«Հիմա ավելի շատ վախեր ունեմ, երեխաներիս ասում եմ՝ գոնե մեկնումեկդ գնացեք ուրիշ տեղ»․ Մարինեն ամուսնու զոհվելուց հետո ՝ «ամեն վայրկյան իր մասին եմ մտածում»

52-ամյա Մարինե Սեյրանյանը Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղից է։ Մասնագիտությամբ ուսուցչուհի Մարինեն օրը ծանրաբեռնում է առօրյա աշխատանքով, հողագործությամբ, անասնապահությամբ, դպրոցում երեխաներին դասավանդելով, որպեսզի ընտանիքին պատուհասած ողբերգությունից չխելագարվի և ուժ գտնի՝ ապրելու։ 

Մարինեի ամուսինը՝ 52-ամյա Ստեփան Սեյրանյանը, զոհվել է Արցախյան պատերազմում։ Ստեփան Սեյրանյանը Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում հակառակորդի դեմ թեժ պայքար մղելիս անօդաչու թռչող սարքի հարվածից տեղում մահացել է։

«Հոկտեմբերի 22-ին խոսել եմ իր հետ, երեկոյան կողմը զոհվել է, երեք հոգուց մեկը վիրավորվել ա, երկուսը տեղում մահացել են, որից մեկը՝ ամուսինս։ Մենք նույն օրը գյուղից դուրս էինք գալիս, տեղահանվում էինք, արդեն Շուշի էինք հասել, որ զանգեցին՝ ասեցին զոհվել ա»,- արցունքն աչքերին հիշում է Մարինեն։

Ասում է՝ բառերով զգացողություններն ու ապրումները նկարագրել անկարող է՝ ցավը խորն է, կորուստը՝ մեծ։

«Ամբողջությամբ փոխվեց, շրջվեց մեր կյանքը։ Մեր տան սյունը չկա, ո՞նց կարանք լինենք։ Ամեն ինչ կիսատ մնաց։ Տուն էինք սարքում, ամուսինս իր ձեռքով էր սարքում, դա էլ էդպես մնաց: Ամուսինս իմ աջ ձեռքն էր, ինձ շատ էր օգնում։ Հիմա ես և՛ աշխատանքի եմ գնում, և՛ գյուղի աշխատանքները, վար ու ցանքն էլ սկսվել ա, շատ ծանր է»,- ասում է Մարիամն ու հավելում, որ շատ դժվար օրեր են ապրում։ Աղջկա ամուսինն էլ երկու ամիս հիվանդանոցում է՝ մի քանի վիրահատության է ենթարկվել։ Սահմանին անհանգիստ վիճակն ու անորոշ ապագան իրենց հերթին ընկճում ու հուսախաբ են անում:

«Հիմա ավելի շատ վախեր ունեմ, երեխաներիս ասում եմ՝ դուրս եկեք, գոնե մեկնումեկդ գնացեք ուրիշ տեղ, էն էլ ոչ մի տեղ չեն գնում»,- դողացող ձայնով ասում է Մարիամը։

Մարիամը բազմազավակ մայր է՝ երեք տղա և մեկ աղջիկ ունի։ Ասում է, որ երեխաների համար է ապրում, հիմա միակ մտածմունքը երեխաների հետ է կապված, որ գոնե նրանք կարողանան լավ ապագա ունենալ․ «Ուրիշ ինչի՞ մասին կարող եմ մտածել, երեխաներիս մասին եմ մտածում ու երկրի մասին՝ վիճակն ինչպիսին կլինի»,- նեղսրտած ասում է 52-ամյա կինը։

Մարիամը դպրոցում դասվար է աշխատում, ասում է՝ երեխաների հետ աշխատելիս կարողանում է մի քիչ ցրվել․ «Երեխաների հետ անցկացնում եմ, դպրոցում դասվար եմ աշխատում, էդպես մի քիչ սփոփվում եմ, բայց հիշողությունները շատ են, ամեն վայրկյան ամուսնուս մասին եմ մտածում»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am