«Իրա կյանքի գնով պահած բարձունքը մերն ա»․ մայոր Անդրանիկ Լալայանի զոհվելուց հետո ընտանիքը ապրում է կարոտով ու հուշերով

30-ամյա մայոր Անդրանիկ Լալայանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կյանքի գնով պահելով Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ գտնվող Գետակ-Բրուն բարձունքը։ Կինը՝ 26-ամյա Անի Լալայանը, ասում է, որ չէին պատկերացնում, որ նման դեպք կարող է պատահել ամուսնու հետ, քանի որ գիտեին՝ ամուսինը գործի գիտակ էր, շատ պատրաստված, ամեն մանրուքի տիրապետում էր, ու համոզված էին, որ ողջ ու առողջ կվերադառնա։ 

«Իրանց դիրքը, էդ դիտակետը շատ են փորձել վերացնել, ինքը շատ մաքուր ա գործ արել, շատ ա վնաս տվել թշնամուն, արդեն աչքի ընկած դիրք էր, մենակ կարողացել են ԱԹՍ-ով իրանց դիրքը վնասեն, շատ են փորձել ուրիշ տեխնիկայով, բայց չի ստացվել։ «Բայրաքթար» են հանել»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է կինը։

Այնուհետև հպարտությամբ ասում է, որ ամուսնու կյանքի գնով պահած դիրքը հակառակորդի վերահսկողության ներքո չի անցել, այն Արցախի կազմում է՝ չեզոք գոտում։

«Դրանից էն կողմ արդեն թուրքերն են, իրա կյանքի գնով պահած բարձունքը մերն ա»,- ասում է Անին։

Կինը պատմում է, որ ամուսինը հոկտեմբերի 14-ին օգնության հասնելու նպատակով իր դիվիզիայով բարձրացել էր Գետակ-Բրուն տեղամասը, 3 օր անց՝ հոկտեմբերի 17-ին՝ կեսօրին, զոհվել ԱԹՍ հարվածից։

Կինն ասում է՝ ընտանիքի համար մեծ շոկ էր։ Մի օր առաջ՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան, խոսել է ամուսնու հետ, ասում է՝ հաճախ չէին խոսում, քանի որ ամուսինն այնպիսի վայրերում էր լինում, որտեղ հեռախոսը անհասանելի էր դառնում,  ընտանիքը հիմնականում ամուսնու ընկերոջ հետ է կապ պահպանել։

«Ընկերոջ հետ ամեն առավոտ խոսում էինք, հետո ինքը երեկոյան 8-ի կողմերը զանգում էր: Վերջին անգամ խոսացել եմ հոկտեմբերի 16-ին՝ 8-ի կողմերն էր, դրանից հետո խոսել եմ հոկտեմբերի 17-ին առավոտյան՝ ընկերոջ հետ, ասեցի՝ ո՞նց էր, ասեց՝ դե որ ձենը լսել եմ, ուրեմն լավ էր, հետո 11։40-ի սահմաններում դեպքը եղել է»,- հուզմունքով հիշում է Անին:

Ասում է, որ հոկտեմբերի 17-ին երեկոյան, երբ ամուսինը այդպես էլ չի զանգել, սիրտը վկայել է, որ գուցե մի բան այն չէ, զանգել է ամուսնու ընկերոջը, իսկ ընկերը հեռախոսին չի պատասխանել, ավելի ուշ իմացել է ողբերգական լուրը։

«Էդ օրը որ ինքը չզանգեց, զանգում էի ընկերոջը, ինքն էլ չէր պատասխանում… Հետո տարբեր համարներով զանգեցի, ջոկեցի, որ ընկերը խոսում էր տարբեր մարդկանց հետ, բայց իմ զանգերին չէր պատասխանում։ Հետո տալս ա անծանոթ համարով կապվել ընկերոջ հետ, որ համարը չիմանա, պատասխանի, ուրիշ մարդ ա վերցրել, ասել՝ գնացել ա կողքի տղաների մոտ. կողքի տղաներն էլ ամուսնուս դիրքն էր։ Իրանք գիտեին արդեն, բայց սպասում էին, որ հանեին, չէին թողնում, որ մարմինը հանեինք, ամսի 18-ին տալիս ամուսինն ա հանել։ Էդ ժամանակ 4 աֆիցեր, 6 զինվոր են զոհվել»,- պատմում է կինը։

Անիի Լալայանը և Անդրանիկ Լալայանը ամուսնացել են 2016-ին։ Ունեն երկու անչահաս երեխա՝ աղջիկ և տղա։

Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Ամուսնու զոհվելուց հետո Անին ասում է՝ դատարկություն է, ապրում է երեխաների համար։ Երբ մենակ է լինում, փորձում է շատ տրվել մտքերին, խոհերին, քանի որ իրականությունը խելագարության է հասցնում։

«Մտածում ես, գժվում ես, դրա համար հլը որ երեխեքով ապրում ենք։ Փառք Աստծո, մենակ չեմ, սկեսուր-սկեսրայրիս հետ միասին ենք մնում»,- նշում է Անին։

Անդրանիկ Լալայանի մայրը՝ 57-ամյա Վալիդա Ադամյանը ևս, չհամակերպվելով որդու կորստի հետ, ասում է՝ ոչ թե ապրում են, այլ գոյատևում:

Պատմում է, որ որդու զոհվելու մասին իմանալուց հետո վատացել է, բայց թե ինչ է կատարվել՝ չի հիշում։ Ուշքի է եկել, երբ Հայաստանից վերադարձել են Թաղավարդ։

«Որ պատերազմը սկսվել էր, մենք Աբովյան էինք եկել։ Ամուսինս զանգեց, ասեց՝ չկա, հետո էլ բան չեմ հիշում… Աղջիկներս են հետո պատմել, գյուղ տեղափոխելու ժամանակ հարևան գյուղ են տարել, սրսկել են, հասնելուն պես սրսկել են: Մենակ հիշում եմ, որ հաջորդ օրը արթնացել եմ՝ տղայիս տեղաշորում էի գտնվում։ Հոկտեմբերի 19-ին տղայիս հուղարկավորեցինք, ամուսինս մինչև վերջին օրը մնաց գյուղում, ահազանգեցին՝ թե բա շրջափակման մեջ ես, ինչի՞ դուրս չես գալիս, ինքը մի կերպ ուրիշ ճանապարհով դուրս ա եկել։ Հոկտեմբերի 28-ին գյուղը արդեն գրաված են լինում»,- պատմում է Վալիդան։

Ասում է՝ կյանքն այլևս առաջվանը չէ, իմաստը կորցրել է, միակ սփոփանքը թոռներն են. «Արևը բացվում ա, նորից մթնում ա, նույնն ա։ Մարդ անզավակ լինի՝ ինչպիսի՞ն կլինի նրա կյանքը։ Տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած, դրան գումարած՝ մեր կյանքի իմաստը չկա, երկու աղջիկ ունեմ, միակ տղաս էր՝ մեր լույսն ու ճրագը»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Նախքան պատերազմը 57-ամյա Վալիդան ամուսնու հետ Թաղավարդում է ապրել, տղան՝ կնոջ ու երեխաների հետ Ստեփանակերտում։ Այժմ հարսի ու թոռների հետ Ստեփանակերտում վարձով են բնակվում, իսկ ինչ ունեին՝ մնացել է հակառակորդի տիրապետության ներքո։ Տղայի գերեզմանն էլ Թաղավարդից դուրս են բերել իրենց ջանքերով ու վերահուղարկավորել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում։ 

Անդրանիկի մայրն ասում է, որ մինչև պատերազմը երանելի ժամանակներ էին, տղան այնքան բարի էր, հոգատար, ուշադիր, որ շատերն էին իրեն նախանձում. «Ասում էին՝ երանի քեզ, աշխարհի ամենաերջանիկ ծնողն ես։ Տղաս կյանքում հետս գոնե մի անգամ բարձր ձայնով խոսացած չկա, երբ խոսում էր՝ մենակ «մամ ջան» էր ասում, մենակ իրա բարին ենք լսել»,- կարոտով ու կսկիծով ասում է 54-ամյա մայրը։

Կինն ամուսնուն նույնպես միայն բարի խոսքով է հիշում՝ ընտանիքին նվիրված, հոգատար, կատակասեր, աշխույժ, գործում՝ խստապահանջ։

«Որտեղ ինքն էր, էնտեղ խինդն ու ծիծաղն անպակաս էին: Ինքն ամեն ինչ անում էր, որ մեր համար լավ լինի, երեխեքի համար լավ լինի, իրենից ամեն ինչ կտրում էր, որ երեխեքի համար ամեն ինչ հասցնի»,- կարոտով հիշում է կինը։

Ասում է, որ ինչպես տան մեծերը, այնպես էլ երեխաները սպասում են Անդրանիկին, ամեն պահ թվում է, թե նորից տուն կգա, կյանքն առաջվանը կլինի: 

«Նույնիսկ պահ ա եղել, որ երեխեն դիվանին պարկած ասել ա՝ մինչև պապան չգա, չեմ քնելու, մինչև հիմա ասում ա՝ պապան ե՞րբ ա գործից գալու, ինչի՞ ա ուշանում։ Ասում ա՝ պապան չի՞ գալիս, մենք գնանք պապայի մոտ»,- հուզվում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am