«Ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն». Էդուարդ Շարմազանով

«Ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն». Էդուարդ Շարմազանով
«Ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն». Էդուարդ Շարմազանով

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին իրադարձությունների շուրջ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

-Պարոն Շարմազանով, վերջին շրջանում շատ շահարկվեց այն հարցը, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք չունեցավ աշխատանքից ազատելու և պատժելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, այլ սպասեցին, մինչև մարզպետն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

-Մարզպետն ազատման դիմում է գրել, կառավարությունն ի դեմս վարչապետի ընդունել է, և հանրապետության նախագահն էլ վավերացրել է: Եթե ՀՀԿ-ն դրան դեմ լիներ, չհարգեր այդ որոշումը, կառավարությունը չէր ընդունի մարզպետի հրաժարականը: Իսկ մնացած նմանատիպ «եթե»-ներով հարցերին լուրջ չեմ վերաբերվում:

Նորմա՞լ եք համարում, որ տարբեր տարիների Սյունիքի մարզպետի ու նրա մերձավորների անունները կապվում էին տարբեր աղմկահարույց հանցագործությունների հետ, սակայն նրանք չէին պատժվում:

-Այս դեպքի հետ կապված ամեն ինչ ասել եմ, ավելացնելու բան չունեմ, խնդիրը գնում է իրավական տիրույթում, իրավապահները կճշտեն, թե ովքեր են մեղավորները: Մեղավորները ողջ խստությամբ պետք է պատժվեն, սա է մեր մոտեցումը: Իսկ եթե քաղաքացիների մոտ կան կասկածներ, վարկածեր, ես չգիտեմ՝ փաստեր, պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին, այլ բան չկա անելու:

Կարծես երկրի ղեակավարության քաղաքականությունն է այդպիսին, որ նման իրավիճակներում համարժեք պատիժ չեն ստանում պաշտոնյաները, ամենաթողության մթնոլորտ է կարծես: Համամի՞տ եք:

-Քննադատողերն ունեն քննադատելու իրավունք, որովհետև մենք ապրում ենք ոչ թե ավտորիտար, այլ ժողովրդավար երկրում: Սա բազմակարծության տիպիկ օրինակ է: Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ անարդարություններ, այն որ մեր երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, կան անբարեխիղճ պաշտոնյաներ, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, փաստ է: Բայց այն, որ նաև մեր երկրում շատ դեպքերում քննադատությունը վեր է ածվում ոչ թե քննադատության, այլ հայհոյանքի կամ փաստազուրկ գնահատականի, դա այլ բան է: Պետք է ոսկե միջինն ընտրել: Ես այն թեզի կողմնակիցն եմ, որ այո, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է ուղղվեն, բայց պետք է լավն էլ ասել, միաժամանակ՝ վատը չքողարկել: Պետք է վատը քննադատել, արմատախիլ անել, մյուս կողմից էլ որևէ մեկն իր վրա դատավորի կամ դատախազի ֆունկցիա չպետք է ստանձնի: Մեր երկրում կա դատական իշխանություն, ոչ ես, ոչ դուք դատավորներ ու դատախազներ չենք:

Այսինքն՝ կա՞ քաղաքական կամք՝ բացառելու անբարեխիճ պաշտոնյաների պաշտոնավարումը, հարկ եղած դեպքում պատժելու նրանց:

-Կարծում եմ՝ այս հինգ տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում մամուլի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, քաղաքական մշակույթը բավականին բարձր մակարդակի վրա են: Ինչպես հին հույներն էին ասում, ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել: Եթե մենք համեմատենք խոսքի ազատության, չինովնիկների հրապարակային աշխատանքի մակարդակը 2008-ին և 2013-ին, դրանք երկու տարբեր Հայաստաններ են և հօգուտ այս Հայաստանի է:

Միաժամանակ շատ է խոսվում, որ Սուրեն Խաչատրյանը Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկն էր, ով ընտրությունների ժամանակ ձայներ էր ապահովում, և դժվար էր ազատվել այդ հենասյունից:

-Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկն է կամ ձայներ է ապահովում: Սերժ Սարգսյանի հենասյունը դա հայ ժողովուրդն է, դա մեր ազգային գաղափարախոսությունն է և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են և ոչ թե մեկ կամ երկու առանձին պաշտոնյաներ: Եվ ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, և իրավաբանները պետք է որոշեն: Մնացածը, ինչ ասում են կամ գրում են, ես դրանց արդեն լուրջ չեմ վերաբերվում:

-Բայց միայն ասելն ու գրելը չէ, կոնկրետ փաստեր կան, որ Սուրեն Խաչատրյանի ու նրա մերձավորների կողմից հանցագործություններ են կատարվել, բայց պատիժ չի եղել:

-Ես էլ ասեմ եմ՝ անկախ նրանից ում բարեկամն ես, պաշտոն ունես, թե չունես, ինչ կուսակցության ներկայացուցիչ ես, ում տղեն ես, ես չգիտեմ՝ ում եղբոր տղեն ես, ում խնամին ես, ում բարեկամն ես, ում հետ ինչ կապ ունես, եթե մեղավոր ես, պետք է պատժվես: Այսօր ամեն ինչ այնքան հրապարակային է, որ այստեղ որևէ խնդիր չկա:

Մարի Ներսեսյան

© Medialab.am