«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը
– Պարո՛ն Մալունց, ինչպիսի՞ն է ընդհանուր իրավիճակն այդտեղ, ի՞նչ խնդիրներ ունեք: Բնակիչների մոտ կա՞ խուճապային տրամադրություն՝ հաշվի առնելով, որ հակառակորդն այդքան մոտ է:
– Իրավիճակը կայուն է, թեև թշնամին մի քանի հարյուր մետրի վրա է: Ոչ, ոչ մի խնձորեսկցի խուճապի չի մատնվում, որովհետև խնձորեսկցին առաջին անգամ չի, որ տեսնում է այդ վիճակը: Կան խնդիրներ՝ կապված արոտավայրերի հետ, որոնք հայտնի չէ, թե հիմա ում են մնալու, տարածքների խնդիր է, այլ խնդիր մենք չունենք:
– Բայց կան տեղեկություններ, որ Խնձորեսկում մարդիկ վաճառում են իրենց անասունները:
– Այս պահին խնդիրը հենց անասնապահության հետ է կապված, որ տարածք չկա, արոտավայր չկա, դրա համար մարդիկ վաճառում են անասունները: Պահելու տեղ չունեն, դրա համար ով կարողանում է՝ վաճառում է:
– Պաշտոնապես հայտարարվում է, որ Սյունիքի մարզում չկա որևէ տարածք, որ պետք է անցնի հակառակորդին, հիմա պարզվում է, որ կան արոտավայրեր, որոնք անցնում են նրա՞նց:
– Ո՛չ, ո՞նց կարող ենք մենք թույլ տանք, որ մեր հողից վերցնեն: Հին քարտեզով, որ տարածքներն իրենցն են, դրանք են իրենց անցնում: Այնպես չի, որ մենք անգամ մեկ մետր հող ունենք իրենց տալու:
– Ընդհանուր առմամբ մարզի բնակիչները ապատիայի տրամադրության մե՞ջ են:
– Մարզի վերաբերյալ ես ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չեմ հասցնում ամեն ինչին հետևել, գնալ, տեսնել: Բայց տարածաշրջանում մեր համայնքապետը մեզ հետ է, մեր կողքին, նորմալ վիճակ է, մարդիկ պաշտպանություն են իրականացնում:
– Սյունիքի մարզպետը հրաժարական տվեց, առանց մարզպետի խնդիրներ չե՞ն ստեղծվում:
– Եթե ճիշտն ասեմ, ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, թե ով է հրաժարական տալիս, ով է գալիս, ով է մնում: Ես իմ գյուղի բնակիչների հետ եմ, մնացած հարցերն ինձ չեն էլ հետաքրքրել:
– Խնձորեսկը քանի՞ բնակիչ ունի:
– Փաստացի Ներքին Խնձորեսկում 130 հոգի է ապրում, իսկ Վերին Խնձորեսկում՝ 1700 հոգի: Ներքին Խնձորեսկը 7 կմ ավելի ներքև է և ավելի մոտ սահմանին:
– Ի՞նչ անելիքներ կան համայնքում, ի՞նչ եք անում համայնքի համար:
– Այս օրերին դիրքերում ենք, դրանք ավելի ենք ամրապնդում, կազմակերպում ենք անվտանգությունը:
– Իսկ կա՞ն բնակիչներ, որ ուզում են լքել գյուղը, տեղափոխվել:
– Մենք դրանով զբաղվելու ժամանակ չունենք: Այս պահի դրությամբ ես չեմ հանդիպել բնակչի, որը կցանկանար հեռանալ: Բոլոր երիտասարդներն էլ մտածում են ինքնապաշտպանության մասին:
– Իսկ ձեր համայնքից շա՞տ զոհեր, վիրավորներ ունեք:
– Ունենք, և որոշակի աջակցություն ցուցաբերվում է նրանց:
Մանե Հարությունյան
MediaLab.am