«Ես ինքս ուզեցել եմ ընտանիք կազմել, բայց չեմ մտածել, որ այսպես հետաքրքիր ու արագ ամեն ինչ կզարգանա»․ Սարգիս Անտոնյանը «Զինվորը քեզ է փնտրում» խմբում գտել է իր սերը

Արցախյան պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող 25-ամյա Սարգիս Անտոնյանը պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանությունն իրականացնում էր Կուբաթլուում։ 44 օր տևած պատերազմի ընթացքում քանիցս հայտնվել է հակառակորդի արկերի ներքո, մահվան դեմ հանդիման կանգնել։ 

Ասում է, որ դժվարին ու բարդ օրերից հետո սկսել է կյանքն ավելի գնահատել ու չէր էլ պատկերացնում, որ պատերազմի ավարտից շատ չանցած իր կյանքում դրական փոփոխություններ կլինեն։ Սարգիսը առաջնագծում իրեն հասած նամակի հետքերով գնալիս հանդիպել է իր սիրուն՝ Արմինեին, և որոշել առաջիկա ամիսներին ընտանիք կազմել։

Սարգսին, ինչպես առաջնագծում պայքարող մյուս զինվորներին քաղցրավենիքի, սննդի հետ միասին հայ աղջիկների ուղարկած նամակներ ու բացիկներ էին հասնում։

Պատերազմից հետո տղաները սկսեցին փնտրել իրենց նամակ գրած աղջիկներին՝ ծանոթանալու և գուցե ընտանիք կազմելու համար։ 

«Ինձ նամակ էր եկել, քույրս խորհուրդ տվեց, ասաց՝ «Զինվորը քեզ է փնտրում» խումբ կա, էնտեղ շատ մարդ կա, էնտեղ փնտրիր, մտածեցի՝ փորձեմ։ Նամակը դրեցի խմբում, բայց էդ աղջիկը այդպես էլ չարձագանքեց։ 

Հետո խմբում մեկ այլ աղջկա նկատեցի, որին համակրեցի: Նա էլ նամակ էր գրել մեկ ուրիշին, բայց տեղեկություն չուներ՝ նամակը հասե՞լ է, թե՞ ոչ։ Խմբի ադմինիստրատորին խնդրեցի մեզ ծանոթացնել, այդպես ծանոթացանք, շփվեցինք, հանդիպեցինք։ Ու հասկացա, որ ուզում եմ իր հետ ընտանիք կազմել»,- պատմում է Սարգիսը։

Սարգսի խոսքով՝ պատերազմը ստիպեց գնահատել կյանքի ամեն վայրկյանը և որոշումներ կայացնել ավելի արագ, քան նախկինում կարող էր։

«Ես ինքս ուզեցել եմ ընտանիք կազմել, բայց չեմ մտածել, որ այսպես հետաքրքիր ու արագ կզարգանա։ Ես միշտ շատ դանդաղ եմ որոշումներ կայացնում, բայց պատերազմից հետո ավելի սկսեցի գնահատել կյանքը, ամեն ժամը, վայրկյանը։ 

Ես մտածել եմ, որ մարդիկ պետք է շփվեն, մի քանի ամիս անցնի, իրար ճանաչեն, բայց 5-6 անգամ տեսնելուց հետո մեջս վստահություն եկավ, որ պիտի ամուսնանամ»,- ասում է Անտոնյանը։

Սարգսին մասնագիտությամբ լեզվաբան Արմինեն գրավել է իր բարությամբ և համեստությամբ։ 

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները, ընկերները զարմանքով են ընդունել ընտանիք կազմելու մասին լուրը, քանի որ դեպքերի նման զարգացումը նրանց համար ևս շատ արագ և անսպասելի է եղել։

«Մաման միայն կողմ է, բայց զարմանքով արձագանքեց, որ շատ շուտ եղավ ամեն ինչ։ Ընկերներս էլ տեղյակ են, ուրախացել են ու զարմացել են, որ ինչ-որ խմբից էսքան շուտ, իսկ ես շատ ուշ եմ որոշում կայացնում»,- ժպիտով ասում է Սարգիսը։

Սարգիսն ու իր ընտրյալը՝ Արմինեն, սպասում են Արմինեի մոր վերադարձին Հայաստան և մարտ ամսին նախատեսում են նշանադրություն կազմակերպել։

«5-6 անգամ ենք հանդիպել, բայց վստահ եմ իմ որոշման մեջ, մարտ ամսին սպասում ենք, որ իր մայրը գա, նշանդրեք անենք, մինչ այդ դեռ կշփվենք, կճանաչենք»,- ասում է Սարգիսը։

Սարգիսը պատերազմից հետո նաև որոշել է նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել, սկսել է անգլերեն ուսումնասիրել, վարորդական դասերի հաճախել։ Ասում է՝ պետք է անընդհատ աշխատել, սովորել և գնահատել այն, ինչ ունես:

«Պատերազմից առաջ ասում էի՝ սա կանեմ, նա կանեմ, ու մնում էր։ Հիմա հասկացա, որ պետք է արագ գործել։

Մարդկանց խորհուրդ կտամ գնահատել կյանքը, երբեք չես իմանա՝ ինչերի միջով կանցնես։ Չպետք է ոչ մի բանից հուսահատվել, պետք է Աստծուն շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ տվել է քեզ, աշխատել ու առաջ գնալ»,- ընդգծում Սարգիսը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am