«Այո՛, երբեմն ավելի ձեռնտու է չխոսելը». Ըստ Ռուբեն Բաբայանի՝ Միքայել Մինասյանի շուրջ աղմուկն ավելին է, քան նրա արժանիքները՝ այդ բեռը տանելու

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին դժգոհություններ են հնչում իշխանությունների հասցեին, մասնավորապես ասվում է, որ իշխանությունը շեղվել է իր նպատակներից, վեթինգ չի իրականացնում, դատական բարեփոխումներն արագ չի կատարում, խաբել է հասարակությանը: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը, որքանո՞վ են արդարացել նրանց սպասումները: 

– Վերաբերմունքը տարբեր է. այն մարդիկ, որոնք մի քիչ ավելի լուրջ ծանոթ են, թե ինչ է նշանակում բարեփոխում, ինչ է նշանակում պետական ապարատ, նրանց հիասթափությունն այնքան էլ մեծ չի, որովհետև նրանք հասկանում էին, որ ոչ այդքան արագ հնարավոր է դա իրագործել, ոչ էլ, անկեղծ ասած, այդ կադրերը կան, որոնցով կարելի է շատ հանգիստ փոխարինել հներին:

Ովքեր կարծում էին, որ այդ խոստումները շատ արագ կիրագործվեն, նրանք, իհարկե, հիասթափված կլինեն, բայց դա էլ է բնական, որովհետև միշտ էլ կան մարդիկ, որոնք հիասթափվում են, առավել ևս, երբ ստանում են խոստումներ, որ ամեն ինչ արագ կիրականանա: Ես կարծում եմ, որ դանդաղ ընթացքը, անգամ երբեմն տեղում դոփելը կախված են նրանից, որ հաճախ պարզ չէ, թե ի՛նչ մեխանիզմներով կարելի է իրագործել այդ բարեփոխումները: 

Շատ հաճախ այն խնդիրները, որոնք արդիական են կամ այսրոպեական, իրականում շեղում են ռազմավարական գծից: Պետք է հարմարվել սրան, հարմարվել նրան, նկատի ունեմ նաև՝ որոշակի երկրների, որոշակի ազդեցությունների: Ես այդքան ողբերգական չեմ տեսնում այս վիճակը, բայց շատ կուզենայի, որ իշխանությունը իր և՛ խոստումների, և՛ գործերի մեջ ավելի շատ հենվեր սթափ մտածող հանրության, այլ ոչ թե էմոցիաներին տրվող զանգվածի վրա: 

Հաճախ տպավորություն է, որ այս էմոցիոնալ զանգվածը ամենամեծն է, ամենակայունն է, քեզ կօժանդակի, բայց իրականում այդպես չէ: Կարծում եմ՝ այդ զանգվածն ամենաանկայունն է, որը կարող է հաճախ 180 աստիճանով փոխել իր կարծիքը, մոտեցումը անգամ ամենահասարակ հարցերի դեպքում: 

Մի բան է, որ գալիս ես իշխանության, և այդտեղ կարիք կա մարդկանց թվի, որովհետև այլ կերպ հնարավոր չէ ապահովել իշխանության գալը, բայց, կարծում եմ՝ հետագայում իշխանության հենարանը պետք է փոխվի, և առաջին պլան պետք է գան այն կադրերը, որոնք ի վիճակի են իրագործել բարեփոխումներ: Եթե հեղափոխությունն իր հետևից չի բերում մտածված, կոնկրետ նախագծված և քայլ առ քայլ իրագործվող բարեփոխումներ, ապա շատ մեծ վտանգ կա, որ այդ հեղափոխությունը կընկալվի որպես զուտ իշխանափոխություն:

– Կադրերից խոսեցիք, իշխանությունը չունի՞ այն կադրային ներուժը, որ այսօր առկա խնդիրներին կարողանա լուծումներ տալ: Կադրային բանկի խնդի՞ր կա այսօր:

– Ես կարծում եմ՝ կա այդ խնդիրը, և եթե չեմ սխալվում՝ վարչապետը մոտավորապես խոստովանել է: Չափանիշները, որ մենք մշտապես ներկայացնում ենք իրականում կամ մի քիչ էլ թաքնված, հիմնականում հետևյալն են՝ հայրենասեր մարդ լինի, մեկը լինի, որ մեր մասին մտածի, ժողովրդին սիրի, կամ ժողովուրդը իրեն սիրի: Այդ ամբողջը էմոցիաների դաշտից է:

Հայրենասիրությունը մասնագիտություն չէ: Ավելին, նույնիսկ կարող եմ ասել, որ լավ մասնագետներն ընդհանրապես աղմկոտ չեն: Լավ մասնագետների համար նույնիսկ շատ քիչ նշանակություն ունի համակարգը, իրենց համար լավ համակարգը այն համակարգն է, որը հնարավորություն է տալիս լայնորեն օգտագործելու սեփական գիտելիքներն ու հմտությունները:

Այստեղ ամենամեծ խնդիրն է՝ ինչպես գտնել այդ մասնագետներին: Եթե նրանք չկան, գուցե ինչ-որ ձևով վերապատրաստել է պետք: Ի վերջո, մենք առաջին երկիրը չենք, որ գնում է բարեփոխումների ճանապարհով: Հիմնականում բոլոր երկրներն էլ առնչվում են մի շատ կարևոր հարցի՝ կադրերի հարցին:

Այդ կադրերը վերապատրաստվում են, բերում են համապատասխան մասնագետների, որոնք սովորեցնում են, ուղարկում են այլ երկրներ, ընտրություն է կատարվում զուտ մասնագիտական առումով:

Մեզ մոտ հաճախակի ընտրությունը կատարվում է զուտ նվիրվածության առումով, բայց նվիրված լինելը դեռ չի նշանակում, որ կարող ես գործից գլուխ հանել ու առաջ տանել: Ընդհանրապես, դա նույնիսկ խանգարում է:

Ի վերջո, երկրի ղեկավարը երկրի գլխավոր մենեջերն է, և մնացած կադրերը պետք է նույն սկզբունքով ընտրվեն ու նշանակվեն, թե ինչքանով են նրանք կարողանում կատարել մենեջերի աշխատանքը:

Ո՛չ ազգափրկիչ մարդիկ են պետք, ո՛չ ժողովրդափրկիչ մարդիկ են պետք, ո՛չ Աստված է պետք, ո՛չ թագավոր: Մենեջեր է պետք, որը կգա և մենեջերական ծրագրով ու համապատասխան կադրերով: Շատ հավանական է, որ պետք է շատ ու շատ կադրերից հրաժարվել առանց կռվի: Հասկանալի է, որ եկել են մարդիկ բարի ցանկություններով, բայց հաճախ՝ փորձի ու գիտելիքների պակասով: Այդտեղ էլ վատ բան չկա, ժամանակին տեսնել իրական վիճակը և փորձել շտկումներ անել՝ շատ կարևոր է:

Պնդել, տանել մինչև վերջ, երբ պարզ է դառնում բոլորի համար, որ ընտրված ճանապարհը սխալ է, կարծում եմ՝ այնքան էլ արդյունավետ ճանապարհ չէ: Ես երբևիցե որևէ ողբերգական բան չեմ տեսել ստեղծված իրավիճակում, միշտ համարել եմ, որ եթե ախտորոշումը ճիշտ է տրվում, իսկ դա հիվանդությունը բուժելու ամենակարևոր գործոնն է, ապա հնարավոր է մտածել նաև արդյունավետ բուժման մասին:

Միանշանակ պետք է դադարեցնել խաղալ ամենացածր մակարդակի զանգվածի վրա: Նրանք կողջունեն, որ դու, ասենք թե, հրաժարվում ես արագաչափերից, բայց հենց առաջին 5 հազարի պարագայում քեզ կվաճառեն:

Դա պետք է իմանալ, որ եթե մարդն օրինապաշտ է, մաքրասեր է, դա կախված չէ քաղաքական իրավիճակից: Չի կարելի ասել՝ ես Սերժի դեմ եմ, դրա համար չեմ լվացվելու, կամ՝ ես Նիկոլի դեմ եմ, դրա համար չեմ լվացվելու:

Այս կատեգորիայի մարդկանց վրա չի կարելի հենվել, նրանք աղմկոտ են, հայհոյող են, հավատարմություն ցուցադրող են, բայց իրականում ուժ չեն, առավել ևս՝ բարեփոխման ուժ չեն: Նրանք պիտանի չեն որևէ բան ստեղծելու:

– Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի փեսան ամեն օր լայվ է մտնում և վարկաբեկում այսօրվա իշխանությանը: Նախ՝ ինչպե՞ս եք դա գնահատում, և ինչպիսի՞ ազդեցություն է դա կարող է ունենալ հասարակության վրա: 

– Իմ շրջապատի վրա դա որևէ ազդեցություն չի ունենում: Ես կարծում եմ, որ եթե մարդն ուզում է տեղափոխվել քաղաքական դաշտ, այնպես չի լինում, որ ընդհանրապես ոչ մի ձեն-ծպտուն չեն հանում, ու հանկարծ դառնում են քաղաքական գործիչ:

Քաղաքական գործիչը պետք է նաև պատրաստ լինի բանտ նստել: Ես չեմ ասում՝ որքանով է արդար կամ անարդար: Քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի դատարանն օգտագործել որպես ամբիոն:

Թե չէ Խոդորկովսկուն նմանվելու փորձը չի աշխատելու, որովհետև նա մոռանում է մի բան, նախ՝ Խոդորկովսկին մարդ էր, որ 10 տարի նստեց բանտում, և մի մարդ է, որը Եվրոպական դատարանով շահել է դատը Ռուսաստանի դեմ: Նա իր ընդդիմադիր կեցվածքը կերտել է և հիմա արժանի է դրան:

Իսկ այս դեպքում ես, անկեղծ ասած, այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում այդ անձնավորությանը: Բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում, բոլոր այն փաստերը, որոնք նա բերում է, կարիք ունեն կա՛մ հերքվելու, կա՛մ հաստատվելու: Եվ եթե հաստատվում են, համապատասխան մարդիկ, անկախ նրանից, թե ովքեր են, իրենց պատիժը պետք է կրեն:

Սա կլինի մեր նոր արժեքային համակարգը: Արժեքային համակարգը չի կարող կառուցված լինել նրա վրա, որ ոչ ոք չի գողանում: Այդ համակարգը կարող է կառուցված լինել նրա վրա, որ գողը պատժվում է: Դրանք տարբեր բաներ են: Եթե ասվում է, որ ոչ ոք չի գողանում, նշանակում է՝ մենք աչք ենք փակում, որովհետև ցանկացած իշխանության մեջ, ցանկացած համակարգում գտնվում են մարդիկ, որոնք կփորձեն օգտագործել իրավիճակը սեփական շահերի համար:

Անգամ դա կա ամենաժողովրդավարական ու զարգացած եվրոպական երկրներում: Պետք է մի բան հստակ իմանալ, որ պատիժն անխուսափելի է լինելու: Բարի անունը, բարի համբավն ամենակարևոր բանն են մարդկանց համար, որոնք ձգտում են հանրային ճանաչելիության: 

– Շատերը նշում են, որ պատկերացնումները Միքայել Մինասյանի մասին, նրա շուրջ հյուսված միֆերը այլ էին, իսկ երբ տեսակապով խոսում է, բոլորովին այլ տպավորություն է: 

– Այո՛, երբեմն ավելի ձեռնտու է չխոսելը: Մի այսպիսի պատմություն կա, որը, իհարկե, վերաբերում է ուրիշ հարցի. ռուս հայտնի մեկենաս Սավվա Մորոզովը Մոսկվայում առանձնատուն կառուցելիս մայրը բացակայում էր: Երբ մայրը գալիս է, տեսնում, ասում է. «Մինչև հիմա միայն ես գիտեի, որ դու հիմար ես, հիմա դրա մասին գիտի ամբողջ Մոսկվան»: 

Հիմա այս դեպքում է. մինչև հիմա, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում, գիտեր միայն երևի ամենամոտիկ շրջապատը, հիմա դրա մասին գիտեն բոլորը: 

Բոլոր նրանք, ովքեր փորձում են փաստերը դնել կողք կողքի, մարդու կենսագրությունը նայել՝ ով է, ինչ է, ինչից ելնելով է այդպես խոսում, ինչ հեռահար նպատակներ ունի և այլն, կարծում եմ, շատ սթափ դատում են և եզրակացություններ են անում:

Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են պարզապես այդ ելույթը դարձնել դրոշ կամ այս, կամ այն կողմից, նրանք, իհարկե, որևէ ցանկություն չունեն օբյեկտիվ գնահատական տալու այս ամենին: Եվ պետք է պարզապես մի բանի հետ համաձայնել, որ չի լինում ոչ իդեալական, ոչ սատանայական իշխանություն, ինչպես չեն լինում այդպիսի մարդիկ:

Յուրաքանչյուր մարդու գործունեության մեջ կլինեն և՛ բազմաթիվ թերություններ, և՛ բազմաթիվ ձեռքբերումներ: Երբ փորձում են միայն մեկ գույնով ներկել ինչ-որ մարդու, ինչ-որ քաղաքական ուժի կամ ինչ-որ իրավիճակ, այստեղ միշտ օբյեկտիվությունը բացակայում է: 

Պարզապես պետք է սթափ գնահատել և տալ սթափ գնահատական: Ես կարծում եմ, որ մի քիչ չափից ավելի է աղմուկը այդ անձնավորության շուրջը: Իրականում նա այդքան արժանիքներ չունի այդ բեռը տանելու: Նա չի վաստակել այդ իրավունքը: Իրավունքը չեն վաստակում փողով, իրավունքը վաստակում են կենսագրությամբ: 

Մանե Հարությունյան

Medialab.am