«3 ամիս է՝ հարազատներիս, ծնողներիս չեմ տեսել, րոպե առաջ ուզում են, որ ես լքեմ այս տեղը, բայց հնարավոր չէ»․ թոքաբանը՝ կորոնավիրուսի դեմ առաջնագծում

«3 ամիս է՝ հարազատներիս չեմ տեսել, ծնողներիս չեմ տեսել, նրանք րոպե առաջ ուզում են, որ ես լքեմ այս տեղը, բայց հնարավոր չէ այդպես ուղղակի թողնել, որովհետև բուժանձնակազմի կարիք կա:

Մարդիկ ունեն մեր կարիքը, եթե բոլորը այդպես մտածեն, ստացվելու է՝ այդ մարդիկ մնալու են բախտի քմահաճույքին»,- ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր՝ կորոնավիրուսով պայմանավորված վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնում ներգրավված բժիշկ Ռուբեն Ստեփանյանը։

Ստեփանյանը անձամբ է դիմել բժշկական հաստատություն՝ մարդկանց իր մասնագիտական օգնությունը ցույց տալու համար։

«Կամավոր սկզբունքով եմ եկել, բայց կամավորներին վարձատրում են։ Առողջապահության նախարարություն ուղարկել էի նամակ, մի քանի անգամ զանգեցին՝ բայց ոչ հիվանդանոցներում աշխատելու, նախարարության տեղեկատվական դաշտում աշխատելու, հյուրանոցներում, բայց ուզում էի հենց հիվանդների հետ աշխատել։ Ես իմացա, որ տեղ կա, ու մարդիկ կային, որոնք իմացել էին, ճշտեցին, ես եկա»։

Վարակակիրների հետ անձամբ աշխատելու և վարակվելու վտանգի մասին գիտակցումը Ռուբեն Ստեփանյանին հետ չի պահել իր որոշումից։

«Վստահ եմ, որ վարակվելու իմ հերթն էլ է գալու: Պիտի որ թեթև տանեմ։ Եթե բոլորը վախենան վարակվելուց, հիվանդներին օգնություն ցույց տվող չի լինի»,- նշում է նա։

Ասում է, որ հիվանդանոցն ամբողջությամբ ծանրաբեռնված է, կան նաև բժիշկների շրջանում վարակի շատ դեպքեր, ինչը կրկնակի բարդացրել է աշխատանքը՝ հիվանդներին օգնություն ցույց տալու համար։

«Ծանրաբեռնված է ամբողջ բուժանձնակազմը, քանի որ հիմա բուժանձնակազմի մեջ վարակվածություն կա, վարակվել են շատերը, լինում է ժամանակ, որ անձի պակաս է լինում։ Եվ որոշ մարդիկ 18-20 ժամ լինում են այս հագուստով։ Իջնում ենք, մի քանի ժամ հանգստանում ու բարձրանում, նորից շարունակում աշխատել»,- նշում է բժիշկը։

Վերակենդանացման բաժանմունքում հիվանդները շատ են, ինչպես բժիշկն է նշում՝ երբ տեղ է ազատվում, միանգամից այդ տեղը մեկ ուրիշին է հատկացվում․ «Վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդներն են, նրանց մի մասը չի կարող իրեն ինքնուրույն սպասարկել, օգնություն է պետք, մի խոսքով՝ տխուր վիճակ է, իսկ դրական դինամիկա, միջին ծանրություն ունեցող հիվանդներին տեղափոխում ենք թերապևտիկ բաժանմունք՝ այնտեղ բուժումը շարունակելու»:

Ստեփանյանը նշում է, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքում հիմնականում տարեց մարդիկ են․ «70 տարեկան ու բարձր, բայց կան երիտասարդներ, որոնք ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, հիմնականում՝ շաքարային դիաբետ»։

Բժշկի խոսքով՝ հիվանդության ծանր ընթացք հիմնականում ունենում են շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, քրոնիկական թոքային պաթոլոգիաներ՝ քրոնիկական բրոնխիտ, թոքի քաղցկեղ և այլն ունեցող մարդիկ:

Ընդգծում է, որ օրվա ընթացքում ստուգվում է հիվանդների արյան հագեցվածությունը թթվածնով, որովհետև, ինչպես փորձն է ցույց տվել, նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք շնչառության խնդիր չունեն, սատուրացիան սկսում է ընկնել։

«Այս վիրուսի հետ կապված չափվում է բոլորի սատուրացիան։ Օրվա ընթացքում 2-3 անգամ մոնիթորինգ է արվում։ Առողջ մարդու մոտ 93% բարձր է լինում, երբ սկսում է նվազել, մարդու մոտ շնչահեղձություն է առաջանում, 80-ից ցածրի դեպքում, եթե հիվանդը ունի նաև ուրիշ քրոնիկական հիվանդություններ, ռեանիմացիա ուղարկելու ցուցում է»,- ասում է Ռուբեն Ստեփանյանը։

Այս դժվարին գործում, կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես Ստեփանյանն է նշում, մեծ է բժշկական համալսարանի օրդինատորների դերը, որոնք ամբողջությամբ ներգրավված են այս գործընթացում և մեծ ծանրաբեռնվածություն ունեն։

Ինչ վերաբերում է պաշտպանիչ հագուստներին, որ աշխատանքի ընթացքում կրում են բժիշկները, ինչպես Ստեփանյանն է նշում, բավական անհարմար են, սակայն առանց դրա հնարավոր չէ։ 24 ժամվա համար նրանց տրամադրվում է 3 հագուստ։

«Մի քանի տեսակի հագուստներ կան. կան, որ քիչ ջրամեկուսացված է, դրանով հարմար էր, բայց շուտ վերջացավ, օգնություն էր հավանաբար, ավելի պլաստիկը ավելի քիչ էր, քիչ էր քրտնեցնում: Այն, ինչ հիմա օգտագործվում է, ավելի շատ է պլաստիկ, ամբողջությամբ քրտնեցնում է, կա տեսակ, որ ձեռնոցը հանելիս քրտինքը կաթում է ձեռքերի վրայով, ու զգում ես՝ ոնց է քրտինքը ամբողջ մարմնով հոսում։ Դա հանելիս տակի արտահագուստը ամբողջությամբ ջուր է լինում։ Կարող է լինի այնպես, որ 20 ժամ վերևում լինենք ու հանգստանանք ընդամենը 4 ժամ, 6 ժամ։ Կա կեղտոտ զոնա ու մաքուր զոնա, սահմանագծին փոխվում ենք, ամբողջությամբ ախտահանվում, դուրս գալիս մաքուր զոնա, մտնում հանգստի սենյակ, մի փոքր հանգստանում, սնվում, մեկ-երկու ժամ մնում ու բարձրանում վերև»,- նշում է նա։ 

Բժիշկը ցավով է ընդգծում, որ մարդկանց կողմից կանոնների չպահպանման հետևանքով լինելու է վարակվածության թվի աճ․ «Մենք ունեինք պիկ, հետո հույսը դրվեց մարդկանց գիտակցության վրա, բայց դա ապարդյուն էր, իզուր, ունենալու ենք վարակվածության թվի աճ, թե երբ կհաղթահարենք՝ հնարավոր չի ասել»,- ասում է Ստեփանյանը։

Այդուհանդերձ, հորդորում է տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում, քիչ շփում ունենալ այն մարդկանց հետ, որոնք հիվանդ են խնամել։
«Պետք է հնարավորինս հետևել կանոններին, վարակը ամեն տեղ է։ Հնարավոր չի ասել, որ գտնվում եմ այստեղ, վարակ չկա»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am