«Նույնիսկ փորձեր չարվեն համեմատություններ անելու Հայաստանի և Բելառուսի իրադարձությունների միջև». «Իմ քայլի» պատգամավորը վերադարձել է Մինսկից

Լուսանկարը՝ CIVILNET

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, որը մեկնել էր Բելառուս դիտորդական առաքելությամբ։

– Պարոն Սանդիկով, դուք նոր եք վերադարձել Բելառուսից, որտեղ պատմական օրեր են: Ինչպես է ժողովրդի տրամադրությունը՝ հաշվի առնելով, որ այնտեղ ինտերնետն արգելափակված է, և շատ քիչ տեղեկություն է մեզ հասնում:

– Տրամադրությունը Բելառուսում ես կկիսեմ երկու մասի. մեկը բուն ընտրությունների օրն էր, երբ ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակության շրջանակներում, կարող եմ ասել, որ միջավայրն ընդհանուր առմամբ տոնական էր ընտրությունների կազմակերպման, ժողովրդի մասնակցության ու ակտիվության առումով: 

Կարելի էր ասել, որ օրենքներին համապատասխան ընտրությունների կազմակերպման առումով ամեն ինչ հարթ էր գնում: Բայց երեկոյան ընդդիմադիր ուժերի կողմից լարվածության կտրուկ աճ նկատվեց, որին զուգահեռ ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ նկատվեցին, և արդեն գիշերը բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ցուցարարների միջև: 

Դա տեղի էր ունենում մեր հյուրանոցից մոտ 2-3 փողոց այն կողմ, այսինքն՝ մեզ լսելի էին լուսաձայնային հատուկ միջոցների ձայները, որոնք օգտագործվում են ցուցարարներին ցրելու համար: 

Նաև պատուհանից նկատում էինք ոստիկանական մեծ կուտակումներ, բայց բուն ընդհարումներին ականատես չենք եղել, քանի որ դրանք տեղի էին ունենում մեզնից մի փոքր հեռու: Հանուն արդարության պետք է նշեմ, որ գիշերը ժամը 2-ին արդեն ամեն ինչ խաղաղ էր, իսկ առավոտյան ժամը 6-ից քաղաքն ապրում էր իր բնականոն կյանքով, նկատի ունեմ հանրային տրանսպորտը, մեքենաների տեղաշարժը: 

Հաջորդ օրը ցերեկը մենք արդեն ազատ շրջում էինք, հանդիպումներ ունեինք դեսպանությունում, բացարձակ որևէ կուտակում չկար: 

Երեկոյան մեր թռիչքը 22.30-ի սահմաններում էր, բայց արդեն տեղեկություններ ունենալով, որ նախատեսվում են մեծ ցույցեր, հնարավոր է փողոցների արգելափակումներ լինեն, մեզ հորդորեցին մի փոքր ավելի շուտ մեկնել օդանավակայան: 

Ես գիտեմ, որ նախորդ գիշեր բախումներն ավելի շատ են եղել և անգամ զոհերի մասին է նշվել: Իսկ այսօր արդեն Բելառուսի որոշ գործարաններում գործադուլներ են կազմակերպվել: 

– Բելառուսի հասարակությունը հիասթափվա՞ծ ու հուսահատվա՞ծ էր:

– Չէի ասի, թե հուսահատված էր: Ընդհանուր առմամբ, չի կարելի ասել, թե ըմբոստացող, ընդդիմադիր մարդկանց թիվը քիչ էր, բայց դրա հետ մեկտեղ, առնվազն գոնե մեր դիտորդական առաքելության ներկայացուցիչներս տեսել ենք ժողովրդի ճնշող մեծամասնություն, որը գալիս ու քվեարկում էր: 

Իրենց կենցաղային մակարդակով խոսքից հասկացվում էր, որ իրենք եկել են իրենց քվեն տալու կայունությանն ու այն կյանքի շարունակականությանը, որով իրենք ապրում են: Հանուն արդարության պետք է նշեմ, որ սխալ է համեմատություններ անցկացնել Հայաստանի հեղափոխության հետ, որովհետև այնտեղ սոցիալական բոլոր ծառայությունները, ընդհանուր կյանքը կազմակերպված են այնպես, որ ժողովրդի համար ապահովված է հավասար, նվազագույնից բարձր կենսամակարդակ: 

Նկատի ունեմ թե դպրոցները, թե մանկապարտեզները, թե ընդհանուր ենթակառուցվածքները: Այսինքն՝ ժողովրդի համար նվազագույն պայմաններն այնքան բարձր մակարդակով են ապահովված, որ այնտեղ սոցիալական ճեղքվածության և դրանից բխող հեղափոխական տրամադրությունների մասին խոսելը սխալ է:

– Ամեն դեպքում չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը մի փոքր շտապեց շնորհավորելու Լուկաշենկոյին:

– Նույնիսկ մենք՝ միջազգային պատվիրակության կազմում լինելով հանդերձ, չտեսնելով Ընտրական օրենսգրքի որևէ խախտում, արդյոք իրավունք ունեի՞նք չստորագրելու եզրակացությունն առ այն, որ ընտրություններն անցել են ազատ ու թափանցիկ: 

Իսկ ինչո՞վ պետք է առաջնորդվեր մեր երկրի ղեկավարը կամ որևէ այլ երկրի ղեկավար, որ չշնորհավորեր ընտրությունները, որոնք դիտորդական առաքելությունները ճանաչեցին որպես կայացած: Իհարկե պետք է շնորհավորեր և շնորհավորեց: Դրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա: 

– Բելառուսի հասարակությունը, հատկապես այն մեծ հատվածը, որ դուրս է եկել փողոց, համենայնդեպս, կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները:

– Իրականում, ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկել է, եթե չեմ սխալվում՝ մոտ կես միլիոն ընտրող: Դա քիչ չէ, և միանշանակ այդ մարդկանց ձայնը պետք է լսելի լինի: 

Այստեղ այլ խնդիր է, թե ինչ պահանջ են նրանք ձևակերպում: Եթե պահանջ է դրվում ընտրությունների չեղարկման կամ այլ նախագահի հայտարարման, ապա այստեղ գործընթացը միանշանակ մտնում է փակուղի: 

Այլ բան է, որ ընդդիմադիր ուժերը հիմա պետք է ներկայացնեն հստակ պահանջներ, թե ինչ է իրենց ուզածը, որովհետև իսկապես ոչ ոք չի ձևակերպում հստակ պահանջ: 

Օրինակ՝ ասենք պահանջ դրվի վերացնել համակարգային կոռուպցիան, որը Բելառուսում բացակայում է, որ վերակառուցվեն ինչ-որ ենթակառուցվածքային ոլորտներ, որոնք իրականում կատարյալ վիճակում են: 

Կամ՝ պահանջեն արդյունաբերության մեջ փոփոխություններ, որն իսկապես աշխատում է, հարկային մեխանիզմների փոփոխություններ և այլն: 

Այսինքն՝ կոնկրետ ոլորտային դժգոհությունների մասին խոսք չկա, խոսքն ընդամենը գործող ռեժիմը մերժելու և անորոշության մեջ մտնելու մասին է: Մենք դա տեսել ենք նաև Ուկրաինայում, տեսել ենք շատ երկրներում, որը ոչ մի լավ բանի չի բերել: 

– Մենք տեսել ենք նաև Սվետլանա Տիխանովսկայայի վերջին տեսաուղերձները, որտեղ նա հուզված վիճակում է: Նշվում է, որ նա առանձնազրույց է ունեցել անվտանգության ծառայության երկու աշխատակիցների հետ և արդեն կոչերով է հանդես գալիս: Արդյոք սա վախի ազդեցության տակ քայլեր ու հայտարարություննե՞ր չեն, երբ նա ընտանիքը, երեխաներին է կարևորում:

– Իրականում ես հասկանում եմ այն էմոցիոնալ ֆոնը, որում կարող է գտնվել ընդդիմադիր գործիչը, որովհետև մենք ականատես ենք լինում ոստիկանության ուժերի և ընդդիմադիրների բախումների փողոցներում: 

Փաստացի արյուն է թափվում, և զարմանալի կլիներ, որ նա հուզմունք չունենար: Իհարկե դատապարտելի է, որ քաղաքական գործընթացներում այս կամ այն կերպ խառնվում են ընտանիքի անդամները: Ես ինքս էլ եմ քաղաքական գործիչ և կտրականապես դեմ եմ նրան, որ ցանկացած քաղաքական հայացքի համար որևէ հարցում խառնեն ընտանիքի անդամներին: 

Բայց նաև կարծում եմ, որ այդ ընդհանուր ֆոնը պայմանավորված է մի կողմից քաղաքական անփորձությամբ, որովհետև համաձայնեք, որ Տիխանովսկայային մինչ այս նախընտրական արշավը ոչ ոք չգիտեր, մյուս կողմից՝ նման դեպքերի զարգացման չկանխատեսված լինելով: 

Չէի ցանկանա մեկնաբանել, թե արդյոք նա ինչ-որ շփումներ ունեցե՞լ է հատուկ ծառայությունների, ուժայինների հետ, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ նույնիսկ այլ հավասար պայմաններում այս քաղաքական գերլարված ֆոնին այդ հուզմունքը միանշանակորեն հասկանալի է: 

Որքանով ես տեղեկացա, Տիխանովսկայան արդեն լքել է Բելառուսի տարածքը, ինչը կարող է այլ զարգացումների բերել, քանի որ ընդդիմադիր ժողովուրդը, որն այսօր բողոքի ցույցեր է իրականացնում, փաստացի մնացել է առանց առաջնորդի ֆիզիկական ներկայության: 

– Ինչո՞ւ եք նշում, որ պետք չի համեմատել Բելառուսում տեղի ունեցածը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ՝ հաշվի առնելով նաև այն ռեժիմը, որ գործում է այդ երկրում:

– Երբ մենք արդեն օդանավակայանում էինք և մի քանի ժամ սպասում էինք, տեսանք, որ այնտեղի հեռուստաալիքները, որոնք բոլորը պետական են, ցույցերը լուսաբանելու ընթացքում անընդհատ նշում էին, որ ընդդիմադիրների կողմից այն հատուկ միջոցներն են կիրառվում, որոնք օգտագործվում էին Մայդանի ժամանակ: 

Այսինքն՝ Հայաստանի մասին որևէ ակնարկ չի եղել: Սա ես ասում եմ, որ այստեղ նույնիսկ փորձեր չարվեն համեմատություններ անելու Հայաստանի և Բելառուսի իրադարձությունների միջև: Բելառուսի պաշտոնական ալիքները այս զարգացումների տրամաբանությունը ուղիղ համեմատության մեջ էին դնում Մայդանում մի քանի տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Մանե Հարությունյան

MediaLab.am