«Այդ քաղաքական ուժերի գռփելու աղբյուրները փակվել են, ո՞նց կարելի է առանց գռփելու ապրել, բայց, ի վերջո կհաղթի ժողովուրդը». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

– Պարո՛ն Ծատուրյան, համավարակի հետևանքով մշակութային կյանքը կանգնած է։ Ի՞նչ վիճակում է թատրոնն այսօր, ի՞նչ սպասումներ կան ոլորտի մասնագետների մոտ։

– Միայն թատրոնը չէ, ամեն ինչն է կանգնած։ Այնպես որ, չեմ ուզում առանձնացնել միայն մշակույթի ոլորտը։ Գործարանները կանգնած են, թանգարանները կանգնած են, ամեն ինչն է կանգնել։ 

Կան թատրոններ, որոնք փոքր կազմով այս օրերին փորձեր են անում, որովհետև չի կարելի լրիվ կանգնեցնել։ Այս կորոնավիրուսը կես տարի է՝ կա, ասում են՝ դեռ մեկ տարի էլ կշարունակվի։ 

Դրանից հետո դերասաններին նորից պետք է սովորեցնեն, թե ինչ է դերասանությունը, երգչին սովորեցնեն՝ ինչ է երգելը։ Դրա համար էլ կան թատրոններ, որոնք փոքր կազմով, անվտանգության կանոնները պահպանելով՝ փորձեր անում են։ 

Բարդ է, ես էլ պետք է Համազգային թատրոնում ներկայացում սկսեի, բայց ձգձգվեց։ Չգիտենք՝ ինչ է լինելու, որոշ աղբյուրներից տեղեկություններ ենք ստանում, որ այս ամենը տևելու է ամենաքիչը մինչև հաջորդ տարվա ապրիլ։ Մարդիկ էլ կան, որ ասում են՝ սրա ժամկետը երկու տարի է։ Այսինքն՝ շատ տխուր վիճակ է։

Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ֆինանսական վիճակի վրա այս իրավիճակը շա՞տ վատ է անդրադարձել։

– Ես չեմ կարող բոլոր թատրոնների մասին խոսել, բայց Գյումրիի թատրոնը պետությունը պահում է, չգիտեմ՝ ինչքան կտևի։ Այս իրավիճակը, իհարկե, երկրի բյուջեի վրա շատ է ազդում, երկիրը էլի կաղքատանա, քանի որ չաշխատելով հանդերձ աշխատավարձ ենք ստանում։ Համենայնդեպս, այս վիճակում պետությունը մարդկանց չի կանգնեցնում փաստի առաջ, աշխատում է ինչ-որ կերպ օգնել։

Ինչ վերաբերում է թատրոնի և կինոյի ինստիտուտին, ավարտվեցին ընդունելության քննությունները։ Երեք փուլ էր մեզ մոտ ընդունված, բայց մեկ փուլով անցկացրեցինք դերասաններին։ Դերասանական բաժին ընդունվողներին կանչում էինք, մենք էլ հեռավորության վրա նստած՝ դիմակներով, իրենց ասում էինք՝ դիմակդ հանիր, որ տեսնենք դեմքիդ արտահայտությունը։ 

Հետո ռեկտորի հետ խոսեցինք, ասացինք՝ կան առարկաներ, որոնց քննությունը հնարավոր չէ օնլայն անցկացնել։ Եթե դա լինի ֆիզիկա, մաթեմատիկա, կարելի է օնլայն անցկացնել, բայց դերասանությունը պահանջում է շփում՝ պարել, երգել։ 

Ռեկտորն ասաց, որ կդիմի նախարարություն, որովհետև օնլայն հնարավոր չէ դերասանություն անել։

– Ամեն ի՞նչ է փոխվել կյանքում։

– Այո՛, բա ինչ, հիմա օնլայնն է գերիշխողը։

– Մարդիկ էլ կարծես հարմարվո՞ւմ են նոր կանոններին։

– Այո՛, բայց օնլայնով հնարավոր չէ ամեն ինչ անել։ Նախկինում չկային հեռուստատեսություն, համացանց, մարդիկ գնում էին թատրոն, կինո, շփվում էին, հիմա արդեն ամեն ինչ փոխվում է։ 

Կինոթատրոններն էլ են փակվում, որովհետև ամեն ինչ օնլայն է։ Ներկայացումներ են նկարվում, ցուցադրվում օնլայն, բայց, դե, ներկայացումը կենդանի պետք է նայել։ 

– Այս պայմաններում շատ է խոսվում, որ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, աղքատության աճ է կանխատեսվում։ Դուք ի՞նչ եք նկատում ձեր շրջապատում։

– Ամեն տեղ է նույն բանը։ Իհարկե, աղքատություն կլինի, որովհետև երկրները բոլորն իրարից առանձնացված են, շփում չկա։ Ոչ մեկից կախված չէ այս իրավիճակը, օբյեկտիվ պատճառներ կան։

– Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի մոտ, ասում են՝ հինգ ամիս չեն աշխատել, չգիտեն ինչպես ապրել։

– Մենք էլ չենք աշխատում, ոչ ոք չի աշխատում, այնպես որ, պետք չէ նրանց առանձնացնել։ Ես սարսափում եմ, որ տանը նստած սկսում եմ գիրանալ, երեկոյան դիմակով գնում եմ մի քիչ քայլելու, որ գոնե ինչ-որ կերպ կոմպենսացնեմ այս պարապուրդն ու պասիվ վիճակը։ Ի՞նչ անենք, սա է վիճակը, և այս իրավիճակը որևէ մեկից կախված չէ։

– Վարչապետն ու առողջապահության նախարարը վերջին շրջանում մարդկանց անընդհատ կոչ են անում պահպանել անվտանգության միջոցառումները՝ նշելով, որ հենց չպահպանելու հետևանքով են աճել վարակվածության թվերը։ Դուք ի՞նչ եք նկատում՝ մարդիկ հետևո՞ւմ են անվտանգության կանոններին։

– Ո՞րն էր պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո Գերմանիան կարողացավ 10 տարի հետո դառնալ հզոր պետություն, իսկ այսօր Եվրոպայի ամենահզոր երկիրն է։ 

Գերմանացին սիրում է օրենք և պահպանում է այդ օրենքները։ Մենք չգիտենք՝ ո՛նց անենք, որ օրենքը խախտենք, չընդունենք։ Դրա համար էլ առանց դիմակի են ման գալիս, մեքենա են նստում, չեն ուզում ամրագոտի կապել, դրա համար էլ աղտոտում են շրջապատը, ծխախոտի մնացորդներն ու պոլիէթիլենային տոպրակները գցում են փողոց։ Երբ արտերկրից մարդիկ են գալիս Հայաստան, ասում են՝ հա, շատ լավ երկիր է, բայց ինչո՞ւ է այսքան կեղտոտ։ 

Ամոթ չէ՞, ա՛յ մարդ, մենք հո աֆրիկյան ժողովուրդ չենք։ Ո՞նց կարելի է աղբը գետնին թափել։ Ես չեմ ամաչում փողոցում թափված աղբը հավաքել։ Թող 10 մարդ տեսնի, ասի՝ Ծատուրյանը աղբ է հավաքում, օրինակները շատ կարևոր են։

– Մարդիկ փոխվո՞ւմ են այս իրավիճակում։

– Ինչ-որ չափով փոխվում են։ Ես մեկ-մեկ իջնում եմ Վարդանյանների կառուցած այգին, տեսնում եմ, որ շատ մաքուր է, ոչ մի բան թափված չէ, աղբամաններ են դրված։ 

Իսկ երբ մարդը տեսնում է, որ մաքուր է, ձեռքը չի գնում աղբ գցել։ Աղբը փողոցում չթափելու հարցում ինձ համար օրինակ ծառայեց մի հրաշք անձնավորություն՝ Սոս Սարգսյանը։ 

Երբ նա ինստիտուտի ռեկտորն էր, ինչ-որ պրոբլեմ էր առաջացել, ես դրսում նրա հետ վրդովված խոսում էի։ Հետո չնկատեցի, սիգարետը գցեցի գետնին, ոտքով տրորեցի։ Սոսն ասաց՝ մի րոպե, ոտքդ այն կողմ տար։ 

Նա կռացավ ու վերցրեց սիգարետի մնացորդը, տարավ գցեց աղբարկղը։ Գիտե՞ք ինչ կատարվեց ինձ հետ, դրանից հետո ես մի փոքր աղբ չեմ գցել փողոց։ Նման օրինակներով ժողովուրդը պետք է դաստիարակվի։

Իշխանությունները բավարար քայլեր իրականացնո՞ւմ են այս համավարակի պայմաներում՝ և՛ բուժօգնություն ցուցաբերելու, և՛ մարդկանց սոցիալական վիճակը մեղմելու առումով։

– Ըստ իս՝ այս իրավիճակում ինչ հնարավոր է՝ իշխանություններն անում են։ Քսան տարի քանդված երկրի գլուխ է կանգնել, և շատ մեծ ճիգեր են հարկավոր՝ այդ ամենը կարգավորելու համար։ Ժողովուրդը շատ է շտապում, երկու տարին ի՞նչ է։ Սրան մի 20 տարի է պետք։ Չլինի Նիկոլը, կլինի Համազասպը կամ ուրիշը, պետք է անընդհատ հետևել ու այս երկիրը դարձնել իսկապես հզոր Հայաստան։ 

Միայն ժողովուրդը չի շտապեցնում, կողքից էլ այլ քաղաքական ուժեր փորձում են ձախողումներ գտնել, քննադատում են։

– Այդ քաղաքական ուժերի գռփելու աղբյուրները փակվել են։ Ուզում են էլի գռփեն, ո՞նց կարելի է առանց գռփելու ապրել։ Բայց ես կարծում եմ, որ ի վերջո կհաղթի ժողովուրդը, որովհետև իշխանությունը տրված է ժողովրդին։ Կան բացթողումներ ու թերություններ, բայց հույս ունեմ, որ Հայաստանը գնալով իսկապես կդառնա հզոր երկիր:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am