Նիկոլ Փաշինյան․ Ռոմանտիկը

Մհեր Արշակյան

Փաշինյանը կոպիտ է սխալվում՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Արդեն իսկ Հայաստանում ոչ մեկը չի կասկածում, որ ինքը լեգիտիմ ղեկավար չէ, որովհետև նախապատերազմյան Հայաստանի ժողովուրդն ու հետպատերազմյան Հայաստանի ժողովուրդը նույնը չէ։ 

Նախապատերազմյանը հավատում էր Փաշինյանին, հավատում էր նույնիսկ պատերազմի ժամանակ, հետպատերազմյանը չունի այդ հավատը։ Փաշինյանը պետք է առնվազն քննության դնի իր հանդեպ հավատը։ Եվ հենց այս պատճառով վտանգավոր է «Իմ քայլի» հայտարարությունը, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ 

Կա։ Բայց դուք չգիտեք։ 

Սարսափելին այն է, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ մահափորձ է պատրաստում Քոչարյանի կամ նախկինների ուրվականով։ Վաղը գործընթացները կարող են դուրս գալ վերահսկողությունից սոսկ այն պատճառով, որ այսօր որոշակիություն չկա։ 

Ինչ-որ մեկի խելքին կբրթի գնալ «միայնակ ռոմանտիկության»՝ սպանել Նիկոլ Փաշինյանին այն հիմնավորմամբ, որ նա սպանում է Հայրենիքի դավաճանին, որն այլևս լեգիտիմություն չուներ։ Վարչապետն ավելի հեռու է գնում՝ ինքն է դառնում Նաիրի Հունանյանի մասին Ռոբերտ Քոչարյանի արած այդ արտահայտության հերոսը՝ միայնակ ռոմանտիկը։ 

Փաշինյանը պիտի գնա ընտրությունների հենց այս մահափորձը կանխելու համար: Որովհետև դրանից հետո գուցե նա կրկին վերցնում է ձայների պարզ մեծամասնությունը ու բոլորի համար պարզ է, որ այդ մարդու ոչ լեգիտիմությունը փուչիկ է, նա վայելում է «հասարակության լայն շերտերի» վստահությունը։ 

Ինքը պետք է միանշանակ գնա ընտրությունների, նույնիսկ, եթե 3 միլիոն մարդ, Քոչարյանն էլ նրան նվեր, հակառակն է պնդում: 

Որովհետև առնվազն 4 հազար զոհի մայր իրենց որդիների գլուխն ուտելու մանդատ չեն տվել Փաշինյանին: Ավելին, եթե կուզեք, Փաշինյանը պետք է ոչ թե հրաժարական տա, այլ մոռանա իշխանության վերադառնալու մասին, որովհետև ընտրություններն այս պետության միակ հենարանն էին արցախյան խայտառակությունից հետո: 

Ընտրությունները պետությունը կմտցնեին պետական կառավարման գծերի վրա։ Եվ ես պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի փայփայած «հակահերոսն» է իշխանությունը չկորցնելու համար: 2020-ի նոյեմբերի 9-ի Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 8-ի Փաշինյանը չէ: 

Բոլոր զոհերը մեզ կերակրել են այն հույսով, որ այս պետության առաջնորդը պատերազմից առաջ և պատերազմի օրերին գիտեր, թե ինչ է անում: Իսկ հիմա պարզվում է, որ նա միայն գիտի, թե ինչ է ուզում ինքը, միայն ինքը: 

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա: Ու ես ինձ չեմ հակասում՝ ասելով, որ ավելի լավ կլիներ, որ նա գնար արտահերթ ընտրությունների, քանզի անվերադարձ հեռացողն ի՞նչ գործ ունի ընտրությունների և հետագայում պաշտոն ստանձնելու հետ: 

Գուցե ընտրություններում Հայաստանի ժողովուրդն իր քվեն տալու էր Արցախյան պատերազմի հիմնական մեղավորին, որի մեղքը դեռ ոչ մի դատարան չի ապացուցել: Բայց մինչ այդ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև նա վտանգել է Հայաստանի ինքնիշխանությունը, նա պիտի հեռանա, որովհետև բառի բուն իմաստով բզբզացել է մեղվի փեթակը: 

Նիկոլի ուզածն ի՞նչ էր՝ որ իշխանության կորստի ամեն փաստարկին դեմ տա Ռոբերտ Քոչարյանին որպես մսաղացի: Իհարկե, Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը պակաս չեն վրիպել՝ արտահերթ չուզելով, որովհետև առաջինը հեղաշրջման հույս ունի, երկրորդը՝ եղածը չկորցնելու։ 

Բայց հենց ի հեճուկս նրանց ոչ քաղաքական կեցվածքի պետք էր գնալ ընտրությունների։ Պետությունը պետք է շնչի քաղաքական կանխատեսելիությամբ։ Արտահերթ ընտրությունները բացառելով՝ Փաշինյանը մեծացնում է անորոշությունը։ 

Ինչ-որ մեկը Նիկոլ Փաշինյանին խաբել է՝ ասելով, որ ժողովուրդն արտահերթ ընտրությունների պահանջով փողոց դուրս չի գալիս։ Բայց մարդիկ հրապարակ չեն գնացել հենց էդ հույսով, որ դու ընտրությունների կգնաս, ու երկիրը ցնցումներ չի ունենա։ 

Եվ հետո, դո՛ւ՝ վարչապե՛տդ, ինչո՞ւ նոյեմբերի 9-ին հրաժարական չտվեցիր։ Որովհետև հույս ունեիր, որ իշխանությունից չհեռանալը կարող ես պատճառաբանել արտահերթ ընտրություններով՝ կլինեն դրանք, ըստ դրանց արդյունքների կհեռանամ կամ կմնամ։ Իսկ հիմա դու էս գլխից որոշում ես, որ դրանք փաստորեն եղել են, ու դու մնում ես։ 

Չափազանց պետական մտածողություն է, որը սովորական հայ մարդու ողջամտությունն է կասկածի տակ դնում, խոսք չկա։ 

Բայց կա նաև այսպիսի մի բան՝ անկախ նրանից՝ այս պատերազմի արդյունքներում Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, նա պիտի հրաժարական ներկայացներ, որովհետև նրա մնալը անկառավարելի է դարձնելու հենց իշխանությանը, «գրաբարում» դրան ասում են «հաբռգել»՝ հա՛մ պարտվեցինք, հա՛մ մնացինք։ 

Եթե մնում ես, նշանակում է գնում ես դիկտատուրայի, որովհետև այս անորոշությունն առանց ընտրությունների ուրիշ ոչ մի կերպ չես կարողանալու կառավարել։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am