Հրայր Թովմասյան. Ինդուլգենցիան

Հրայր Թովմասյան. Ինդուլգենցիան
Հրայր Թովմասյան. Ինդուլգենցիան

Հրայր Թովմասյանն իր սև գործն արեց։ Ըստ էության գրեց ևս մի «Սահմանադրություն»։ Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ծափահարում էին ՍԴ որոշումը։ 

Ես իրավաբան չեմ, ես մի ժամանակի շահառուն եմ, որը կորցրել եմ։ Կորցրել եմ որպես լրագրող, որպես քաղաքացի։ Ես կարող էի Քոչարյանին չմեղադրել (չեմ էլ մեղադրում)։ Բայց Քոչարյանը պիտի իմանա, որ ինքը պետության ընթացքի ճամփին է կանգնել, սեղմել է պետության կոկորդը, որն իր օրոք ոչ միայն գնալու տեղ չի ունեցել, այլև մեծ հաշվով հարված հարվածի հետևից էր ստանում անորոշության մեջ։ 

Նա հիմա նոր Հայաստանից «կյանքի իրավունք» է հայցում։ Իր նախագահության օրոք նա չի իմացել, թե դա ինչ է։ «Պրիվետ Ռոբ»-ի հանդեպ նրա առաջին իսկ հակազդեցությունը վկա։ 

Մարտի 1-ի 10 զոհերն ընդհանրապես նրան որևէ բան չէին ասել։ Սրանք ողբերգություններ են, որոնք պիտի հասունացնեին այս մարդուն։ Չհասունացրեցին, որովհետև այս մարդը թույլ է անձնական ողբերգություններից։ 

Նախագահը իր քաղաքացիների սպանությունն անձնական ողբերգություն չէր ընկալում, Պողոս Պողոսյանի մասին ասում է. «Եթե կենդանի լիներ, ես մի երկու բան կասեի»։ Մարտի 1-ի ութ զոհն ընդհանրապես ցավակցության թեմա չդարձան։ 

Հրայր Թովմասյանը հասկանում է այս մարդուն։ Նա իրեն պարգևատրել է Սերժ Սարգսյանով։ ՍԴ որոշումը պատասխան պարգևատրությունն է՝ դատարանը պետք է կալանքից ազատի մեկին, որի անձեռնմխելիությունը ձերբակալելիս նկատի չեն ունեցել։ 

Սահմանադրությունը երաշխավորում է հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց անձեռնմխելիությունը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում։ 

Հետևաբար, ըստ Հրայր Թովմասյանի, քրդատօրի այդ հոդվածը հակասահմանադրական է։ Ավելին, խորհրդարանը պիտի հավաքվի ու քրդատօրում համապատասխան դրույթ ձևակերպի, որ Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրության կուսությունը պակաս տեղ չունենա։ 

Շատ տգեղ կլինի, եթե առաջիկա տարիներին պետության բանուգործը լինի Ռոբերտ Քոչարյանի հետ մուկն ու կատու խաղալը։ Դա հեղափոխության տեղապտույտն է։ 

Որոշ իրավաբաններ պնդում են, թե Քոչարյանի վրայից ընդհանրապես կարող է մեղադրանքը հանվել, քանի որ Թովմասյանենք ավելի մեծ գործ են բռնել, քան երևում է առաջին հայացքից։ Իրավաբանների մի մասի կարծիքով էլ՝ Թովմասյանի որոշումը ՍԴ դիմելու հաջորդ հայցի տողատակերն է ներկայացրել։ 

Այսինքն՝ գուցե այդ մարդու ազատ արձակվելով չպրծնենք։ Ես այս ամենից ոչինչ չեմ հասկանում։ Պետության շահառուները մի քիչ այլ պատկերացումներ ունեն՝ Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետից լավը չլինի Ռոբերտ Քոչարյանը։ 

Ի՞նչ է լինելու, երբ ՍԴ որոշումն ամբողջությամբ հրապարակվի։ Պարզ է, պաշտպանական կողմն այս որոշումը ձեռքներին վազելու է ընդհանուր իրավասության դատարան ասելու, որ ՍԴ-ն մեր պաշտպանյալին ինդուլգենցիա է շնորհել, բաց թողեք, թող գնա տուն, իր թոռներին գրկի և օրորոցային երգի նրանց համար։ 

Սերիալի սցենար է, ոչ թե որոշում։ Այնքան են տանելու-բերեն ՍԴ որոշումը, մինչև ամբողջ երկրի ու ժողովրդի համար միևնույն դառնա Քոչարյանի կալանավորումը, և նորից իշխանությունից պահանջեն միայն իրենց վերաբերող հարցերի լուծում։ 

Իսկ այդ հարցերն այսօր էլ կան, ուղղակի հիմա մարդիկ շատ են կարևորում Քոչարյանի կալանքը։ Եթե իշխանությունը դա չի կարող անել, «վերադառնանք մեր ոչխարներին», այսինքն՝ հոգսերին։ 

Հաշվարկի խորամանկությունն այն է, որ ժողովուրդը հիասթափվելու է նաև Փաշինյանից, որը չկարողացավ Քոչարյանին պահել փակի տակ։ Իսկ հներին շատ է պետք այդ հիասթափությունը, այն կօգնի առարկայացնելու ռևանշը։ 

Ռուսաստանի ջանը սաղ լինի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am