«Կուզեմ մինչև վերջին պահը ուժերս չսպառվեն»․ կամավոր Լիլիա Ավետիսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում

Երևանի մեկուսարաններից մեկում գտնվող կամավոր, ապագա բժիշկ Լիլիա Ավետիսյանը որոշել է, որ մինչև վերջ լինելու է առաջնագծում։ Թեև աշխատանքը հեշտ չի, շատ պատասխանատու է, լարված, սակայն ասում է, որ մտքով էլ չի անցել այդ ամենը թողնել և վերադառնալ սովորական կյանքի ռիթմին: Ասում է՝ որ մնալու է մինչև վերջ, մինչև չավարտվի կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը։

«Կարծում եմ՝ այնքան կմնամ, մինչև ուժերս սպառվեն, ես կուզեմ՝ մինչև վերջին պահը չսպառվեմ, կարծում եմ՝ չի լինի նման բան»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհին, որն արդեն 32 օր է՝ կամավորների թիմի հետ մեկուսարանում իր օգնություն է ցուցաբերում մեկուսացված քաղաքացիներին, կորոնավիրուսային հիվանդների հետ կոնտակտ ունեցող մարդկանց:

Լիլիան որոշել է միանալ առաջնագծի պայքարի թիմին, երբ տեսել է Ազգային բժշկական պալատի հայտարարությունը՝ «Անհրաժեշտ են կամավորներ Երևանում կոնտակտավորների խնամքի կազմակերպման և համաճարակաբանական մասնագիտական աշխատանք իրականացնելու համար»:

«Քանի որ դեռ կրթությունս լիովին չէ, դեռ դիպլոմ չունեմ, չեմ կարող որպես բժիշկ օգնել, փորձեցի օգնել այս տարբերակով, ինչով կարող եմ։ Հայտարարությունը տեսա, խնդրեցի, ընկերներս էլ էին այստեղ ու շատ ծանոթ մարդիկ ու միացա իրենց, ուղղորդեցին ինձ մեկուսարաններից մեկը, որտեղ գտնվում էին կոնտակտավորներ կամ հնարավոր կոնտակտավորներ, արտերկրից ժամանած մարդիկ, ում պետք էր աջակցել թե՛ կենցաղային, թե՛ առողջական հարցերով։ Սա իրապես բժիշկների կռիվն է, եթե պատերազմ լինի, ու զինվորը չմասնակցի, կարծում եմ՝ տանուլ կտանք այդ պատերազմում»,- նշում է նա: 

Մինչ կամավորություն իրականացնելը ծանոթացել են, թե ինչպես պետք է իրականացնեն աշխատանքը, որպեսզի վարակից զերծ մնան։ Մեկուսացվածների մոտ գնալիս արտահագուստը պիտի լիարժեք լինի՝ հերմետիկ փակվող հագուստ, N95 ռեսպիրատոր դիմակ, ակնոց, գլխարկ, ձեռնոց:

«Հիվանդներին խնդրում ենք պարտադիր դիմակ կրել` մինչև դուռը բացելը և մեզ հետ շփվելը: Փորձում ենք պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն և ախտահանվել ամեն շփումից հետո, նոր հանել արտահագուստը: Էդպես վիրուսի փոխանցման հավանականությունը գրեթե զրոյանում է»,- ասում է նա:

Մեկուսարանում աշխատանքները հիմնականում սկսվում են 8։30-ից, օրը երեք անգամ սնունդ են տալիս։ Հերթապահություն է սահմանված։ Լիլիան պատմում է, որ ամենադժվար օրերը լինում են, երբ նոր մարդիկ են ընդունում, իրավիճակը բարդանում է, երբ մարդկանց թիվը մեծ է լինում, քանի որ մարդիկ չգիտեն՝ ուր են գալիս, ինչ է սպասվում: «Դժվար է փակել մարդկանց սենյակում ու ասել, որ 14 օր պետք է այնտեղ լինեն։ Մարդիկ շատ հաճախ կատակում են, ասում են՝ լյուքս բանտ են ընկել»,- ժպտալով ասում է նա:

Լիլիան պատմում է, որ մեկուսարան գալը, այնուամենայնիվ, հեշտ չի եղել, քանի որ ծնողները դժվարությամբ են համաձայնվել. «Մայրս ասում էր՝ դու քեզ քո ձեռքով գցում ես մեծ վտանգի մեջ, դու չես մտածում սեփական ապահովության մասին։ Սակայն ես չէի կարող իմ ապահովությունը ամեն ինչից վեր դասել, ես եմ այդ մասնագիտությունն ընտրել։

Էլ ավելի համարձակություն տվեց հայրս, որովհետև գտնում էր, որ սա մեծ փորձ կլինի իմ ճանապարհին, ու եթե երկրին պետք են բժիշկներ (կամ ապագա բժիշկներ), ապա ես պիտի էնտեղ լինեմ,- պատմում է Լիլիան և հավելում․- իմ բախտը բերել է, ծնողներս ընդառաջում են ցանկություններիս, ինձ էլ համարում են հասուն մարդ և գիտեն, եթե ես որևէ ցանկություն ունեմ կատարելու, այսպիսի աշխատանք, ուրեմն դրա ողջ վախերը, սխալները հասկանում եմ, չնայած մինչև օրս ձայներից զգում եմ, որ սրտնեղում են, բայց ինձ չեն կարողանում բան ասել»։ 

Լիլիայի ձեռքերի մաշկը չորացել է, կարմրել, բայց չի հոգնում ախտահանման կանոններին հետևելուց և պահպանելուց, քանի որ համոզված է, որ իրավունք չունի վարակվելու։ «Մեր կյանքը միայն մեր կյանքը չէ, մեր մի հոգու առողջությունից է կախված էստեղ շատերի աշխատանքը, 120 հոգի կա մեր հսկողության տակ»,- նշում է նա։

Անդրադառնալով մեկուսարանի աշխատանքին՝ ասում է, որ հիմնական խնդիրները լինում են տարեց և երեխաներ ունեցող մարդկանց հետ։ Երեխաների հետ փորձում են իրենց լեզվով խոսել, խաղալիքներ և կոնֆետներ նվիրել, իսկ տարեցները հիմնականում առողջական խնդիրներով են դիմում։

«Երեկ բարձրացա վերև ու սնունդ բաժանելու ընթացքում երեխայի գոռոց լսեցի: Առաջինը էնտեղ վազեցի ու փորձեցի օգնություն ցուցաբերել, հարցրեցի՝ ինչ է եղել, հայրը թեքվեց ու ասեց՝ առավոտից քեզ է ուզում, երևի 5 տարեկան կլինի, ասում է՝ ինչի Լիլին էստեղ չի գալիս, իսկ ես ամբողջ գիշեր հերթապահության էի եղել, առավոտյան ու կեսօրին չէր ստացվել էնտեղ գնալ։ Փաստորեն երեխան ուղղակի կապվել էր ու ուզում էր ինձ տեսնել, խոսել, հեռախոսահամարս եմ տվել ու ասել եմ՝ հենց ուզես, զանգի»։

Նշում է, որ մեկուսարանում գտնվող անձանց հետ մտերմություն է ձևավորվում, անգամ տուն գնալուց հետո գրում են, որ ուզում են վերադառնալ։ 

Լիլիան պատմում է, որ այս դժվար իրավիճակը ավելի հեշտ են հաղթահարում, քանի որ թե՛ կամավորները, թե՛ ոստիկանները, բժիշկները դարձել են մի թիմ, իրար ուժ են տալիս, հաճախ կատակներ անում։ «Ես այնքան եմ նվիրվում, ուզում եմ մարդկանց օգնեմ, և երբ զգում ես, դա գնահատվում է, էդտեղից քեզ էներգիա ա գալիս»,- ասում է նա։

Լիլիային այս օրերին ամենաշատը տպավորել է, երբ հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկուսարանում էր, և կամավորներով կարողանում էին դռան մյուս կողմից վայելել երաժշտությունը։ «Մենք առիթ ունեինք դռնից այս կողմ վայելելու նրա կատարումները: Ամեն անգամ, երբ հաց էինք տալիս, ու համընկնում էր նրա փորձերի հետ, կանգնում էինք դռնից մի քիչ այն կողմ և լսում էինք։ Մեծ պատվիվ էր նրա հետ շփվելը»։

Մենք ենք շնորհակալ նման գնահատանքի համար… ❤️Վայելեք… Կոմիտաս «Ծիրանի ծառ»Narek Hakhnazaryan

Gepostet von Lilia Avetisyan am Mittwoch, 22. April 2020

Լիլիային աշխատանքի ընթացքում շատ են ցավեցրել հատկապես այն դեպքերը, երբ մեկուսարան են եկել քաղաքացիներ, որոնք վերադարձել են արտերկրից իրենց մահացած հարազատին հրաժեշտ տալու և ստիպված են փակված մնալ սենյակում։ 

«Այստեղ գալիս են իրենց մահացած բարեկամին վերջին հրաժեշտ տալու, ու մենք նրանց բերում ենք մեկուսացման, ու շատ խնդիր է առաջանում կազմակերպել թաղում գնալը: Լինելով ապագա բժիշկ՝ ես չեմ կարող հոգեբան չլինել, այդ մարդկանց շատ դժվար է հասկացնել, որ այս է խնդիրը։ Ոստիկանների ու բժիշկների ժամեր տևող աշխատանքի շնորհիվ փորձել ենք բոլորի խնդրին լուծում տալ»,- նշում է նա։

«Այս պահի ամենամեծ ցանկությունս է, որ ոչ մի բժիշկ, այս ոլորտում աշխատող մարդ հանկարծ չհանձնվի, չընկճվի, ինչը էս ընթացքում շատ հնարավոր է: Դա ամենավատ բանը կլինի, որովհետև ցանկացած լավ մասնագետի ու կամավորի կորուստ այստեղ երևում է»։

Իր հորդորն է նաև հղում մարդկանց, որ ինչքան էլ սահմանափակումները դուրս են եկել, մարդիկ մտածեն իրենց հարազատի մասին, իրենց կյանքի մասին, չկորցնեն զգոնությունը և օգնեն նաև իրենց վարքագծով բժիշկներին։

Իսկ այս ամենի ավարտից հետո ուզում է տուն վերադառնալ, կարոտն առնել ընտանիքի անդամներից։

«Մի անգամ պապան անհրաժեշտ իր բերեց տնից, շատ էի ուզում գրկել, բայց ինձ թույլ չտվեցի, ու ներքուստ շատ ցավոտ էր։ Ամենաշատը կարոտել եմ մեր տունը, ընտանիքիս բոլոր անդամներին։ Երբ այս ամենը ավարտվի, գնամ տուն, երևի մի քանի օր դուրս չեմ գա տնից, ամենամոտ մարդկանց կհրավիրեմ մեր տուն»,- ասում է Լիլիան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am