«Երեք բրիգադը մինիմում 1500 հոգի կարող է լինել, այսինքն՝ առաջնագծի մի փոքրիկ հատվածի ուղղությամբ այդքան զորք է բերվել»․ Փորձագետ

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, այսօր պաշտոնապես հայտարարվեց՝ հարավարևելյան ուղղությամբ առավոտյան հրթիռակոծության հետևանքով հակառակորդը թողել է 60 զոհ, իսկ երեք բրիգադի մնացորդները, խուճապի մատնվելով, փախել են։ Կներկայացնեք՝ երեք բրիգադն ի՞նչ է ներկայացնում, որքա՞ն մարդու մասին է խոսքը։

– Իրականում սա շատ-շատ մեծ մարդկային թվերի մասին է խոսում։ Եթե ամենամինիմալ թվերով գնահատենք, ապա խոսքը 1500 մարդու մասին է։ Այսինքն՝ 1500 հոգի միանգամից մի փոքր ուղղությամբ են եկել։

Սա մինիմալ թիվն է։ Իրականում եղել է հուժկու հարձակում, և, ինչպես պաշտոնապես հայտարարվեց, մի թևը փորձել են ապահովել Իրանով, այսինքն՝ վստահ լինելով, որ այնտեղից ոչ մի հարձակում չի լինի, իսկ մյուս կողմից՝ Իրանը որպես վահան են օգտագործել, նաև վստահ լինելով, որ մենք կտրուկ չենք հարձակվի՝ Իրանին չվնասելու համար։ Այսինքն՝ հերիք չէ՝ երեք բրիգադով, հերիք չէ՝ Իրանի սահմանով, մի հատ էլ Իրանը մեզ համար դարձրել են թիրախ։

– Սա նո՞ր մարտավարություն է։

– Այո՛, սա բացարձակ նոր մարտավարություն է, քանի որ 90-ական թվականների պատերազմի ժամանակ այս հատվածում գրեթե մեկ փամփուշտ չի կրակվել։ Իսկ հիմա նրանք գնացել են ու իրենց վահան են դարձրել այդ տարածքը։ Այն ժամանակ Իրանը հարցը խիստ դրեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առջև՝ պահանջելով, որ այդ հատվածներից հեռու մնան։

Հիմա էլ, թեև Իրանը կրկին հարցը կտրուկ է դրել, բայց միևնույն է՝ ադրբեջանցիներն իրենց ահաբեկչական մտածելակերպով որոշել են երկու նապաստակ որսալ՝ պատսպարվել Իրանի քողի տակ ու ոչ միայն մեզ համար խնդիրներ ստեղծել, այլ նաև թույլ չտալ կրակել։ Չէ՞ որ մենք պետք է կրակելիս հարյուր տոկոսով վստահ լինենք, որ այն կհասնի թիրախին և ոչ թե մի քանի մետր այն կողմ Իրանի սահմանին։ 

– Այսօր առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրանական կողմը, որին տեսանելի են նման կուտակումները, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից: Ի՞նչ է նշանակում սա, հայկական կողմը զգուշացնո՞ւմ է Իրանին։

– Իհարկե, միանշանակ, քանի որ Իրանը նաև այստեղ պետք է իր խոսքը ասի, որովհետև ակնհայտ է, որ մոտակա տարածքում Իրանի անվտանգությունը պաշտպանող ուժեր են, և մենք կարող ենք Իրանի բանակին հարված հասցնել։ Սա նաև Իրանին ուղղված մեսիջ է, որ պետք է Իրանը հայտարարություն անի ու կոշտ արձագանքի, որ Ադրբեջանն իր հարձակողական ուժերը Իրանի սահմանից հետ քաշի։

– Այսօր պաշտոնապես նաև հայտարարվեց, որ առավոտյան հայկական ստորաբաժանումների կրակով հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Դա ի՞նչ է իրենից ներկայացնում, արդյոք նրանց համար մե՞ծ կորուստ է, իսկ հայկական ուժերի համար՝ ձեռքբերում։

– Այո՛, դա ռազմական առումով բավականին լուրջ ձեռքբերում է, որովհետև, ինչպես գիտեք, ռազմական գործողություններում, պատերազմում ժամանակը շատ թանկ է։ Այս դեպքում մենք մեզ համար վերացրել ենք հենց այդ ժամանակը։ Այսինքն՝ նրանք չեն կարող դիզվառելիքով ապահովել իրենց զինտեխնիկան և ստիպված են լինելու հեռու տեղից դիզվառելիք բերել։ Այնպես որ, սա իսկապես մեզ համար ռազմական ձեռքբերում է։

– Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր մարտական գործողությունները․ մեկ հայտարարվում է, որ հակագրոհ է կազմակերպվել, մեկ՝ պաշտպանվել ենք, նույնիսկ նշվեց նահանջի մասին, որը թիկունքում անկումային տրամադրություններ առաջացրեց։ Կներկայացնեք՝ ի՞նչ է նշանակում այդ ամենը։

– Ես հիմա փորձեմ վերլուծել բացառապես պաշտոնական տեղեկատվությունը։ Ընդհանրապես մարտավարության մեջ, ռազմական գործում նահանջը, զորքը հետ քաշելը և այլն հենց այնպես չեն արվում։

Դրանք նպատակային են ու ունեն հստակ խնդիր։ Եթե մենք հատուկ նպատակով ենք հետ քաշել, ուրեմն մեր առջև կա մարտավարական խնդիր, որը պետք է լուծվի։ Այնպես չէ, որ մենք հենց այնպես զորքը հետ ենք քաշել։

Դրա վառ ապացույցը երեկ ու այսօր առաջնագծում տեղի ունեցած գործողություններն են, դրանք այն գործողություններն էին, որ մենք կարողացանք ջախջախիիչ հարված հասցնել։

Եվ դա շնորհիվ այդ մարտավարական հնարքի։ Ինչ վերաբերում է թիկունքի անկումային տրամադրություններին, ապա գիտեք՝ թիկունք շատ տեղայնացված լուրեր են գալիս ու ընդհանրացված չեն, մի հատվածից այլ լուր է գալիս, մյուսից՝ մեկ այլ, և դա այն դեպքում, երբ կողք կողքի կռվող տղաները չգիտեն՝ ինչ իրավիճակ է։

Այնպես որ, եկեք անկումային տրամադրություններից զերծ մնանք և, ամենակարևորը՝ երբեք ու երբեք չօգտվենք ադրբեջանական մեդիադաշտից, որովհետև մեր անկումային տրամադրության վրա հենց դա է ազդում։ Հանրությանը խնդրում ու կոչ եմ անում, որ ընդհանրապես զերծ մնան ադրբեջանական ԶԼՄ-ներին հետևելուց, այդ հոգեբանական սթրեսը տանելուց։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am