալական վիճակը նույնն է։ Հավանաբար, այս իրավիճակը պետք է որոշակի ժամանակ պահպանվի, որ մարդիկ կարողանան իրենց տեղը գտնել։ Մարդը երևի ինքը պետք է հնարավորություն գտնի, որ ինչ-որ բան ստեղծի։ 

– Ինչպես վարչապե՞տն էր հայտարարում՝ աղքատությունը մարդկանց գլխում է, և պետք է օգտվել փոփոխություններից, հաղթահարել այն։ 

– Մարդկանց որոշակի խումբ կա, որոնց վրա վարչապետի ասած այդ հայտարարությունը տարածվում է, բայց համատարած այդպես չէ։ Աղքատությունը կյանքում դժվարությունների, ճակատագրերի, դժբախտության հետևանք է։ Իհարկե, կա մարդ, որ ալարում է, չի ուզում աշխատել, բայց կան նաև մարդիկ, որ ամեն ինչ անում են, բայց աղքատ են, առողջական խնդիրներ ունեն։ 

Իմ գործունեության փորձից, շփումներից կարող եմ ասել, որ աղքատությունը մեծ մասամբ դժբախտությունների, ճակատագրի հարվածի հետևանք է։ 

Ահա, էսօր Անիի տարածաշրջանի գյուղերից մեկում մի մարդու եմ հանդիպել՝ գնացել է խոպան, կյանքը չի դասավորվել, եկել, ամբողջ կովերը վաճառել է, պարտքերը տվել են ու մնացել սոված, լույսի կտոր աշխատող երեխեք ունեն, կով ենք տվել։ 

Համոզված եմ՝ 1-2 ամիս հետո արդեն այդ վիճակից դուրս կգան։ Նրանց շարժիչ ուժ է պետք, որ ոտքի կանգնեն։ Մի դեպք ասեմ՝ անցյալ տարի չորս երեխաների հայրը դաշտում, նախիրը պահելու ժամանակ, ինսուլտ էր ստացել, մահացել։ Հիմա էդ մարդիկ ինչ ունեին-չունեին վաճառել, տվել բուժել էին հորը, բայց էդ մարդը մահացավ։ Ծայրահեղ վիճակի մեջ էին։ Անցյալ տարի կով տվեցինք, հիմա էլ հորթն է ծնվել, ուզում են մի հատ էլ կով վերցնեն, երեխեքն էլ երազում են ֆերմեր դառնալ։ Ամեն օր գնում խոտը քաղում են։ Այսինքն՝ ինչ-որ բան էր պետք այդ մարդկանց ոտքի կանգնելու համար, էդ 1000-2000 դոլարը չնչին գումար էր՝ ընտանիքը ծանր վիճակից դուրս բերելու համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am