Գրագետ ու անգրագետ, ճիշտ ու սխալ, սեւ ու սպիտակ․ Ինչ հնարքներ ու մոտեցումներ կիրառեցին քաղաքական ուժերը՝ ԱԺ-ում հայտնվելու համար

Գրագետ ու անգրագետ, ճիշտ ու սխալ, սեւ ու սպիտակ․ Ինչ հնարքներ ու մոտեցումներ կիրառեցին քաղաքական ուժերը՝ ԱԺ-ում հայտնվելու համար
Գրագետ ու անգրագետ, ճիշտ ու սխալ, սեւ ու սպիտակ․ Ինչ հնարքներ ու մոտեցումներ կիրառեցին քաղաքական ուժերը՝ ԱԺ-ում հայտնվելու համար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչ խորհրդարան է ձևավորվում արտահերթ ընտրությունների արդյունքում:

– 1990 թվականից հետո սա երրորդ ընտրությունն էր, իսկ Հայաստանի անկախության շրջանում՝ երկրորդը, որը տեղի ունեցավ ազատ, արդար ու անկախ, և ձևավորվեց լեգիտիմ խորհրդարան: Առաջին անգամ նման ընտրություններ տեղի են ունեցել 1990 թվականին՝ Գերագույն խորհրդի ընտրությունները, երկրորդ անգամ՝ 1999 թվականի մայիսին Ազգային ժողովի ընտրությունները, երբ հաղթեց «Միասնություն» դաշինքը: Ունենք լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ իշխանություն՝ հանձին «Իմ քայլը» դաշինքի, և ունենք լեգիտիմ ընդդիմություն՝ հանձինս ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության:

– Առայժմ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն է հայտարարել, որ գաղափարական ընդդիմություն են լինելու, իսկ ԲՀԿ-ն ընդդիմություն լինելու մասին լռում է: Ավելին, քվեարկության օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ ինքը չի կարող ընդդիմություն լինել Նիկոլ Փաշինյանին, քանի որ սատարում է նրան:

– Անկախ նրանից, թե ով ինչ կհայտարարի, իշխանություն է քաղաքական այն ուժը, որը ձևավորում է գործադիր իշխանությունը: Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ գործադիր իշխանությունը, այսինքն՝ կառավարությունը, ձևավորելու է «Իմ քայլը» դաշինքը միայնակ: Իսկ ընդդիմություն է քաղաքական այն ուժը, որը չի մասնակցում գործադիր իշխանության ձևավորմանը և չի հայտնում նրան աջակցելու մասին: Հետևաբար, եթե ԲՀԿ-ն նախարար չունենա կառավարությունում, հանդիսանում է ընդդիմադիր ուժ:

– Ընտրողների մասնակցությունն ընտրություններին ինչպե՞ս եք գնահատում:

– Շրջանառության մեջ է դրվում մանիպուլյացիոն այն տեսակետը, որը շրջանառության մեջ դրվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո, թե մասնակցության տոկոսը շատ քիչ է: Ուզում եմ նշել, որ մասնակցության 48 տոկոսը վերաբերում է Հայաստանում գրանցված ընտրողներին: Այսինքն՝ ընտրացուցակային ընտրողների 48 տոկոսն է մասնակցել: Իսկ ընտրացուցակային ընտրողների թվաքանակը 2 մլն 590 հազար է: Բայց վստահաբար կարող ենք նշել, որ Հայաստանում այդքան ընտրող չկա, որովհետև արտագաղթ է տեղի ունեցել:

Այդ իսկ պատճառով խորհրդարանական ընտրությունների իրական մասնակիցների թիվը եղել է 48 տոկոսից ավելի: Այդ պատճառով այս խորհրդարանն արտահայտում է մեր հասարակության կեսից ավելիի տրամադրությունները: Իհարկե, չմասնակցողներին կարող ենք բաժանել մի քանի խմբերի:

Չեն մասնակցել նրանք, ովքեր նախկինում ընտրակաշառքի միջոցով ստիպված մասնակցել են, կա ընտրողների մի խումբ, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում քաղաքականությունը: Երկրորդ՝ չեկավ այն խումբը, որն ընդհանրապես, անգամ ընտրակաշառքով էլ չի գնում քվեարկելու, չի հետաքրքրվում քաղաքական գործընթացներով: Երրորդ՝ չմասնակցեց նաև այն խումբը, որը 11 ուժերի մեջ չգտավ իրեն հոգեհարազատ քաղաքական ուժ, չեկավ նաև այն խումբը, որը համարում էր, որ ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են: Բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը դեմ են վարչապետին, դրա համար քաղաքական գործողություն են իրականացրել կամ դեմարշ են արել:

– Կան քննադատություններ, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը մեկ ուժի է ծառայելու, մենիշխանություն է ձևավորվում, ի՞նչ կասեք:

– Ո՛չ, չի ձևավորվում նման խորհրդարան: Նախ՝ ընտրությունները տեղի են ունեցել հետհեղափոխական ժամանակաշրջանում, իսկ նման ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քաղաքական հիմնական դերակատարը, որն իրականացրել է իշխանափոխությունը, ստանում է մեծամասնություն: Երկրորդ՝ մենիշխանություն ձևավորվում է բռնի ճանապարհով: Ազնիվ ու արդար ընտրությունների ժամանակ մենիշխանություն չի ձևավորվում: Իսկ այս ընտրությունների ժամանակ բոլոր ուժերին տրված էին հավասար հնարավորություններ՝ քաղաքական ճիշտ պայքար իրականացնելու և ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու: Եվ բնավ «Իմ քայլը» դաշինքի մեղքը չէ, որ քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, սխալ քարոզարշավ իրականացրեցին:

– Ասում եք՝ ՀՀԿ-ն ճի՞շտ քարոզարշավ իրականացրեց: Շատ քիչ ձայներ չբավականացրեցին, որ ՀՀԿ-ն անցներ խորհրդարան, ի՞նչ տեղի ունեցավ:

– ՀՀԿ-ն շատ ճիշտ քարոզարշավ իրականացրեց, այդ ուժի նախընտրական ռազմավարությունը ճիշտ էր: Նրանց չհերիքեց 0,4 տոկոս՝ խորհրդարան մտնելու համար: Ո՞րն էր պատճառը: ՀՀԿ-ն պետք է իրեն ռեբրենդինգի ու բարեփոխումների ենթարկեր, բայց դա չարեց:

Չմոռանանք, որ կուսակցությունն այդ պահի դրությամբ էլ ղեկավարում է հասարակության զգալի մասի կողմից մերժված Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ նոր Ընտրական օրենսգիրքն անցողիկ շեմն իջեցնում էր 4 տոկոս, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկեր այդ օրենսգրքի նախագծին, բայց նրանք դրսևորեցին զգացմունքային մոտեցում ու դեմ քվեարկեցին: Դրա հետևանքով ՀՀԿ-ականները պատժվեցին: Երրորդ սխալն այն է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը շատ անհաջող դրսևորեց իրեն հայտնի մեծ բանավեճում, որը տեղի ունեցավ քվեարկությունից առաջ:

Նա ուղղակի տապալեց ինքն իրեն, դրանից հետո մեր դիտարկումները ցույց տվեցին, որ անգամ ՀՀԿ-ի համար քվեարկել պատրաստվող շատերը հենց այդ բանավեճից հետո հետ կանգնեցին: Մենք չենք կարող ասել, թե հետ կանգնածների թիվն ինչքան է, բայց չի բացառվում, որ դա այն 0,4 տոկոսն էր, որը կարող էր ապահովել, որ ՀՀԿ-ն մտներ խորհրդարան:

Չորրորդ սխալն այն էր, որ ՀՀԿ ցուցակում կային մարդիկ, ովքեր վաղուց պետք է լքեին այդ կուսակցությունը: Նրանք այս անգամ թաքնված էին, չէին երևում, և ՀՀԿ-ականներին թվում էր, որ եթե այդ ցուցակի անդամները չերևան, չխոսեն, ապա հասարակությունը նրանց չէր նկատի: Բայց հասարակությունը լավ էլ նկատեց և տվեց իր արժանի գնահատականը: Դա ՀՀԿ-ի համար շատ խոշոր պարտություն էր:

– Ինչո՞ւ:

– Գիտեք, մի բան է, երբ դու ներկայացված ես խորհրդարանում, օգտագործում ես խորհրդարանի ամբիոնը՝ քո տեսակետներն առաջ քաշելու համար, այլ բան է, երբ խորհրդարանից դուրս ես: Հայաստանի պատմության մեջ ընդամենը մի դեպք է եղել, երբ կուսակցությունը դուրս է մնացել խորհրդարանից, հետո նորից եկել է խորհրդարան: Այդ պատճառով շատ դժվար է ասել, թե արմատական բարեփոխումներ անելուց հետո անգամ ՀՀԿ-ն կկարողանա՞ հաջորդ ընտրություններում խորհրդարան մտնել, թե՞ չի կարողանա: Դա գրեթե անհնարինին մոտ տարբերակ է:

– Մենք գիտենք «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի պատճառը, իսկ ԲՀԿ-ն ունի կարծես իր կայուն ընտրազանգվածը, բայց ինչի՞ շնորհիվ խորհրդարան անցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

– ԱԺ երեք ուժից երկուսը՝ «Իմ քայլը» և ԲՀԿ-ն, լիդերային բնույթ ունեցող քաղաքական միավորներ են: Բայց «Լուսավոր Հայաստանը» լիդերային չէ, գաղափարական կուսակցություն է: Եվ, բնականաբար, այդ ուժը հասարակության մի մասի մոտ ընկալվում է որպես ազատական, չափավոր արևմտամետ կուսակցություն: Իսկ Հայաստանի ընտրազանգվածի մեջ այդ արևմտյան կողմնորոշմամբ ընտրազանգված գոյություն ունի: Եվ չնայած ԼՀԿ-ն կոպտագույն սխալ գործեց քարոզարշավի ժամանակ, բայց քանի որ Հայաստանում գնալով ուժեղ ու ազդեցիկ է դառնում արևմտամետ ընտրազանգվածը, այդ ընտրազանգվածն այս պահին «Լուսավոր Հայաստանին» տեսավ՝ որպես իր շահերի պաշտպանի:

– «Մենք» դաշինքն էլ է արևմտամետ կողմնորոշմամբ, բայց հաջողության չհասավ:

– Ինչո՞ւ նույնը չստացվեց «Մենք» դաշինքի մոտ, որն ընդգծված արևմտամետ էր, որովհետև նրա մարդկային կապիտալը կամ թեկնածուները վստահություն չներշնչեցին: «Լուսավոր Հայաստանն» ուներ մարդկային լավ կապիտալ, բայց գաղափարն էր սխալ տանում, «Մենք» դաշինքն ուներ լավ գաղափար, բայց թեկնածուների կապիտալ չուներ: Ի դեպ, «Սասնա ծռերն» էլ ընկալվում է որպես հակառուսական ուժ: «Սասնա ծռերի» պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ եթե մինչև քարոզարշավը նրանք ընդգծված հակառուսականություն ունեին, քարոզարշավի ժամանակ, չգիտես ինչու, դրա մասին լռեցին: Եվ հակառուսական զանգվածը չգնաց «Սասնա ծռերի» մոտ, գնաց «Մենք» դաշինքի մոտ: Արևմտամետն էլ գնաց «Լուսավոր Հայաստանի» մոտ:

Եթե «Լուսավոր Հայաստանը» ճիշտ ռազմավարություն իրականացներ, չքննադատեր ԲՀԿ-ին, ապա առնվազն կրկնակի շատ ձայն կստանար: Որոշ ժամանակ անց մաշվելու է նաև «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը, ինչպես ժամանակի ընացքում մաշվեց ԲՀԿ-ի վարկանիշը: Եվ միակ կայունը մնում է արևմտամետ ընտրազանգվածը: Եվ եթե «Լուսավոր Հայաստանը» կարողանա օրակարգ թելադրել և արևմտամետ գրավչությունը լավ մատուցել, զբաղվել բավական գրագետ կուսակցաշինությամբ, ապա հաջորդ խորհրդարանական ընտրություններում շատ հնարավոր է՝ լինի այսօրվա «Իմ քայլը» դաշինքի կոալիցիոն գործընկերը: Ավելին, ԼՀԿ-ն կարող է անգամ լինել ամենամեծ քվեն ստացած քաղաքական ուժը: Դա կախված է ԼՀԿ ղեկավարության գրագետ աշխատանքից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am