3000 դրամ` բյուջեն լցնելու համա՞ր. Հայաստանից 6 ամիս բացակայողների համար սահմանված «պատիժը» հնարավոր է չեղյալ հայտարարվի

3000 դրամ` բյուջեն լցնելու համա՞ր. Հայաստանից 6 ամիս բացակայողների համար սահմանված «պատիժը» հնարավոր է չեղյալ հայտարարվի
3000 դրամ` բյուջեն լցնելու համա՞ր. Հայաստանից 6 ամիս բացակայողների համար սահմանված «պատիժը» հնարավոր է չեղյալ հայտարարվի

Երկար ժամանակ քննարկումների տեղիք տված օրենքը, որով կես տարի երկրից բացակայելու եւ դրա մասին գրավոր չտեղեկացնելու դեպքում 3000 դրամ տուգանք էր սահմանվում, հնարավոր է չեղյալ սահմանվի: Այս հարցի վերաբերյալ կառավարությունում քննարկումները դեռ շարունակվում են:
Տուգանքը սահմանվել էր անցալ տարվա նոյեմբերի 30-ին ընդունված ու այս տարի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի նոր դրույթի համաձայն` ՀՀ կառավարության կողմից:
Հայաստանից դուրս այլ երկրում 6 ամիս եւ ավելի անցկացնելու դեպքում այդ մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին գրավոր չտեղեկացնողները չհայտնողները տուգանվելու են նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով (3000 դրամ):
Ըստ իրավապաշտպանների, երկրից որոշ ժամանակով բացակայողներին դրա մասին գրավոր հայտնելու պարտավորության առաջ կանգնեցնելը, թեպետ մարդու իրավունքի խախտում չէ, սակայն միջազգայնորեն լայն կիրառում չունի:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ նախկինում եւս ՀՀ դիվանագիտական կառույցներում դրսում գտնվող քաղաքացիները պետք է գրանցվեին, սակայն տուգանքի հարցը չկար:

« Տուգանքի նշանակումը միանշանակ անիմաստ է, այն բյուջեն լցնելու համար է:

Ի զուր տեղը ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի 3000 դրամ, որպեսզի պետությունը իմանա իր քաղաքացու տեղը: Կա շատ ավելի պարզ մեխանիզմ. սահմանապահ ծառայության տվյալների բազայի հիման վրա կարելի է իմանալ մարդկանց մուտքերն ու ելքերը, տեսնել դեմոգրաֆիական շարժը »,-ասում է Սաքունցը:

Օրենսդրական փոփոխությունը ընդունողների հիմնական դրդապատճառը, շատերի համոզմամբ, նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում «ներկա» քաղաքացիների ճշգրիտ թիվն իմանալն էր:

Դրա` ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, հասարակության հիմնական անհանգստությունը միգրացիայի հնարավոր ավելացնում էր:

Փաստաբան Վահե Գրիգորյանը սակայն, ասում է, որ ընտրություներին հանրապետությունում գտնվող մարդկանց թիվը ճշտելու համար օրենսդրական այս փոփոխությունն ու նախատեսված վարչական տույժն արդյունավետ չեն կարող լինել:

«Կարծում եմ՝ իշխանությունները փորձելու են արժանահավատություն տալ ընտրություններին երկրում գտնվող մարդկանց՝ ներկայացվող պաշտոնական թվերին՝ վկայակոչելով նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի այդ նորմին, ասելով թե, եթե մարդիկ դրսում լինեին, անպայման կտեղեկացնեին, քանի որ դրա համար տուգանք է սահմանված»,-նշում է նա:

Սոցիալական ցանցերում օրենսդրական նախաձեռությունը հիմնականում «աբսուրդ» է որակվում, ու շատերը նշում են, որ սրա պատճառով մարդիկ կարող են ավելի հիասթափվել երկրից ու չվերադառնալ:

Ազգային վիճակագրական ծառայության միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների համաձայն` 2012-ի հունվար-հուլիս ամիսներին 83.800 մարդ գնացել ու չի վերադարձել Հայաստան, ինչը 5100 մարդով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Հայկականսոցիալ ժողովրդագրական նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար, միգրացիայի հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյան, այնուամենայնիվ, «Մեդիալաբին» ասում է, որ նման տուգանքը չի կարող միգրացիոն հոսքի ավելացման խթան դառնալ.

«Մարդը այդ 3000 դրամի համար չի գնում կամ գալիս, շատ ավելի ծանրակշիռ պատճառներ են մարդկանց ստիպում Հայաստանից հեռանալ ժամանակավոր աշխատելու կամ ընդմիշտ»,-ասում է Եգանյանը:

«Կառավարությունը այլ հարցի մասին պետք է մտածի` ինչո՞ւ մարդիկ երկիրը լքելուց առաջ չեն գրանցվում: Մարդկանդ մեծ մասն ընդհանրապես չգիտի, որ նման պարտականություն ունի, ոմանք, ովքեր գիտեն, փորձում են խուսափել բյուրոկրատական օղակների հետ շփվելուց»,- նշում է Եգանյանը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Վարդեւանյանը «Մեդիալաբին» ասում է, որ օրենսդրական նման դրույթը միջազգային իրավական պրակտիկայում լայն նախադեպ չունի.

«Ըստ էության, նման դրույթ նախատեսելը չի հակասում մարդու իրավունքներին, քանի որ սա ոչ թե ազատ տեղաշարժն է արգելում, այլ որոշակի նորմեր է նախատեսում դրա մասին չտեղեկացնելու համար»:

Խնդիրը, սակայն, ըստ Վարդեւանյանի, գրավոր տեղեկացնելու պարտադիր պահանջն է երկիրը լքելուց մինչեւ 6 ամիս ժամկետում.

«Մենք ոստիկանությանը գրավոր հարցում ենք ուղարկել` պարզաբանումներ ստանալու համար: Օրինակ գրավոր չտեղելացնելու դրույթի առնչությամբ հարցրել ենք, արդյո՞ք էլէկտրոնային հաղրոդագրությունը որպես գրավոր տեղեկացում է դիտարկվելո՞ւ, թե՞ ոչ: Չէ՞ որ, շատ տեղերում մարդիկ հնարավոր է` չկարողանան հարյուրավոր կիլոմետրեր անցնել գրավոր տեղեկացնելու համար»:

«Մեզ հետաքրքրում է, թե ինչպես է փաստացի կիրառվելու նոր նորմի դրույթը, արդյո՞ք մեխանիզմներ են մշակվել նրանց պատասխանատվության ենթարկելու համար, արդյոք մշակվել է վարչական ակտի տրամադրման ձեւը` ինչպես են իրեն տրամադրելու վարչական ակտը»,- հավելում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:

Սակայն, ինչպես այսօր eMedia.am-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը` «խնդիրը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում՝ քննարկման փուլում, իսկ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելուց հետո հանրությունը անմիջապես կիրազեկվի այդ մասին»:

Սառա Խոջոյան

© Medialab.am