Չեմ բացառում, որ հատուկ հանձնարարական է տրվել Ադրբեջանի զինուժին՝ վտանգի տակ դնել լրագրողներին. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, այս օրերին անընդհատ Ադրբեջանի զինուժի թիրախում են հայտնվում լրագրողները: Ի տարբերություն Ադրբեջանի, այստեղ լրագրողների աշխատանքը բաց ու ազատ է, սակայն կա նրանց անվտանգության խնդիրը: Դուք ինչպե՞ս եք դիտարկում այս իրավիճակը:

– Ինչպես ես եմ հասկանում, մինչև պատերազմական գործողություններ սկսելը Ադրբեջանն արդեն գրել էր այս սցենարը, որը օրերի ընթացքում պիտի հաղորդի միջազգային հանրությանը, և այդ նպատակի համար, բացի ադրբեջանական լրատվական աղբյուրներից, ներգրավել է նաև թուրքական լրատվամիջոցներին, որոնք մեծ քանակով այնտեղ են և ապահովում են Ադրբեջանի համար այդ իրավիճակի ցանկալի լուսաբանում: 

Դա է պատճառը, թե ինչու այլ երկրների լրագրողները հավատարմագրում չեն ստանում Ադրբեջանում: Հետևաբար, բոլորը, որպեսզի անդրադառնան այդ իրադարձություններին, ստիպված են գալ Լեռնային Ղարաբաղ: 

Բայց քանի որ դրանից Ադրբեջանի քարոզչական նպատակը չի փոխվում՝ չլուսաբանել այն, ինչ կա, այլ լուսաբանել այն, ինչ նախապես գրված է սցենարի մեջ, թե ինչ է տեղի ունենում սեպտեմբերի 28-ին, ինչ է տեղի ունենում սեպտեմբերի 30-ին, ինչ է տեղի ունենում հոկտեմբերի 2-ին, նրանք, բնականաբար, շահագրգռված չեն, որ Արցախից դրան հակասող տեղեկություններ հասնեն աշխարհին: 

Դեռ պետք է, իհարկե, ուսումնասիրել այդ թիրախավորման բուն հանգամանքները, բայց ես չեմ բացառում, որ հատուկ հանձնարարական է տրվել Ադրբեջանի զինուժին, որ նրանք հնարավորինս վտանգի տակ դնեն լրագրողներին և ստիպեն, որ այդքան ակտիվ չլինեն Լեռնային Ղարաբաղ գալուց: 

– Այս առումով միջազգային հարթակները անելիք չունե՞ն, որովհետև մենք տեսանք, որ հազիվ փրկեցին ֆրանսիացի լրագրողի կյանքը: 

Այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին

#RUS #ENG ⬇️Հարգելի ՛ հայրենակիցներԵրեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Ռաֆայել Շառլզ Յաղոբզադեին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:_____________________________________________Уважаемые соотечественники!Вчера поздно вечером в сопровождении министра иностранных дел Масиса Маиляна я посетил журналистов Le Monde Рафаэля Шарля Ягобзаде и Алана Каваля, раненных в результате обстрела азербайджанских вооруженных сил в городе Мартуни. Благодаря оперативной и профессиональной работе наших врачей их жизни теперь ничего не угрожает.__________________________________________Dear compatriots,Last night, accompanied by Foreign Minister Masis Mayilyan, I visited Rafael Charles Yaghobzadeh and Allan Kaval, journalists of the French Le Monde daily, wounded in the result of artillery shelling by Azerbaijan in the town of Martouni.Due to the timely and professional work of our doctors, nothing threatens their lives now.

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Thursday, October 1, 2020

– Իհարկե դա շատ կարևոր է: Մենք տեսնում ենք, որ կամաց-կամաց որոշ միջազգային կազմակերպություններ այդ չեզոքության ստանդարտ մոտեցումը փոխում են և փորձում են հաղորդել այն, ինչ կա:

Հենց լրագրողների վրա հարձակումը նույնպես առիթ հանդիսացավ ավելի հստակ և կոնկրետ տեղեկություններ հասցնելու համար, թե ի՛նչ է իրականում տեղի ունենում: 

Թեև, ասենք, Լրագրողների միջազգային դաշնությունն էլի հավասարության նշան դրեց, պարզ չէր, թե ով ում վրա է հարձակվել, ինչ լրագրողներ են, որ կողմից են նրանք եղել, և, իրոք, նրանց հայտարարությունից ոչինչ չի հասկացվում, բայց, օրինակ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը բավականին հստակ տեղեկություն է տարածել և նաև պահանջել է Ադրբեջանի իշխանություններից հետաքննել այդ թիրախավորման բոլոր հանգամանքները: 

Այսինքն՝ կամաց-կամաց նաև միջազգային հանրությանը հասնում են այն իրողությունները, որոնք տեղի են ունենում, որոնց մենք հանդիպում ենք այս պատերազմում: 

Մենք շատ լավ հասկանում ենք, որ շատ միջազգային կառույցներ՝ արդեն պաշտոնական, միջկառավարական, օգտվում են այն տեղեկություններից, որոնք հաղորդում են ոչ կառավարական միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև՝ մասնագիտական, լրագրողական: 

Դա կարծես թե կաթիլ-կաթիլ կարող է ազդեցություն ունենալ նաև միջազգային հանրության պաշտոնական դիրքորոշման առումով, թե ինչքանով է մարդասիրական իրավունքը պաշտպանվում այս պատերազմում: 

– Մեր լրագրողների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են նրանք պատրաստված, որքանո՞վ են փորձառու պատերազմական իրավիճակներում լուսաբանման համար:

– Ես կարծում եմ, որ հայ լրագրողները, այո՛, այդպիսի փորձ ունեն: Դա կարելի է գնահատել որպես բարդ ճակատագիր, որ բավականին հաճախ մենք ականատես ենք լինում այդ կարգի ռազմական գործողությունների և մենք ունենք մի խումբ լրագրողներ, որոնք բավականին լավ գիտելիքներ, պատկերացումներ ունեն, թե ինչպես պետք է ռազմական գործողությունները լուսաբանել: 

Կան նաև, բնականաբար, երիտասարդներ, որոնց համար դա առաջին փորձառությունն է, բայց, կարծում եմ՝ ավելի փորձառուներից սովորում են: Հիմնականում կարող եմ ասել, որ դժգոհելու տեղ չունենք: 

Այս անգամ նույնիսկ շատ ավելի լավ է լուսաբանվում տեղի ունեցածը, քան եղել է 2016-ի ապրիլին: Երևի դա պայմանավորված է նաև նրանով, որ ամեն դեպքում ընդհանուր լրատվական դաշտն այսօր շատ ավելի ազատ է, քան եղել է 4 տարի առաջ:

Այսինքն՝ առնվազն չկան քաղաքական պատվերներ այս իրավիճակում, և տարբեր քաղաքական ճամբարներում գտնվող լրատվամիջոցները կարծես թե միայն մեկ խնդիր ունեն՝ կատարել իրենց պրոֆեսիոնալ պարտքը, հաշվի չառնել որևէ քաղաքական շահ: Դա, իհարկե, չի կարող չբավարարել նաև հանրությանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am