Ներթուրքական ալիքը եւ հայկական հայեցակետեր ճշտելու պահը

Ներթուրքական ալիքը եւ հայկական հայեցակետեր ճշտելու պահը
Ներթուրքական ալիքը եւ հայկական հայեցակետեր ճշտելու պահը

Ներթուրքական նորագույն իրադարձությունները հանկարծակիության գործոնով մեկնաբանելը որոշակի առումով միայն իր բացատրությունը ունի: Բնապահպանական հարցերի առաջացրած այս տարողությունը ճիշտ է կտրուկ մագլցողականության եւ հանկարծակիության բնութագիրն է կրում, այսուհանդերձ պարարտ մի ենթահողի գոյության մասին է խոսում անպայման։

Դժգոհ հասարակության խճանկարը տարբաղադրելը եւ համապատկերի բաղադրամասերին ճիշտ սահմանումներ տալը թվում է, որ դժվար աշխատանք է: Բնապահպաններ, քաղաքացիական շարժման աշխույժ մասնակիցներ, երիտասարդական խմբավորումներ, ուսանողական առաջապահներ, բայց նաեւ ձախակողմյան գաղափարաբանության հավակնորդներ, ֆուտբոլասերներ, ազգայնականներ, ժողովրդավարացման համար պայքարողներ,աշխարհիկ կարգերի հետամուտներ, քեմալական ակունքներին վերադարձի պահանջ արծարծողներ եւ այդ բոլորի ետին խորքային պետության ուրվականի գոյությունը մատնացույց անողներ:

Երեւութապես այս բոլորի շարժիչ գործոնները կարելի է համարել լաչակը, ալկոհոլը, ծառերը,  հայկական նախկին գերեզմանատունը փոխարինած պարտեզի վրա զորանոց կառուցելու ծրագիրը, օդանավում սպասարկող կանանց վերաբերյալ սահմանափակումները, մզկիթների կառուցման նոր նախաձեռնությունները  եւ կրոնական հիմունքի վրա առնված որոշումները: Անկասկած այս բոլորը հասարակական դժգոհության կարեւոր պատճառներ են եւ ամենայն հավանականությամբ ընդվզման ալիքի կտրուկ բարձրացման համար նրանցից հիմնականը:

Սակայն, շարժումների նման տարողություն նվաճելը ինքնին արդեն բնույթի եւ ուղղությունների անցումների եւ տարբերությունների  տեղիք է տալիս: Այսպես, բնապահպանման խնդիրներից արագ անցումը դեպի ընկերային պահանջներ, ընկերայինից դեպի տնտեսական եւ նույնքան սուր կերպով ժողովրդավարացման պահանջները՝ հասնելու համար ցուցարարների կողմից թուրքական դրոշի հրկիզում, նախանշում են, որ պահանջների, ուղղությունների արագ անցումներ են տեղի ունենում եւ շարժման կարմիր թելի տեսանելիությունն են մշուշապատում։

Այս ամբողջում ինքնության խնդիրները կամ ավելի մասնակի՝ ազգային փոքրամասնության իրավունքների առաջադրանքների հարցերը չեն երեւում: Լուռ է նաեւ խորքային պետության հիմնական գրավականը՝ բանակը, որը մինչեւ որոշ տեղ կարող է հանգիստ հետեւել իսլամականների իշխանության դեմ ծավալող շարժման դրսեւորումներին:

Ճիշտ այստեղ է, որ հայկական հայեցակետերը ճշտելու համար, հայկական դաշտի քաղաքական մեկնաբանները ազգայնականության եւ զինվորականության գերակայության վտանգի կանխատեսումը կարող են նկատել։ Առանց մոռանալու, որ Թուրքիայի տարածքում ապրող հայ փոքրամասնության եւ հատկապես պոլսահայության քվեներն առանց անշուշտ կազմակերպվելու, ընդհանրապես բնազդային մղումներով կուղղորդվեն դեպի գործող իշխանությունները:

Ներիշխանական տարբերություններ, չասելու համար հակասություններ եւս երեւում են  այս ամբողջում, հատկապես նախագահի եւ վարչապետի ցուցաբերած դրսեւորումները նկատի ունենալով. այդ տարբերությունները նաեւ զգալի են դառնում երկու բեւեռների նկատմամբ դժգոհ հասարակության ընկալելիության առումով: Հայտնապես առաջին թիրախը վարչապետն է այս դեպքում։

Հայկական վերլուծական հայեցակետերն անպայման նկատի կունենան տեղին հայ համայնքի պաշտոնական կառույցների, դասական մամուլի (որ այս դեպքում կարեւոր է ոչ միայն իրադարձությունները լուսաբանելու, այլ նաեւ Թուրքիայից դուրս հայկական շրջանակներին ուղղակի-անուղղակի ուղերձներ փոխանցելու առումով) հրապարակումները: Ահա այստեղ գերխանդավառվելու, դիրքորոշվելու, շեփորելու  կամ հսկայական արդյունքներ միանգամայն ձեռք ձգելու համոզումներ գոյացնելու հարկադրանքներ չեն ստեղծվում։

Բայց միաժամանակ պետք է անպայման նկատել, որ մեծ հավակնություններով տարածշրջան մուտք գործած նոր օսմանականները, շրջանային ուժի վերածվելու, հարեւանների հետ բոլոր հարցերը զրոյական մակարդակի իջեցնելու եւ շրջանային տարողությամբ խաղի կանոններ թելադրելու արտաքին վարքագիծը կիրառելու դժվարությունների պիտի հանդիպեն, այս դեպքում ներքին պատճառներով: Այս համատեքստում ավելորդ չի համարվում նկատել, որ ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ Սիրիայում, միջազգային կենտրոնների իսկ վկայությամբ, արձանագրվում է կառավարական ուժերի առաջխաղացում:

Խնդիրը բոլորովին այլ հարթություն կտեղափոխվի, եթե ինքնության հողի վրա ծավալվեն ազգաբնակչության ըմբոստություններ: Երբ տարանջատումը խորանա եւ ընդհարման հասնի ազգությամբ թուրք եւ քաղաքացիությամբ թուրքերի միջեւ:

Կանխահաս է խոսել թուրքական գարնան կամ Թուրքիայի սիրիականացման մասին: Կարեւորը այն է, որ նոր օսմանականությունը ներքին պայթունավտանգ իրավիճակ է պարզում, որ առաջիկայում կարող է տեղի տալ անկանխատեսելի կացությունների առաջացմանը: Գուցե ոչ այնքան անկանխատեսելի, եթե հիշենք վերջերս ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի նախատեսությունը Թուրքիայի հավանական մասնատման վերաբերյալ` առաջիկա քսան տարվա ընթացքում:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր