«Նրանք այն զինվորներն են, ովքեր շատ հեշտ են մեռնում ոչ միայն ճակատում, այլ բանակում՝ միջանձնային հարաբերությունների հետևանքով». Ժաննա Ալեքսանյան

«Նրանք այն զինվորներն են, ովքեր շատ հեշտ են մեռնում ոչ միայն ճակատում, այլ բանակում՝ միջանձնային հարաբերությունների հետևանքով». Ժաննա Ալեքսանյան
«Նրանք այն զինվորներն են, ովքեր շատ հեշտ են մեռնում ոչ միայն ճակատում, այլ բանակում՝ միջանձնային հարաբերությունների հետևանքով». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

-Տիկին Ալեքսանյան, ապրիլյան քառօրյա պատերազմը ցցուն կերպով վեր հանեց այն խնդիրը, որ սահմանին կանգնած են մեծամասամբ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Կառավարության իրականացրած ուսումնասիրությունները ևս փաստում են, որ այդ օրերին զոհված զինծառայողները բացառապես սոցիալապես անապահով ընտանիքներից են: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:

-Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ, և տարիներ շարունակ իշխանությունը զբաղվել է միայն թալանով՝ չմտածելով ՀՀ քաղաքացու մասին: Այս ընթացքում ովքեր կարողացել են հեռանալ Հայաստանից, հեռացել են, իսկ ովքեր չեն կարողացել, մնացել են երկրում, և մարդկանց սոցիալական վիճակը միայն վատթարացել է: Երբ ապրիլյան պատերազմն սկսվեց, սոցիալապես անապահովների խնդիրն ավելի ցցուն դարձավ: Կոնկրետ ես միշտ տեղյակ եմ եղել, որ զինծառայողների ընտանիքների վիճակն անմխիթար է, որովհետև տարիներ շարունակ զբաղվել եմ  զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ և տեսել, թե ինչպես են տարիների ընթացքում այդ ընտանիքներին հասցրել ծայրահեղ վիճակի:

Այն վարկերը, որոնք այդ ընտանիքները վերցրել են՝ փորձելով դուրս գալ այդ ծանր իրավիճակից, ավելի են ստիպել, որ մարդիկ մնան սոցիալական բեռի տակ: Հիմա, եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ էին հենց առաջնագծում կանգնած այդ ընտանիքների զինծառայողները, պատճառները տարբեր են:

Պատճառներից մեկն այն է, որ պարտադիր զինծառայությունը հենց այդ ընտանիքների համար է: Մի կողմից վիճակահանությամբ են իբր այդ զինվորները հայտնվել առաջնագծում, բայց ես դրան չեմ հավատում, որովհետև վիճակահանությունն ի սկզբանե արված է հենց այդ ընտանիքների համար: Բոլորին է հայտնի, որ իշխանության հետ անգամ թեթև կապ ունեցող ընտանիքների որդիները չեն ծառայում բանակում: Այս քառօրյա պետերազմի ընթացքում էլ մենք չունեցանք մահվան մի դեպք, որն առնչություն ուներ ինչ-որ պաշտոնատար անձի հետ: Եվ սա վկայում է այն մասին, ինչի մասին ես ասում եմ: Այսինքն՝ բանակի հույսը հենց այս զինվորներն էին, ինչի մասին բարձրաձայն չի խոստովանվում:

Մյուս հարցը, որին առնչվում ենք, դա բանակում ներքին կանոնադրության հետևանքով գրանցվող զոհերն են: Բանակի ներսում ակնհայտ երևում է այդ խտրական, անհավասար մոտեցումը, անապահով ընտանիքների որդիների զատված լինելը: Բանակում շարունակում եմ մնալ այն հարաբերությունները, որոնք առկա են հասարակության մեջ՝ անհավասարությունը: Սա բանակի դեպքում, որը փակ համակարգ է, ուղղակի աղետալի է:

-Եվ կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմի օրերին սոցիալական բևեռվածության խնդիրն ավելի ցայտո՞ւն դարձավ:

-Այո, այս պատերազմն ամեն ինչ ընդգծեց: Հանրությունը միանգամից տեսավ, թե ովքեր էին ծառայում առաջնագծում, ովքեր էին զոհվում առաջնագծում: Այդ ընտանիքները միշտ թիրախ են: Նրանք այն զինվորներն են, ովքեր շատ հեշտ են մեռնում ոչ միայն ճակատում, այլ բանակում՝ միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց պատերազմը նաև այլ բան ցույց տվեց, դա այն է, որ արժանապատիվը հենց այդ զինվորներն էին, որոնք դուրս եկան մահվան դեմ և իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքի սահմանը: Սա արժանպատվության, վեհության, հայրենասիրության մեծ օրինակ է: Շարքային զինծառայողը բանակում եղել է ճնշված վիճակում, եղել է տարբեր հարաբերությունների զոհը: Եթե մենք այդ հանցագործությունների կոնտեքստում նայենք հարցը, և սպանողները, և սպանվողները նույնպես այդ ընտանիքներից են: Այսինքն՝ զոհերը սոցիալապես անապահով ընտանիքներից են, դատապարտվողները՝ նույնպես, բայց նրանք չեն իրական հանցագործություն կատարողները: Այսինքն՝ իրական կատարողներին «մաքրում են»: Այս պատերազմը ցույց տվեց, որ ողբերգական մի վիճակ է:

-Կառավարությունը փորձում է աջակցության ինչ-որ ծրագրեր իրագործել զոհված զինծառայողների ընտանիքների համար, արդյոք դա համարժեք քա՞յլ է:

-Դեռ հայտնի չէ, թե իրենք ինչ չափով են աջակցելու: Հանրության մեջ հիմա այդ պահանջն առկա է: Մի կողմից զոհերի մեղքը իշխանության վրա է: Հենց իշխանության մեղքն է, որ մենք այդքան մեծ թվով զոհեր ենք ունեցել: Եվ հիմա օդում կախված է հետևյալ պահանջը՝ պետք է պատասխան տալ այդ զոհերի համար: Եվ իրենց պատասխանը՝ աջակցությունը, դրանք չնչին գումարներ են: Այդ ընտանիքների վիճակը, որոնք ունեն մի քանի երեխաներ, անգամ աջակցություն ստանալու դեպքում չի բարելավվում: Պաշտոնատար անձանց և այդ ընտանիքների անհամատեղելիությունն այսօր ակնհայտ է, ինչն աղետ է մեր պետության համար: Սա ցույց է տալիս, որ սա հարուստների և աղքատների պետություն է, և այդ աղքատը, այդ սովածը կներեք, որ այսպես եմ ասում, այդ զինվորն է այսօր սահմանը պահում և ոչ թե հղփացած պաշտոնյաներն ու նրանց զավակները:

-Ի դեպ, այս օրերին որոշ պաշտոնյաներ փորձում են արդարանալ՝ հայտարարելով, թե իրենց որդիները սահմանում են: Օրինակ՝ նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Դա ի՞նչ է նշանակում:

-Այն արտոնյալ պայմանները, որ ունեին գագիկխաչատրյանները՝ ապրել այնպես ինչպես ուզում են, գռփել այնպես, ինչպես ուզում են, չունի հասարակ ժողովուրդը: Զինծառայողների վրա հաստատվող գեներալը, նրանց նսեմացնողն այսօր տեսնում է, որ այդ զինվորն է մեր իրական հերոսը: Եվ այսօր այդ պաշտոնյաները փորձում են ցույց տալ, թե իրենց որդիներն էլ են պիտանի երկրի համար: Եթե ասելու բան ունենար, կշարունակեր, և մենք էլ կիմանայինք, թե ինչով են նրա որդիները զբաղված սահմանի վրա: Եթե անգամ պաշտոնյաներն ասում են, որ իրենց որդիները ծառայում են առաջնագծում, ապա նրանց որդիները չեն զոհվում: Միևնույն է, զոհվում են անապահով ընտանիքների երեխաները: Այդ ընտանիքների կյանքը խեղում է պետությունը՝ տարիներ շարունակ չփոխելով բանակի ներսում այն կրիմինալ մթոնոլորտը, որը կա: Նույնիսկ բանակում այս պատերազմի օրերին կային միջազնձնային հարաբերությունների հետ կապված դեպքեր ու զոհեր:

-Ի՞նչ պետք է անել այս վիճակը շտելու ու փոփոխություն մտցնելու համար: Իշխանությունները խոսում են փոփոխությունների մասին, դա հնարավո՞ր է:

-Եթե այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, այս կոռուպցիային այլևս չի դիմանում, ես չեմ հավատում այդ հայտարարությանը: Եթե Հովիկ Աբրահամյանը՝ որպես պաշտոնատար անձ, օրինակ ծառայեր և իր ունեցվածքը բերեր ու զոհեր այդ հերոս զինվորի ընտանիքին, ոչ թե կոպեկներ տար նրանց, իրավիճակ կփոխվեր: Բայց մենք չտեսանք որևէ պաշտոնատար անձ, ով պատրաստ էր իր կյանքը նվիրել հայրենիքին, ինչպես այդ տղաները նվիրեցին: Եթե էլի այդ կոպեկները պետք է շպրտեն այդ հերոս զավակների ընտանիքներին, որոնցից խլել են իրենց որդիներին, դա ոչինչ չի փոխելու: Զոհերի պատասխանատուներն իրենք են, և հիմա այդ կոպեկներն են տալիս այդ ընտանիքներին: Ես չեմ հավատում որևէ փոփոխության այս պայմաններում: Եթե կառավարության ղեկավարը պարբերաբար խոսում է փոփոխությունների մասին, ինքը լավ կանի, որ անի այդ փոփոխությունը, ոչ թե ուղղակի հայտարարություններ անի:

Էմմա Մանուկյան

© Medialab.am