«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ տապալումն է, որ այսքան հանցագործներ մնացել են ազատության մեջ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, կալանավորվել է Վահան Բադասյանը: Արդեն հնչում է տեսակետ, որ նա կալանավորվեց, որովհետև կապ չուներ նախկին իշխանություններից կախված դատական համակարգի հետ, որովհետև այդպիսի կոչեր նախկինում բազմիցս եղել են, բայց ոչ մեկի նկատմամբ դատարանը կալանքի որոշում չկայացրեց:

Այս դեպքում տեսնում ենք, որ Բադասյանը կալանավորվեց: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, որքանո՞վ էր իրավաչափ դատարանը: 

– Ես ինձ դասում եմ այն մարդկանց, այն քաղաքացիների թվին, որոնք դեմ են որևէ ապօրինի մեթոդներով, Հայաստանի օրենքներից դուրս կիրառվող որևէ գործիքակազմով քաղաքական իշխանության խնդիր լուծելուն: 

Անկախ նրանից, թե այդ անձինք գործող իշխանությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեն, գործող իշխանության նկատմամբ լոյալ են, թե արմատական տրամադրվածություն ունեն, նախկին իշխանության ներկայացուցիչ են, թե ոչ, ինչ պատկերացում ունեն ընդհանրապես քաղաքական համակարգի նկատմամբ, Արցախյան ազատամարտի մասնակից են, թե ոչ կամ ինչ վաստակ ունեն Հայաստանի ու Արցախի առաջ, ինձ համար անընդունելի է տեռորի, ահաբեկչության, ֆիզիկական ոչնչացման միջոցով քաղաքական իշխանության խնդիր լուծելը:

Այս դեպքում բարձրացված հարցն ունի երկու ասպեկտ. մենք բազմիցս առիթ ենք ունեցել արձանագրելու, որ, ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարը, նախորդ իշխանության որևէ կարկառուն ներկայացուցչի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ միայն չի տվել ցանկալի արդյունք, այլ նաև մենք այսօր որևէ դրական իրողության մասին չենք կարող արձանագրել:

Ավելին, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ արդեն գնալով համոզվում եմ, որ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, ըստ էության, հանդես են գալիս նախորդ իշխանության փաստաբանի դերում:

Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ այդ մարդկանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները ոչ մի դրական արդյունք չտան կամ հանգուցալուծման չգան:

Սա մի կողմից թույլ չի տալիս որևէ մեկին այս իրողությունների պայմաններում հայտնել դիրքորոշումներ, որոնք ՀՀ օրենքից դուրս են:

Եթե դու մեծ վաստակ ունես Հայաստանի և Արցախի առաջ և չես հարգում այդ պետության օրենքը, քաղաքական իշխանությանը հեռացնելու և քաղաքական իշխանություն ձևավորելու սահմանված իրավակարգավորումները, և խոսում ես ֆիզիկական ոչնչացման մասին, ընդհանրապես, խոսում ես ահաբեկչության մասին, քաղաքական իշխանությանը ֆիզիկապես լիկվիդացնելու մասին, դա ինձ համար որպես մարդու և որպես իրավաբանի ընդունելի չի կարող լինել:

Այո՛, ընդունելով հանդերձ, որ մենք հայտնվել ենք խիստ ծայրահեղ իրավիճակում, հանրության մեջ խիստ էմոցիոնալ ֆոն կա այսօր, լարվածություն ու ատելության որոշակի դոզա կա հանրության մեջ, բայց մենք պետք է գիտակցաբար և արժանապատվորեն դուրս գանք այս իրավիճակից՝ քաղաքական իշխանության խնդիրը փորձելով լուծել քաղաքական մեթոդներով:

Դատարանի կայացրած կոնկրետ այս որոշման բովանդակությանը ես ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դատական իշխանության նկատմամբ մեր վերապահումները հենց կապված են նրա հետ, որ նույն հանգամանքի վերաբերյալ դատարանը մի դեպքում մի որոշում է կայացնում, մեկ այլ դեպքում՝ այլ որոշում:

Հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ այս դատական համակարգը արմատական վերափոխման պետք է ենթարկվի: 

– Մենք տեսնում ենք, որ դատական համակարգը վերջին 2,5 տարվա ընթացքում բազմիցս կատարել է նախկին իշխանությունների առաջադրանքը:

Հիմա Բադասյանի նկատմամբ այս որոշումը դրա դրսևորո՞ւմ կարող ենք համարել, թե՞ այստեղ քաղաքական որևէ բաղադրիչ բացառում եք:

– Ես չեմ բացառում որևէ բաղադրիչ, բայց ուզում եմ արձանագրենք, որ դատական համակարգի կայացրած որոշումները ստեղծել են մի իրավիճակ, մի մթնոլորտ, որ անգամ ամենաօբյեկտիվ դատական ակտն էլ կասկածանքի և վերապահումների տեղիք է տալիս:

Մարդիկ սկսում են պատվերներ փնտրել, դավադրության, կասկածանքի մթնոլորտը խեղդում է բոլորիս: Հետևաբար, ես կարծում եմ, որ այն արդարադատությունը, որ իրականացվում է Հայաստանում, ուղղակիորեն խաթարում է մարդկանց հավատն ու վստահությունը:

Այսպես շարունակել հնարավոր չէ, պետք է կանգնել, իսկապես սթափվել, առաջ շարժվել և իրականացնել այնպիսի արդարադատություն, որի կայացրած որևէ ակտի նկատմամբ, անկախ մեր ունեցած պատկերացումներից տվյալ գործի կամ դատարանի մասին, որևէ վերապահում կամ կասկած չունենանք:

Որովհետև եթե այսպես շարունակվի, ցանկացած անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետևում քաղաքական ստվերային դավադրություն տեսնենք, կասկածամտություն տեսնենք, մենք ոչ մի բանի չենք հասնի:

Դատարաններն էլ, իրենց հերթին, պարտավոր են ուղղակիորեն իրենց գործունեությամբ ապացուցել, որ որևէ ձևով որևէ քաղաքական ճնշման չեն ենթարկվում և իսկապես ապահովում են արդարադատությունը: Այստեղ ես կարծում եմ, որ այս դեպքում ավելի շատ գնդակը գտնվում է դատական իշխանության դաշտում:

Դատավորներն իրենք պետք է արժանապատվություն ունենան, ներքին խիզախություն ունենան, իրենք իրենք հաշիվ տան, որ այսօր իրենցից կախված է Հայաստանի բարեկեցիկ ապագան:

Չունեցանք անկախ դատական համակարգ, ոչ մի բարեփոխում ու վերափոխում չեն փոխելու մեր երկրի զարգացման ընթացքը:

Հետևաբար, դատավորները պետք է իրենք իրենց մեջ գտնեն այդ ներուժը: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք պարկեշտ են, որոնք իսկապես պրոֆեսիոնալ ու անկաշառ են, որոնք ներքին խիզախություն ունեն:

Այդ մարդիկ պետք է ստանձնեն դատական համակարգում արմատական վերափոխումների առաքելությունը: 

– Տեսակետ է հնչում, թե թավիշը ՀՀ-ում վերջացավ Բադասյանի կալանավորմամբ, թե թավիշին արժանի էին միայն նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները, իսկ Բադասյանի պարագայում թավիշ այլևս չկա:

– Այո՛, իմ մտահոգություններն էլ կան այդ առումով, որ այս երկրում այնքան հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ մարդիկ, որոնք այսօր արդեն պետք է կրեին իրենց արժանի պատիժը, գտնվում են ազատության մեջ, ավելին՝ այդ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ոչ միայն ազատության մեջ են, վայելում են տարիներ շարունակ իրենց թալանածը, այլև այսօր քաղաքական հավակնություններ են դրսևորում, փորձում են վերադարձնել իրենց կորցրած իշխանությունը:

Այստեղ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ տապալումն է, որ այսքան հանցագործներ մնացել են ազատության մեջ: Ես այստեղ կիսում եմ այդ մտահոգությունը և գտնում եմ, որ, այո՛, օրինականության վերականգնման գործընթացում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ուղղակի ֆիասկո է ապրում:

– Հիմա դատական համակարգում փոփոխություններին ուղղված ցանկացած քայլ արդեն ուշացած չէ՞:

– Այո՛, ուշացած է, պահը կորսվել է: Ճիշտ պահը 2018 թվականն էր, երբ հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունն ուներ լեգիտիմության բարձրագույն աստիճան և կարող էր իսկապես արմատական քայլերի միջոցով նոր որակ ու շունչ հաղորդել դատական համակարգին:

Այսօր մենք, ցավոք սրտի, չենք կարող արձանագրել և հանգել հետևության, որ քաղաքական գործադիր իշխանության կամ մեծամասնության կողմից ձեռնարկվող քայլերը դատաիրավական համակարգում բարեփոխումների համատեքստում կտան իրենց ցանկալի արդյունքը:

Այդ փոփոխությունները անձինք են իրականացնում. ի վերջո, անձն իր կերպարով, իր մասնագիտական փորձառությամբ, իր մարդկային նկարագրով, իր պրոֆեսիոնալիզմով ինքը պետք է ձեռնարկի և դառնա այդ փոփոխությունների լոկոմոտիվը:

Ես Գագիկ Ջհանգիրյանի դեմ ոչինչ չունեմ, նա պրոֆեսիոնալ ունակություններով օժտված իրավաբան է, բայց իր մասնագիտական գործունեության ամենանշանակալից հատվածում նա զբաղեցրել է առանցքային դատախազի պաշտոն:

Հիմա եթե այդ դատախազական մտածողությամբ օժտված մարդուն մենք տանում, դնում ենք դատարանների բնականոն գործունեությունը, դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի անդամ, որ նա ապահովի դատավորների անկախությունը, ես դրան, կներեք, չեմ հավատում:

Ես նաև չեմ հավատում Ռուբեն Վարդազարյանին, որը եկավ փոխարինելու Գագիկ Հարությունյանին: Մենք այն ժամանակից պետք է հասկանայինք, որ այն փոփոխությունները, որոնց մասին խոսում է իշխանությունը, ընդամենը խոսակցության մակարդակի վրա են, որակական, բովանդակային փոփոխություններ չեն կարող լինել:

Հիմա էլ դա չի լինելու, որովհետև որևէ մեկը կասկածի տակ չի դնում այդ մարդկանց մասնագիտական կարողությունները:

Ճիշտ հակառակը՝ կարող է Գագիկ Ջհանգիրյանը իր մասնագիտական գիտելիքներով ավելի մեծ արդյունավետություն ապահովել, բայց նրանից ակնկալել, որ մեր դատական համակարգը բնականոն կաշխատի, և դատավորներն անկախ կլինեն, ես խիստ վերապահումներ ունեմ:

Խոսքս կհիշեք մեկ տարի հետո, ոնց որ մեկ կամ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր ԲԴԽ-ում փոփոխությունները Վարդազարյանի տեսքով, որ ահա, տեսեք՝ ինչ փոփոխություններ են լինելու, որոշակի ժամանակ հետո այսօրվա փոփոխությունների մասին է ափսոսանքով արձանագրելու:

Որովհետև ձևական փոփոխություններ են իրականացվում՝առանց խորքային ուսումնասիրությունների, հետազոտությունների: Հասարակությունն ուզում է ընդամենը արդար դատական համակարգ:

Այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն ապահովելու այդպիսի համակարգ, ինչքան ուզում եք նրանք տեղերով փոխեք: Եթե խոսքն ուժեղ ձեռքի մասին է, կներեք, նախկին իշխանությունների մեջ այնքան ուժեղ ձեռքեր կան, բերեք բոլորին վերադարձնենք:

Վլադիմիր Գասպարյանը պակա՞ս ուժեղ ձեռք ուներ, Գագիկ Բեգլարյանը պակա՞ս ուժեղ ձեռք ուներ, Լիսկան պակա՞ս ուժեղ ձեռք ուներ:

Բերեք բոլորին վերադարձնենք, տեսեք՝ ինչ կանեն: Չի կարելի նման պատկերացումներով դատական իշխանության որակական փոփոխությունների մասին խոսել: 

Մանե Հարությունյան

MediaLab.am