Մակրոնի աջակցությունը և Հայաստանի ռիսկերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ներկայացվեց որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների նոր մակարդակ։ Իսկ Մակրոնը, կարծես մոռանալով, որ մինչ իրեն Հայաստան են այցելել նաև իրեն նախորդող նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին, հայտարարեց, որ նախկինում նման բարձր մակարդակի այցեր և ներկայություն Հայաստան դժվար թե հնարավոր լինեին՝ դա կապելով Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ։

Մակրոնի այցի ջերմագույն քաղաքական մթնոլորտը գունազարդվեց ոչ միայն կազմակերպված շքեղ ընդունելությամբ, դրոնային շոուներով և Գյումրիում նախատեսվող մեկ միլիոն դոլարանոց հայ-ֆրանսիական համերգով, այլ նաև Մակրոնի քաղաքային զբոսանքներով և երևանյան փողոցային շների հետ սրտառուչ լուսանկարներով։ Թերևս պակասում էին Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթի հուզիչ հայերեն բանաստեղծությունները, որոնցով նա շռայլորեն կիսվում էր գրեթե ամեն անգամ, երբ Հայաստանն ապրում էր իր հերթական ճգնաժամը։

Այցի ընթացքում Մակրոնը հերթական անգամ վերահաստատեց Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը, իսկ Փաշինյանը հենց Մակրոնի ներկայությամբ, պետական ընթրիքի ժամանակ, առանձնացրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանի ներկայիս տարածաշրջանային իրականության և խաղաղության օրակարգի հիմքերը մեծապես ձևավորվել են այնտեղ։ 

Հատկանշական է, որ մինչ այժմ այդ գործընթացի քաղաքական արդյունքը Հայաստանի ներսում միանշանակ չի ընկալվում։ Իշխանությունն այն ներկայացնում է որպես Հայաստանի ինքնիշխանության և խաղաղության օրակարգի կարևոր հիմք, մինչդեռ քննադատների և հասարակության մի լայն հատվածի համար Պրահան կապված է Արցախի կորստի և հայաթափման հետ։

Ակնհայտ է, որ 2020 թվականից հետո Հայաստանը հայտնվել էր անվտանգության խոր ճգնաժամի մեջ, իսկ այն համակարգերը, որոնց հիման վրա տարիներ շարունակ կառուցվել էր երկրի անվտանգային ճարտարապետությունը, ուղղակի չաշխատեցին, և Ֆրանսիայի քաղաքական աջակցությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցավ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ խորհրդանշական, թե՛ որոշակի պաշտպանական համագործակցության մակարդակում։

Այդ աջակցությունը, սակայն, չի վերացնում հիմնական հարցը․ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում փոխարինել այն անվտանգային, տնտեսական և էներգետիկ կախվածությունները, որոնցից հրաժարվելու մասին այսօր այսքան բաց խոսում է Մակրոնը։ 

Այո՛, Հայաստանի խնդիրը անվտանգային և արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացումն է, և այդ դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է, սակայն չի կարող սահմանափակվել քաղաքական հայտարարություններով կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրմամբ, եթե դրան զուգահեռ չեն կառուցվում փոխարինող շուկաներ, էներգետիկ աղբյուրներ, ֆինանսական բուֆերներ և անվտանգության գործնական մեխանիզմներ։

Այս հարցը հատկապես կարևոր է, որովհետև Հայաստանի տնտեսական և էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ աննախադեպ խորն են և անգամներով ավելի են խորացել հենց Փաշինյանի կառավարման ընթացքում։ Փաշինյանի սիրելի արտահայտությունը կրկնելով՝ ևս մեկ անգամ փաստենք․ Հայաստանը երբեք այսքան տնտեսապես կախված չի եղել Ռուսաստանից, որքան այսօր, Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ Հայաստանի տասը խոշոր հարկատուները կա՛մ ռուսական կապիտալով են, կա՛մ իրենց վաճառքները հիմնականում իրականացնում են Ռուսաստանում, կա՛մ այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի հետ։ 

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի գլխավոր հարկատուի եկամուտների զգալի մասը ձևավորվում է դեպի Ռուսաստան հեռախոսների վերաարտահանման շղթայից։ Իսկ նախկին գլխավոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Հայաստանի կարևորագույն տնտեսական ակտիվներից է և աշխարհի խոշորագույն մոլիբդեն արտադրող ընկերություններից մեկը, մինչև Փաշինյանի կառավարումը գործում էր գերմանական կապիտալի մասնակցությամբ, իսկ Փաշինյանի կառավարության ժամանակ անցավ ռուսական կապիտալի վերահսկողության ներքո։

Սրանք պարզապես տնտեսական ցուցանիշներ չեն։ Սրանք այն կախվածություններն են, որոնք քաղաքական ճնշման դեպքում կարող են վերածվել շոկերի՝ արտահանման, դրամական հոսքերի, էներգակիրների գների, լոգիստիկայի, բանկային գործառնությունների և բյուջետային մուտքերի մակարդակում, և պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահը բաց և ուղիղ տեքստով զգուշացրեց, որ ԵՄ-ի հետ ավելի խոր ինտեգրման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսաստանյան շուկա արտոնյալ մուտքի հնարավորությունները և ավելի թանկ վճարել ռուսական գազի ու սննդամթերքի համար։

Եթե այսօր Ֆրանսիան և Եվրոպան խրախուսում են Հայաստանին կառուցել ավելի անկախ անվտանգային, տնտեսական և արտաքին քաղաքական գիծ, ապա պետք է հստակ լինի, թե ի՛նչ գործնական մեխանիզմներով են նրանք պատրաստ մասնակցելու այդ անցման ռիսկերի նվազեցմանը։ Քաղաքական աջակցությունը կարևոր է, բայց չի կարող փոխարինել շուկաներին, էներգետիկ պայմանագրերին, անվտանգության կոնկրետ երաշխիքներին, ֆինանսական բուֆերներին և ճգնաժամային կառավարման գործիքներին։

Հայաստանին անհրաժեշտ են շատ կոնկրետ պատասխաններ։ Ինչպե՞ս է փոխարինվելու ռուսական շուկայի հնարավոր կորուստը։ Ի՞նչ այլընտրանքներ կան ռուսական գազի գնի կամ մատակարարման պայմանների փոփոխության դեպքում։ Ո՞վ է ֆինանսավորելու էներգետիկ և լոգիստիկ դիվերսիֆիկացումը։ Ո՞վ է գնելու հայկական գյուղմթերքը։ Ի՞նչ գործիքներ կան, եթե սահմանափակվեն հայկական ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա կամ ֆինանսական փոխանցումները։ Ի՞նչ գործնական անվտանգային դեր կարող են ստանձնել Ֆրանսիան և ԵՄ-ն՝ խորհրդանշական աջակցությունից դուրս։

Ինքնիշխանությունը միայն Ռուսաստանից հեռանալու կարողությունը չէ։ Ինքնիշխանությունը նաև այլընտրանքներ կառուցելու, ռիսկերը հաշվարկելու և արտաքին գործընկերներին կոնկրետ պատասխանատվության դաշտ բերելու կարողությունն է։ Եթե Հայաստանը գնում է դեպի ավելի եվրոպական ուղղություն, այդ ընթացքը պետք է չափվի ոչ միայն հայտարարություններով և պետական այցերով, այլև այն հարցով, թե ինչ իրական փոխարինող համակարգեր են ստեղծվում ռուսական կախվածությունների փոխարեն։ 

Ֆրանսիան Հայաստանի կարևոր գործընկերն է, և այդ գործընկերությունը պետք է խորացնել։ Բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է կարողանա նույն սեղանի շուրջ, որտեղ հնչում են բարեկամության խոսքեր, և շռայլորեն բաժանվում են մեդալներ, դնել նաև ռիսկերի հարցը։ Ո՞վ է փակելու հնարավոր հակազդեցության ամբողջ գինը։

Այդ հարցը կարող է շատ արագ արդիական դառնալ, եթե Ռուսաստանը սկսի օգտագործել իր ունեցած տնտեսական, էներգետիկ, ֆինանսական և միգրացիոն լծակները։ Այդ դեպքում հնարավոր հակազդեցության գինը վճարելու են ոչ թե Մակրոնը կամ Ֆրանսիան և ոչ էլ եվրոպական ամբիոններից հնչող գեղեցիկ խոսքերը, այլ Հայաստանի քաղաքացին, տնտեսվարողը, արտահանողը և պետական բյուջեն։

Առանց այդ պատասխանների՝ Մակրոնի ձեռքը կարող է շատ ջերմ թվալ պետական ընթրիքի սեղանի շուրջ, բայց առավոտյան Հայաստանը կարող է նորից արթնանալ մենակ՝ մի ձեռքին Մակրոնի գեղեցիկ հայտարարությունները, մյուսին՝ Ռուսաստանի հետ բացվող նոր ճգնաժամի հաշիվ ապրանքագիրը։

Մարի Ներսեսյան

MediaLab.am