«Նա, ով փորձում է այս հաղթանակը որևէ մեկին վերագրել, ստորություն է անում, Հայոց բանակը քաղաքականությունից դուրս է». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

– Պարո՛ն Մովսիսյան, Տավուշում լարվածությունը, թվում էր, թե պետք է համախմբեր բոլորին, բայց մենք տեսնում ենք անգամ այս լարվածության վրա «ձեռքերը տաքացնողներ»։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Դա ես չպետք է գնահատեմ, Նժդեհը իր ժամանակին գնահատել է, ասել. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։ Եվ երբ երկրի պաշտպանության ժամանակ ինչ-որ ճղճղոցներ, ինչ-որ ոչ ադեկվատ գնահատականներ են արվում այդ թեմայով, այդ մարդիկ ինձ համար զրո են։ 

Այդ մարդկանց մասին ես ոչինչ չունեմ ասելու։ Ընդհանրապես ո՞ւմ են նրանք պետք։ Ո՛չ ազգին են պետք, ո՛չ մարդկությանը։ Թող գնան Անտարկտիդայում պինգվինների հետ ապրեն, բայց Հայաստանի համար նրանք հարմար տեղում չեն։ 

Այս պահին ամեն քաղաքականությունից այն կողմ երկիրս է կարևոր։ Եթե այդ զգացողությունը չկա, ուրեմն վատ է։ Այդ մարդիկ իսկապես հինգերորդ շարասյուն են Հայաստանում, ավելին, նրանք Հայաստանի համար պոտենցյալ վտանգ են։

Մեր խմբի տղաներից մեկը, որ նախկին զինվորական է և հիմա ապրում է Միացյալ Նահանգներում, մի լավ բան ասաց. «Այն, որ հիմա զինվորս կուշտ է, ինձ բավականին բան է հուշում, որ բանակն ավելի պատրաստված է կանգնած»։ 

Այսինքն՝ կուշտ լինելը փոխաբերական իմաստով պիտի փոխանցենք, որ, իհարկե, երկրում կարևոր փոփոխություններ են եղել։ Այն, որ սպառազինության տեսանկյունից առաջխաղացում կա, ինչու, որովհետև այդ գումարները սկսել են ոչ թե մսխվել, այլ նպատակային ծառայել։ 

Այս տեսանկյունից ես միայն կարող եմ ասել, որ էլի շատ գովելի է, որ մենք ունեցանք իշխանական այն փոփոխությունը, որը մեր բանակի մարտունակությունը ավելի բարձրացրեց։ 

Իհարկե դեռ շատ անելիքներ կան, բանակը հսկայական կառույց է՝ և ծախսատար, և երկիրը բավականին տնտեսական հարցեր ունի, բայց ամբողջ հայ ժողովուրդը գիտակցում է, որ այսօր իր անվտանգության ապահովման միակ երաշխավորը հայոց բանակի մարտունակ և պատրաստ լինելն է։

– Հետագա քայլերն ինչպե՞ս եք տեսնում։ Պե՞տք է պարտադրենք խաղաղություն։

– Ես մի բան գիտեմ, որ երբ դու ողորմաս խաղաղություն, քեզ կողորման, կբաշխեն: Մենք պետք է հաշվի առնենք, որ առաջիկա 50-100 տարիներին ունենալու ենք այն հարևանները, որոնց ունենք։ 

Հարևանների հետ ուշ թե շուտ պետք է լեզու գտնենք։ Հիմա թե ո՛րը կլինի դրա ճանապարհը՝ դժվարանում եմ ասել, իհարկե բանակցային ճանապարհը գերադասելի է, բայց միշտ պիտի հաշվի առնել՝ որքան Հայաստան երկիրը հզորանա, այնքան մեր արած քայլերն ավելի կուռ և երկաթյա կլինեն։ 

Խրիմյան Հայրիկի ասած՝ մեզ թղթից շերեփ պետք չէ, մեզ պետք է իսկապես շերեփ, որով կարողանանք ամուր լինելով՝ մեզ հասանելիք բաժինը վստահորեն վերցնենք։ Երկիրդ հզոր է, բանակդ հզոր է՝ ուրեմն քո կամքն ավելի հզոր է, թույլ երկիրը կունենա թույլ բանակցային դիրքեր և կունենա զիջումների անվերջանալի մի շարք, որը կդառնա պատմություն։ Միայն Հայաստանի շենացումը մեզ հզոր և ամուր դիրքերի կբերի։

Ընդդիմադիր և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ այս օրերին սահմանին արձանագրված հաջողությունների պարագայում փորձում են տարանջատել զինվորականությանը և քաղաքական իշխանություններին: Մասնավորապես, հիշատակում են, որ, օրինակ՝ Խաչատուրովի որդին նախկին իշխանությունների ժամանակներից է, և հաղթանակը իրենց են վերագրում: Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը: 

– Նա, ով փորձում է այս հաղթանակը որևէ մեկին վերագրել, դարձյալ ստորություն է անում։ Կա մի բան. սա հայոց բանակի հաղթանակն է և որևէ քաղաքական ուժի հաղթանակը չէ, իսկ հայոց բանակն ինձ համար քաղաքականությունից դուրս է ընդհանրապես։ 

Հայոց բանակը երկրի շահն է, երկրի ամրությունն ու ապահովությունը։ Եվ ուրեմն այստեղ որևէ քաղաքական հաղթաթուղթ նետել, որ սրա կամ նրա շնորհիվ է, ապիկարություն է: 

Հայոց բանակը քաղաքականությունից դուրս է, այն որևէ քաղաքական շահ չի պաշտպանում, երկրի շահն է պաշտպանում, մնացած շահարկումները ցանկացած կողմից համարում եմ անտեղի և վնասակար։

Մանե Հարությունյան 

MediaLab.am