Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ինքն էլ ստվերում աշխատող խոշոր գործարար է, փորձելու է ընդհանուր հայտարարի գալ գործարարների հետ: Անդրադառնալով Հովիկ Աբահամյանի եւ խոշոր գործարարների հանդիպմանը, «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, տիրապետելով գործարարների խնդիրներին, Հովիկ Արահամյանը փորձելու է նոր խաղի կանոններով աշխատել՝ մի կողմից չճզմել գործարարներին, մյուս կողմից՝ բյուջեի միջոցների հավաքագրումն ապահովել:
«Նոր վարչապետը գիտակցելով, որ եթե բան չփոխի դառնալու է Տիգրան Սարգսյան, փորձելու է գործարարների հետ ընդհանուր հայտարարի գալ»,-ասում է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում փակ քննարկում է ունեցել խոշոր հարկատու գործարարների հետ: Կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հաայաստանի տնտեսական զարգացման գործում:
«Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», – նշել է Աբրահամյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, վարչապետը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի «լայն շրջանակ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն: Հանդիպումից հետո գործարար աշխարհի ներկայացուցիչները հիմնականում խուսափել են ԶԼՄ-ների հետ շփումներից: «Ազատության» փոխանցմամբ, գործարարները կառավարությունից հիմնականում մի բան են պահանջել՝ հավասար պայմաններ բոլորի համար։
Երվանդ Բոզոյանի խոսքով, հավասար դաշտի ստեղծման մասին հեքիաթները մշտապես եղել են, բայց իրականում որեւէ բան չի փոխվել: Ըստ նրա, իրականությունն այն է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետը կառավարման վեց տարիների ընթացքում իր հակաստվերային քաղաքականությամբ ոչնչացրել է գործարար խավը:
«Գործարար խավի մի զգալի մասը, որը մինչեւ Տիգրան Սարգսյանի ի հայտ գալն ու մինչեւ 2008 թվականը ստվերի հաշվին կարողանում էր մրցունակ էկոնոմիկա ներկայացնել, ստվերից դուրս եկավ ու սննկացավ, որովհետեւ անմրցունակ դարձավ: Մի մասը փախավ Հայաստանից, մյուսը՝ կլանվեց իշխանությանը մոտ կանգնած բիզնեսի կողմից, արդյունքում բիզնես միջավայը դարձել է անտանելի, մոնոպոլիան մեծացել է, որովհետեւ բիզնեսների քանակն է կրճատվել: Ստվերային տնտեսության դեմ հաջող պայքարի արդյունքում Հայստանում փոքր եւ միջին բիզնեսը ոչնչացված է»,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա, Հայաստանում բիզնես դասակարգի նկատմամբ հանրության շրջանում ընդհանրապես բացասական վերաբերմունք կա, հասարակությունը մոլորված է եւ չի գիտակցում , թե ինչ դերակատարություն ունի գործարար խավը եւ վերացական քաղաքացիական հասարակության ու օլիգարխիայի դեմ վերացական պայքարի պայքարի կողմնակից է:
«Սրա օբյեկտիվ պատճառն այնէ, որ նրանց մակարդակն այնքան էլ բարձր չէ եւ նրանք նախնական կապիտալն արդարացի ճանապարհով չեն կուտակել, բայց մյուս կողմից գործարարների հանդեպ ատելության առկայությունը իշխանական որոշակի շրջանակներին է ձեռնտու, որոնք փորձում են սեփականության վերաձեւում կատարել ի հաշիվ նախկինների»,-նշում է Երվանդ Բոզոյանը:
Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, նման պայմաններում, նոր ներդրումներ կատարելու համար գործարարները երաշխիքի խնդիր են բարձրացնելու, քանի որ Հայաստանում որոշում կայացնողը մեկ անձ է, որն անցնող վեց տարիներին խրախուսել է իրականացվող քաղաքականությունը:
Ի տարբերություն Երվանդ Բոզոյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը զուտ իմիտացիա է համարում, որի նպատակը ժամանակ շահելն է:
«Այդպիսի խոսակցություններ մեկ անգամ չէ , որ լսել ենք: Նոր վարչապետի քայլը ես փիարի եւ ժամանակ շահելու շրջանակում եմ դիտում: Այսօր Հայաստանում շատ անկայուն իրավիճակ է եւ փորձ է արվում քաղաքական իրավիճակը որոշակիորեն կայունացնել, որովհետեւ տնտեսականը չեմ կարծում, թե հնարավոր լինի կայունացնել»,-«Մեդիալաբին» ասում է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը համոզված է՝ Հայաստանում մրցակցային դաշտ կարող է ապահովվել միայն մի դեպքում, եթե իշխանական համակարգից դուրս մղվեն խոշոր օլիգարխները:
Ըստ Մարտիրոսյանի , ստվերի կրճատման եւ տնտեսության ազատականացման համար ընդամենը սա է պետք , որովհետեւ բոլոր ,տնտեսական գործիչները, որոնք քաղաքականության մեջ են արդեն իսկ իրենք կոռուպցիայի ու շահերի բախման աղբյուր են հանդիսանում , իսկ նոր կառավարությունն օլիգարխիկ կառավարություն է:
«Չեմ հավատում, որ որեւէ փոփոխություն կարող է լինել: Հակառակ պարագայում, պետք է նշանակել նոր ընտրություններ , որոնց արդյունքներով Հայասատանի ամենախոշոր գործարարները, որոնք այսօր իշխանության մեջ են, դուրս կգան քաղաքական դաշտից ու կառավարման ոլորտից», -ասում է նա:
Էմմա Քալաշյան
© Medialab.am