Բռնաբարեցին, սպանեցին, թալանեցին. Թուրքիայում հանցագործությունների աճի մասին պատմող հրապարակումները հետ չեն պահում հանգստանալ ցանկացող հայերին

Բռնաբարեցին, սպանեցին, թալանեցին. Թուրքիայում հանցագործությունների աճի մասին պատմող հրապարակումները հետ չեն պահում հանգստանալ ցանկացող հայերին
Բռնաբարեցին, սպանեցին, թալանեցին. Թուրքիայում հանցագործությունների աճի մասին պատմող հրապարակումները հետ չեն պահում հանգստանալ ցանկացող հայերին

Եթե որոշ հայ զբաոսաշրջիկներ Թուրքիա են գնում արևի, ծովի և մատչելի գների համադրությունը հաշվի առնելով, ապա մյուսներին հարևան երկիր գնալուց hետ են պահում այդ հարևան հանրապետությունում հանցագործությունների աճող վիճակագրությունը:
Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր արդարացված չեն համարում հայկական փողերը անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանություն օրրան այդ երկրում վատնելը: Սակայն ամռանը բազմաթիվ զբոսաշրջիկների այս հանգամանքը չի հետաքրքրում:
«Շատ լավ էր: Սպասարկումը լավն էր, պայմանները` շատ լավ, ամեն ինչ հարմար էր»,-«Մեդիալաբին» ասում է Իրինա Շահումյանը, որը 2011-ի ամռան հանգիստն անցկացրել է Թուրքիայում:

Հայաստանում Շահումյանի պես շատերին կարելի է գտնել: «Հայ տուր» տուրիստական գործակալության մենեջեր Մարիամ Իգիթյանի խոսքով՝ նախևառաջ հենց գների և պայմանների համադրությունն է գրավում հայ զբոսաշրջիկներին:

«Ես ինքս կողմնակից եմ այդ երկիր տուր վաճառելուն, քանի որ դա էժան սերվիս է և բավական հաջող է: Այն գումարը, որը նախատեսում են ամառվա հանգստի համար, լրիվ բավականացնում է»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Իգիթյանը նշում է՝ Թուրքիան Հայաստանից ընդունում է զբոսաշրջիկների երկու հիմնական խմբերի. նրանց, ովքեր գնում են պարզապես լիցքաթափվելու, և նրանց, ովքեր նախընտրում են շրջել պատմական հայրենիքում. «Երկու դեպքում էլ հայերը հիմնականում խնդիրներ չեն ունենում»:

Խնդիրներ չի ունեցել նաև Շահումյանը. «Հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին չեմ կարող ասել: Ես հանգստանում էի մայրիկիս հետ, և քանի որ մեզ հետ տղամարդ չկար, և, բացի այդ, շրջապատում ադրբեջանցիները շատ էին, մենք չէին բարձրաձայնում մեր հայ լինելը: Բայց, դե, ադմինիստրացիան գիտեր, որ մենք հայ ենք, ու մեզ շատ լավ էին վերաբերվում»:

Նման վերաբերմունքի մեջ վստահ չէ Երևանի մեկ այլ բնակչուհի` 21-ամյա Յանա Շախրամանյանը: Նրան Թուրքիայում հանգիստ զգալու համար առնվազն 10 տղամարդուց կազմված թիկնազոր է հարկավոր:

«Դուք հետևո՞ւմ եք լրատվությանը:Ես հետևում եմ: Թուրքիայում զարգացած է թրաֆիքինգը, այնտեղ ամեն օր ահաբեկչություններ են տեղի ունենում: Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիայում հայ լինելը արդեն նշանակում է լուրջ խնդիրներ ունենալ,- «Մեդիալաբին» ասում է Շախրամանյանը: – Ես Թուրքիա կմեկնեի, ասենք, հատուկ պատվիրակության կազմում: Այդպես ավելի անվտանգ է»:

Քաղաքագետ Ջոննի Մելիքյանին չի զարմացնում Շախրամանյանի նման դիրքորոշումը: Հայկական մամուլի հրապարակումներին հետևող մարդիկ Թուրքիայի մասին հաճախ բացասական նորություններ են կարդում, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց տեսակետի վրա:

Երևանի մամուլի ակումբի հետազոտություններից մեկի համաձայն՝ հայկական մամուլում Թուրքիայի վերաբերյալ հոդվածների քանակն ավելի շատ է, քան թուրքականում՝ Հայաստանի մասին:

Մելիքյանը նկատում է՝ հայ-թուրքական համաձայնագրերի գործընթացի սառեցմանը զուգահեռ հայկական մամուլում Թուրքիայի մասին քաղաքական հրապարակումները հաճախ փոխարինվում էին հարևան երկրի հանցաշխարհի մասին տեղեկություններով:

«Այդպիսի հոդվածները ստեղծում են ինչ-որ ինֆորմացիոն ֆոն, որն ազդում է մարդկանց վրա: Ես, որպես փորձագետ, կարծում եմ, որ նման տեղեկատվական հոսքով մենք փորձում ենք փակվել Թուրքիայից: Սա նաև, կարելի է ասել, ազդեց դեպի Թուրքիա գնացող զբոսաշրջիկների թվի և հոսքի վրա»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Ազդեցությունը, սակայն, ժամանակավոր էր: 2010-ին էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել էր, որ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը 2009-ի համեմատ նվազել էր։ Նախարարության պաշտոնյան, սակայն, կոնկրետ թվեր չէր նշել:

Պաշտոնյան Թուրքիա այցելությունների քանակի կրճատումը պայմանավորել էր ոչ միայն սև PR-ի գրանցած հաջողությամբ, Անթալիայում հայ զբոսաշրջիկների անվտանգության հետ կապված խնդիրներով, այլև այլընտրանքային առաջարկների ընդլայնմամբ:

2011-ին այս հաջողությունն արդեն տեղի էր տվել: Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տվյալներով՝ իրենց երկիր մեկնող հայաստանցիների թվաքանակը 2011-ի ընթացքում, 2010-ի համեմատությամբ, աճել է 4,5 տոկոսով։

Այս աճին, ըստ փորձագետների, նպաստել է մամուլում Թուրքիայի հանդեպ քաղաքական հետաքրքրության նվազումը, հայկական կողմից պահանջատիրական հայտարարությունների կրճատումը և այլն:

Միաժամանակ, Թուրքիա գնացող «հայկական փողերի» դեմ պայքարողները զենքերը վայր չեն դնում: «Դուք զինում եք թուրքական բանակը»` զգուշացնում են Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

«Մեր կարծիքով` Անթալիա գնալը Արևմտյան Հայաստան գնալ չէ: Երբ դու գնում ես քո նախնյաց հողերը տեսնելու, դա մի բան է, իսկ Անթալիայում հանգստանալ որպես տուրիստ և գումար ծախսելը` այլ բան է: Դրա համար մենք, որպես ուսանողական միություն, դեմ ենք դրան, և ժամանակին անգամ պաստառներ էինք փակցրել և շարունակում ենք ասել, որ Անթալիայում հանգստացողները զինում են թուրքական բանակը»,- «Մեդիալաբին» ասում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հարություն Մելիքյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am