Սեւ հագուստ, սպասումից հոգնած հայացքներ. օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածներին առնչվող բազմաթիվ խնդիրներ

Սեւ հագուստ, սպասումից հոգնած հայացքներ. օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածներին առնչվող բազմաթիվ խնդիրներ
Սեւ հագուստ, սպասումից հոգնած հայացքներ. օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածներին առնչվող բազմաթիվ խնդիրներ

Նրանց հագուստը սև է, հայացքը` սպասումից հոգնած ու վշտալից: Անվերջանալի սպասումների մեջ Հայաստանում ավելի քան երկու հարյուր ընտանիքներ կարոտ են լուրերի իրենց մերձավորների` որդիների, ամուսինների, բարեկամների ովքեր անհայտ կորել են մեծամասամբ ղարաբաղյան պատերազմի տարիներին:
Այսօր` օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ իր մտահոգություններ է հնչեցրել հարցերով զբաղվող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը ավարտվել է, սակայն այն դեռեւս ԱԺ չի մտել:
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեռեւս 2010 թ-ի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011 թ-ի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջնականապես Ազգային ժողովում քննարկման դնելու նպատակով: Այնուամենայնիվ, օրենքի վերջնական ներկայացման վերաբերյալ որեւէ առաջընթաց չկա:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ողջունելով «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրներ,-նշված է ՀՔԱՎ-ի հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը, քաղաքացիների եւ զինծառայողների անհայտ կորչելու եւ գերեվարման փաստերը, նրանց ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական, առողջապահական եւ այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ առավել քան հրատապ է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունումը»:

© Medialab.am