Ասում են՝ հե՛տ եկեք, տղե՛րք․ նախկին դաշնակցականը՝ Դաշնակցության «համաներման» մասին

Լուսանկարը՝ «Առավոտ»

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հայկական ընտրություն» ՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը

– Պարո՛ն Աղայան, Հ․Յ․ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն էր տարածել, որի համաձայն, կուսակցության հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ հայտարարվում է «համաներում» կուսակցությունից հեռացված կամ հրաժարված դաշնակցականների նկատմամբ։

Նաև այդ հայտարարությամբ նշվում էր, որ այդ անձինք կարող են դիմել իրենց բնակության վայրի ՀՅԴ մարմին, դարձյալ անդամակցել։ Դուք՝ որպես նախկին դաշնակցական, եթե ընդհանրապես այդպես ասվում է, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, հնարավո՞ր է վերադառնաք ՀՅԴ շարքեր։

– Ոչ մի կերպ, որովհետև կուսակցության շարքեր հետ ընդունելու հնարավորություն առանց այն էլ Դաշնակցության կանոնադրությունը տալիս է բոլորին։ Այսինքն՝ ամեն հեռացված անձ մեկ տարի հետո կարող է դիմել ու նորից ընդունվել կուսակցության շարքեր։

Այնպես որ, եթե որևէ մեկի մոտ ցանկություն լիներ, իր մեկ տարին լրանալուց հետո արդեն դիմած կլիներ։ Անձամբ ես դուրս եմ եկել, տունտունիկ հո չի՞ գնալ նորից մտնել։

– Այդ դեպքում, ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։ Մարդասիրական քա՞յլ նախկին կուսակիցների հանդեպ։

– Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ մոտիվացիայով են նման հայտարարություն տարածում, ինչ շարժառիթներով են դա արել։ Կարծում եմ՝ կոչի նման մի բան է, ասում են՝ հե՛տ եկեք, տղե՛րք։ Կոչ է, որը այս պահին ես համարում եմ, որ ինձ հասցեագրված չէ։ Նույնիսկ եթե հասցեագրված է, ինձ հետաքրքիր չէ։ 

– Երեկ այս հայտարարությանը արձագանքելով՝ ձեր ֆեյսբուքյան էջում կարծես հեգնել էիք Դաշնակցության այս կոչը։

– Չէ՛, չէի հեգնել, դա մի հին կատակ է, որը արել էինք նախկինում՝ երբ մի անգամ մի քանի հեռացված դաշնակցականներով հանդիպեցինք դեռևս չհեռացված դաշնակցականների, կատակեցինք, որ ստեղծել ենք հեռացվածների կոմիտեություն։ Դա այդ հին կատակն է, որը պարբերաբար բոլոր հեռացումների առիթով կրկնում ենք։ Լուրջ մի՛ ընդունեք։

– «Շահան Նաթալիի» կոմիտեությո՞ւնը նկատի ունեք։

– Այո՛, այո՛, Շահան Նաթալին էլ է, չէ՞, հեռացվել Դաշնակցությունից։ Եվ հատուկ այդ անունն էինք ընտրել, որ իբրև թե այդ անունով կոմիտեություն ենք ստեղծել, և բոլոր հեռացվածները ավտոմատ ընկնում են այդտեղ։ Բնականաբար իրականում նման կոմիտեություն չկա, և տարբեր առիթներով այդ խաղը օգտագործում ենք։

– Ինչ եք կարծում՝ Դաշնակցությունը ինչո՞ւ է հրապարակավ նման հայտարարություն անում, հնարավո՞ր է կուսակցության շարքերում վատ վիճակ է։

– Ես, ճիշտն ասած, ծանոթ չեմ Դաշնակցության ներկայիս վիճակին, նույնիսկ համեմատաբար վերջին շրջանի վիճակին, չեմ կարող ասել՝ լա՞վ է, վա՞տ է։ 

– ՀՅԴ շարքեր վերադառնալու մտադրություն հաստատ չունե՞ք։

– Չէ՛, բնականաբար չկա նման մտադրություն։ Իմ հեռանալու մոտիվացիաները հիմնավոր էին, և վերադառնալու խնդիր երբեք իմ մոտ չի կարող ծագել՝ նույնիսկ տեսականորեն։ Բայց եթե ինչ-որ մեկի մոտ կա էդպիսի շարժառիթ, առանց այդ հայտարարության էլ նրանք կարող էին ցանկացած պահի վերադառնալ։ Սա երևի Դաշնակցության կողմից այդ պրոցեսը խրախուսելու փորձ է ։ 

– Պարո՛ն Աղայան, իսկ ո՞ր դեպքում կարող էիք վերադառնալ։

– Ինձ հիմա բացարձակ հետաքրքիր չէ Դաշնակցությունը՝ ո՛չ գաղափարախոսական, ո՛չ կազմակերպական ձևի առումով, ո՛չ էլ վերջին շրջանի քաղաքական դիրքորոշումների առումով։

Այդ կուսակցությունը այնպիսի պատմական բեռ ունի իր վրա, որ եթե ես ուզենամ Հայաստանին ծառայել քաղաքական ասպարեզում, դա երևի թե ամենաանհաջող տարբերակը կլինի իմ հնարավորությունները գործադրելու համար, որովհետև այդ կուսակցության բեռը այնքան շատ է, որ մարդիկ չեն նայի՝ այսօր Դաշնակցությունն ինչ է ասում, մարդիկ միշտ հիշում են՝ ինչ էր Դաշնակցությունը երեկ, երեկ չէ առաջին օրը, մեկ տարի առաջ։

– Նկատի ունեք՝ հեղինակազրկվա՞ծ է կուսակցությունը։

– Դա, ինձ թվում է, ես չէ, որ պետք է գնահատական տամ, մարդիկ այսպես թե այնպես գնահատում են․ վերջին ընտրություններին կուսակցությունը 3 տոկոս է ստացել։ Համարենք, որ դա նրանց հեղինակության այս պահի գնահատականն է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am