Երևանի վարչական շրջաններից մեկում պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար թեքահարթակներ են կառուցվել, որոնք, մեղմ ասած, հեռու են թեքահարթակ համարվելուց: Այս ահազանգը իր ֆեյսբուքյան էջում բարձրացրել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը՝ հրապարակելով շեքերից մեկի թեքահարթակի լուսանկարները:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են այդ թեքահարթակները տեղադրված: Վարչական շրջանի աշխատակազմը իր ֆեյսբուքյան էջում նույն նկարները դրել է ու շատ ոգևորված ներկայացրել, թե դա արվել է հենաշարժական խնդիրներ ունեցող, ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար»,- «Մեդիալաբին» խնդիրը ներկայացնում է Արմեն Ալավերդյանը:
Թեքահարթակը, նկատենք, անվասայլակով տեղաշարժվող անձանց համար նախատեսված թեք մակերես է: Դրանց տեղադրումն անհրաժեշտ է հորիզոնական մակերեսների 4 սմ գերազանցող տարբերության տեղերում՝ հետիոտնի ճանապարհին, շենքերի մուտքի մոտ և ներսում: Սակայն, ինչպես լուսանկարից երևում է, այս թեքահարթակի բարձրությունը զգալի է, և անվասայլակը հեշտությամբ կսահի ներքև:
«Դա անելու բան չէ»,- ասում է Ալավերդյանը: Նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է տեղաշարժման խնդիր ունեցող մարդը անվասայլակով բարձրանալ ու իջնել այդ թեքահարթակներով:
Ալավերդյանի դժգոհությունը, սակայն, չեն կիսում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատու անձինք և դժգոհության որևէ առիթ չեն տեսնում:
«Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու քաղաքապետարանի հետ համատեղ բազմաբնակարան շենքերում կառուցվում են թեքահարթակներ: Բացի նոր կառուցվողներից էլ, վարչական շրջանի տարբեր շենքերում տեղադրված են թեքահարթակներ: Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ ուղարկեք պաշտոնական գրություն, մենք կպատասխանենք»,- «Մեդիալաբին» այս մասին փոխանցեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից:
Ուշագրավ է նաև, որ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից հեռացվել են այդ թեքահարթակների լուսանկարներն ու կից գրությունը: Թեև վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս հաստատեց, որ ֆեյսբուքյան էջից հեռացվել է այդ հրապարակումը, բայց պատճառների մասին նախընտրեց լռել:
«Այո՛, ես էլ եմ տեսել դա Ֆեյսբուքում, բայց հիմա չեմ հասկանում՝ խնդիրը ո՞րն է: Կլինի դա ֆեյսբուքյան էջում, թե չէ, կարևորը՝ աշխատանքն արվում է»,- ասաց վարչական շրջանի ներկայացուցիչը:
Արմեն Ալավերդյանի խոսքով՝ չնայած իրենց բազմաթիվ դժգոհություններին, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում թեքահարթակների հարցում առաջընթաց չի արձանագրվում:
«Հարցին նորմալ լուծում տալն անհնար չէ, ուղղակի ցանկություն ու կոմպետենտություն են պետք: Ես չեմ կարող քաղաքում առկա թեքահարթակների ամփոփ տեղեկատվություն տրամադրել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մշտադիտարկում անցկացնել: Բայց բավականին շատ ահազանգեր ենք ստանում, որ ինչ-որ գալչկայի համար թեքահարթակներ են կառուցում, հատկապես վերջերս՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար»,- «Մեդիալաբին» ասում է հասարակական կազմակերպության նախագահը:
Ալավերդյանի խոսքով՝ թեքահարթակներ պետք է կառուցվեն բոլոր այն տեղերում, որտեղ առկա են աստիճաններ, իսկ նորակառույցները, ըստ նրա, պետք է ուղղակի հարթ մուտք ունենան, ոչ թե թեքահարթակներ կառուցվեն:
Թե 44-օրյա պատերազմի հետևանքով քանի մարդ է հաշմանդամություն ձեռք բերել ու բախվել տեղաշարժվելու խնդրին, Արմեն Ալավերդյանը չգիտի ու չի էլ հասկանում, թե ինչո՞ւ պատկան մարմինները այդ հստակ թիվը չեն հրապարակում:
«Տեղեկություն, բնականաբար, չունեմ, որովհետև անհասկանալի պատճառներով պետությունը չի տրամադրում այդ տվյալները: Իսկ հստակ թիվը ճշտելը, չեմ կարծում՝ անհնար է, որովհետև զինկոմիսարիատներն էլ գիտեն այդ թվերը, բժշկական հաստատությունները՝ ևս: Ենթադրում եմ, որ հաշմանդամություն ստացածների թիվը հազարների է հասնում, բայց քանի՞ հազարի՝ դժվար է ասել»,- ասում է Արմեն Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, անցյալ տարի քաղաքապետարանը մատչելիությանն ուղղված ծրագրեր էր արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ և այլն: Եվ ինչպես ֆեյսբուքյան իր էջում նշել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ծրագիրը շարունակական պետք է լիներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am