Որոշ խմբավորումներ նպատակ են դրել վարկաբեկել իշխանությանը և ԱԺ-ն՝ օգտագործելով երեխաներին. Գայանե Աբրահամյան

Որոշ խմբավորումներ նպատակ են դրել վարկաբեկել իշխանությանը և Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ՝ օգտագործելով երեխաներին ու Լանզարոտեի կոնվենցայի դեմ հակաքարոզչությունը։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկատվությանը, թե Երևանում երեխաներին օրգազմի մասին գրքեր են բաժանվել։

Նրա խոսքով՝ որոշակի խմբեր հենց այդ ապատեղեկատվության տարածմամբ են զբաղված։ «Մի քանի խումբ է գործում, որոնց կարճաժամկետ նպատակը իշխանությանը վարկաբեկելն է։ Նաև նպատակ կա վարկաբեկել Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ»,- «Մեդիալաբին» ասում է Գայանե Աբրահամյանը։

ՀՀ Ազգային ժողովի կողմից «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» (Լանզարոտեի) կոնվենցիայի վավերացումից հետո այս կոնվենցիայի դեմ արշավը նոր թափ է ստացել սոցիալական ցանցերում։

Գայանե Աբրահամյանն ասում է, որ ապատեղեկատվություն տարածող խմբերը, եթե այդքան մտահոգ էին կոնվենցիայով, կարող էին այս ամբողջ արշավն սկսել Սահմանադրական դատարանից, երբ այնտեղ երեք ամիս քննվում էր այս հարցը։

«Թող այդ ժամանակ սկսեին պայքարը, եթե իսկապես կոնվենցիայի խնդիրն էր։ Հենց հասավ Ազգային ժողով, միանգամից սկսեցին դեմ խոսել։ Այսինքն՝ այստեղ նաև ինստիտուտների վարկաբեկման խնդիր է դրված»,- նշում է Գայանե Աբրահամյանը։

Դավիթ Աթանեսյան օգտատերը օրերս Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութի միջոցով տեղեկացրել էր, որ իբր «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» (Оргазм для вас или вы для оргазма) վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն։ «Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել և ինչ-որ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել:

Ինչի՞ համար եմ ես սա ցույց տալիս, որովհետև այս գրքերից մեկն էլ երեկ Կոմիտասի Վրացական փողոցում բաժանել են փողոցում խաղացող երեխաներին, որից մեկը իմ 9 տարեկան որդին է»,- ասել էր Աթանեսյանը։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ օգտատիրոջ հայտնած տեղեկատվությունը կեղծ է։

«Դավիթ Աթանեսյան օգտատերը «Facebook» սոցիալական ցանցում տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկացրել է Նելլի Դուրյանը։

Պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է, որ հենց սկզբում, երբ այդ տեղեկատվությունը տարածվեց, ինքը կասկածներ ուներ, որ տվյալ անձը կեղծում է։

«Ես մտածում էի, որ ինչ-որ խմբավորումներ, որոնք տարածում են այդ անհեթեթ, անհասկանալի ու կոնվենցիայի հետ որևէ կապ չունեցող ձեռնարկները, գուցե նման արշավ են սկսել։

Հնարավոր բոլոր քայլերին դիմելու են, անգամ մեր երեխաներին այդ պահին գուցե իսկապես վնասեն, բայց դիմելու են բոլոր քայլերին, որպեսզի իրենց ստերը որևէ կերպ արդարացնեն։ Բայց չի հաջողվելու, որովհետև ի վերջո մի քանի տարի հետո ակնհայտ է դառնալու, որ այդ սուտ տեղեկատվությունը որևէ կերպ մեր դպրոցներ չի մտնելու։

Այն սուտ ձեռնարկները, որոնք իրենք տարածում են այսօր, մեր դպրոցներ չեն մտնելու։ Ի վերջո այդ սուտը բացահայտվելու է։ Պարզապես կարճաժամկետ շրջանում դրված է նպատակ՝ վարկաբեկել իշխանությանը»,- ասում է Գայանե Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ միաժամանակ չի բացառվում, որ նաև որոշ խմբեր նպատակ են դրել, որ հանկարծ չխստացվեն մանկապղծության դեմ քրեական պատիժները։ Գուցե պայքարում են, որ այլ պատիժներ չներառվեն Քրեական օրենսգրքում, որովհետև որոշ խմբեր գուցե ունեն պոռնոբիզնեսներ։

«Այսինքն՝ նպատակները շատ տարբեր կարող են լինել։ Կարճաժամկետ նպատակը՝ իշխանության վարկաբեկում, իսկ երկարաժամկետ նպատակը կասեցնել նաև այդ հացագործությունների բացահայտման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունն ու տվյալների փոխանակումը։ Այս պոռնոբիզնեսների բացահայտման առումով միջազգային բացահայտումը կարևոր դերակատարում ունի»,- ասում է նա։

Իրավապահ մարմինները, ըստ Գայանե Աբրահամյանի, այս ապատեղեկատվության դեմ պայքարելու համար անելիք ունեն։

«Իրավապահները պետք է հնարավորինս հետևեն, որ նման խմբերը համարձակություն անգամ չունենան մոտենալու մեր երեխաներին։

Այդ մասին ես նաև խոսել եմ և՛ Նելլի Դուրյանի, և՛ ոստիկանապետի հետ։ Դա իսկապես շատ կարևոր է, որովհետև մեր երեխաներին վնասելու գնով հասնելու են ինչ-որ բաների։

Սա պետք է բացառենք։ Եվ հույս ունենանք, որ իսկապես ոստիկանությունն այս դեպքում իր բոլոր օղակներում կգտնվի բարձրության վրա»,- հավելում է Գայանե Աբրահամյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am