«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
-Տիկին Ալեքսանյան, ապրիլյան քառօրյա պատերազմը ցցուն կերպով վեր հանեց այն խնդիրը, որ սահմանին կանգնած են մեծամասամբ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Կառավարության իրականացրած ուսումնասիրությունները ևս փաստում են, որ այդ օրերին զոհված զինծառայողները բացառապես սոցիալապես անապահով ընտանիքներից են: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:
-Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ, և տարիներ շարունակ իշխանությունը զբաղվել է միայն թալանով՝ չմտածելով ՀՀ քաղաքացու մասին: Այս ընթացքում ովքեր կարողացել են հեռանալ Հայաստանից, հեռացել են, իսկ ովքեր չեն կարողացել, մնացել են երկրում, և մարդկանց սոցիալական վիճակը միայն վատթարացել է: Երբ ապրիլյան պատերազմն սկսվեց, սոցիալապես անապահովների խնդիրն ավելի ցցուն դարձավ: Կոնկրետ ես միշտ տեղյակ եմ եղել, որ զինծառայողների ընտանիքների վիճակն անմխիթար է, որովհետև տարիներ շարունակ զբաղվել եմ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ և տեսել, թե ինչպես են տարիների ընթացքում այդ ընտանիքներին հասցրել ծայրահեղ վիճակի:
Այն վարկերը, որոնք այդ ընտանիքները վերցրել են՝ փորձելով դուրս գալ այդ ծանր իրավիճակից, ավելի են ստիպել, որ մարդիկ մնան սոցիալական բեռի տակ: Հիմա, եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ էին հենց առաջնագծում կանգնած այդ ընտանիքների զինծառայողները, պատճառները տարբեր են:
Պատճառներից մեկն այն է, որ պարտադիր զինծառայությունը հենց այդ ընտանիքների համար է: Մի կողմից վիճակահանությամբ են իբր այդ զինվորները հայտնվել առաջնագծում, բայց ես դրան չեմ հավատում, որովհետև վիճակահանությունն ի սկզբանե արված է հենց այդ ընտանիքների համար: Բոլորին է հայտնի, որ իշխանության հետ անգամ թեթև կապ ունեցող ընտանիքների որդիները չեն ծառայում բանակում: Այս քառօրյա պետերազմի ընթացքում էլ մենք չունեցանք մահվան մի դեպք, որն առնչություն ուներ ինչ-որ պաշտոնատար անձի հետ: Եվ սա վկայում է այն մասին, ինչի մասին ես ասում եմ: Այսինքն՝ բանակի հույսը հենց այս զինվորներն էին, ինչի մասին բարձրաձայն չի խոստովանվում:
Մյուս հարցը, որին առնչվում ենք, դա բանակում ներքին կանոնադրության հետևանքով գրանցվող զոհերն են: Բանակի ներսում ակնհայտ երևում է այդ խտրական, անհավասար մոտեցումը, անապահով ընտանիքների որդիների զատված լինելը: Բանակում շարունակում եմ մնալ այն հարաբերությունները, որոնք առկա են հասարակության մեջ՝ անհավասարությունը: Սա բանակի դեպքում, որը փակ համակարգ է, ուղղակի աղետալի է:
-Եվ կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմի օրերին սոցիալական բևեռվածության խնդիրն ավելի ցայտո՞ւն դարձավ:
-Այո, այս պատերազմն ամեն ինչ ընդգծեց: Հանրությունը միանգամից տեսավ, թե ովքեր էին ծառայում առաջնագծում, ովքեր էին զոհվում առաջնագծում: Այդ ընտանիքները միշտ թիրախ են: Նրանք այն զինվորներն են, ովքեր շատ հեշտ են մեռնում ոչ միայն ճակատում, այլ բանակում՝ միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց պատերազմը նաև այլ բան ցույց տվեց, դա այն է, որ արժանապատիվը հենց այդ զինվորներն էին, որոնք դուրս եկան մահվան դեմ և իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքի սահմանը: Սա արժանպատվության, վեհության, հայրենասիրության մեծ օրինակ է: Շարքային զինծառայողը բանակում եղել է ճնշված վիճակում, եղել է տարբեր հարաբերությունների զոհը: Եթե մենք այդ հանցագործությունների կոնտեքստում նայենք հարցը, և սպանողները, և սպանվողները նույնպես այդ ընտանիքներից են: Այսինքն՝ զոհերը սոցիալապես անապահով ընտանիքներից են, դատապարտվողները՝ նույնպես, բայց նրանք չեն իրական հանցագործություն կատարողները: Այսինքն՝ իրական կատարողներին «մաքրում են»: Այս պատերազմը ցույց տվեց, որ ողբերգական մի վիճակ է:
-Կառավարությունը փորձում է աջակցության ինչ-որ ծրագրեր իրագործել զոհված զինծառայողների ընտանիքների համար, արդյոք դա համարժեք քա՞յլ է:
-Դեռ հայտնի չէ, թե իրենք ինչ չափով են աջակցելու: Հանրության մեջ հիմա այդ պահանջն առկա է: Մի կողմից զոհերի մեղքը իշխանության վրա է: Հենց իշխանության մեղքն է, որ մենք այդքան մեծ թվով զոհեր ենք ունեցել: Եվ հիմա օդում կախված է հետևյալ պահանջը՝ պետք է պատասխան տալ այդ զոհերի համար: Եվ իրենց պատասխանը՝ աջակցությունը, դրանք չնչին գումարներ են: Այդ ընտանիքների վիճակը, որոնք ունեն մի քանի երեխաներ, անգամ աջակցություն ստանալու դեպքում չի բարելավվում: Պաշտոնատար անձանց և այդ ընտանիքների անհամատեղելիությունն այսօր ակնհայտ է, ինչն աղետ է մեր պետության համար: Սա ցույց է տալիս, որ սա հարուստների և աղքատների պետություն է, և այդ աղքատը, այդ սովածը կներեք, որ այսպես եմ ասում, այդ զինվորն է այսօր սահմանը պահում և ոչ թե հղփացած պաշտոնյաներն ու նրանց զավակները:
-Ի դեպ, այս օրերին որոշ պաշտոնյաներ փորձում են արդարանալ՝ հայտարարելով, թե իրենց որդիները սահմանում են: Օրինակ՝ նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Դա ի՞նչ է նշանակում:
-Այն արտոնյալ պայմանները, որ ունեին գագիկխաչատրյանները՝ ապրել այնպես ինչպես ուզում են, գռփել այնպես, ինչպես ուզում են, չունի հասարակ ժողովուրդը: Զինծառայողների վրա հաստատվող գեներալը, նրանց նսեմացնողն այսօր տեսնում է, որ այդ զինվորն է մեր իրական հերոսը: Եվ այսօր այդ պաշտոնյաները փորձում են ցույց տալ, թե իրենց որդիներն էլ են պիտանի երկրի համար: Եթե ասելու բան ունենար, կշարունակեր, և մենք էլ կիմանայինք, թե ինչով են նրա որդիները զբաղված սահմանի վրա: Եթե անգամ պաշտոնյաներն ասում են, որ իրենց որդիները ծառայում են առաջնագծում, ապա նրանց որդիները չեն զոհվում: Միևնույն է, զոհվում են անապահով ընտանիքների երեխաները: Այդ ընտանիքների կյանքը խեղում է պետությունը՝ տարիներ շարունակ չփոխելով բանակի ներսում այն կրիմինալ մթոնոլորտը, որը կա: Նույնիսկ բանակում այս պատերազմի օրերին կային միջազնձնային հարաբերությունների հետ կապված դեպքեր ու զոհեր:
-Ի՞նչ պետք է անել այս վիճակը շտելու ու փոփոխություն մտցնելու համար: Իշխանությունները խոսում են փոփոխությունների մասին, դա հնարավո՞ր է:
-Եթե այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, այս կոռուպցիային այլևս չի դիմանում, ես չեմ հավատում այդ հայտարարությանը: Եթե Հովիկ Աբրահամյանը՝ որպես պաշտոնատար անձ, օրինակ ծառայեր և իր ունեցվածքը բերեր ու զոհեր այդ հերոս զինվորի ընտանիքին, ոչ թե կոպեկներ տար նրանց, իրավիճակ կփոխվեր: Բայց մենք չտեսանք որևէ պաշտոնատար անձ, ով պատրաստ էր իր կյանքը նվիրել հայրենիքին, ինչպես այդ տղաները նվիրեցին: Եթե էլի այդ կոպեկները պետք է շպրտեն այդ հերոս զավակների ընտանիքներին, որոնցից խլել են իրենց որդիներին, դա ոչինչ չի փոխելու: Զոհերի պատասխանատուներն իրենք են, և հիմա այդ կոպեկներն են տալիս այդ ընտանիքներին: Ես չեմ հավատում որևէ փոփոխության այս պայմաններում: Եթե կառավարության ղեկավարը պարբերաբար խոսում է փոփոխությունների մասին, ինքը լավ կանի, որ անի այդ փոփոխությունը, ոչ թե ուղղակի հայտարարություններ անի:
Էմմա Մանուկյան
© Medialab.am