Հարթակում կանգնած են անհայտ և ժամկետանց ուժեր, չկա որևէ ուժ, որ առաջնորդի ժողովրդին. Ազատ Արշակյանը

Լուսանկարը՝ 24news.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարո՛ն Արշակյան, Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանրահավաքին հայտարարեց, որ մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տալիս վարչապետին՝ հրաժարական ներկայացնելու, իսկ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների: Ի՞նչ ուղերձ կար սրանում, քաղաքացիական պատերազմի՞։

– Քաղաքացիական պատերազմը սկզբունքորեն բացառվում է, որովհետև ուժերը շատ անհավասար են։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն իր հատկապես վերջին ելույթներում որևէ հաշվետվություն, երկրի զարգացման, ճգնաժամից դուրս բերելու ծրագիր չի ներկայացրել։

Օրինակ՝ ոչ մի տեղ չի ներկայացրել, թե ո՛վ է դոնորը, ո՛վ է ֆինանսավորելու ավերված Արցախը վերականգնելու ծրագիրը, ո՛վ է ֆինանսավորելու հայկական ԶՈՒ տեխնիկական կորուստների վերազինման ծրագիրը։

Եվ, վերջին հաշվով, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ի՞նչ մասնակցություն են ունենալու այդ վերականգնման ծրագրին, ի՞նչ աջակցություն են ցույց տալու Հայաստանի Հանրապետությանը։

Հայաստանը Սփյուռքի հետ միասին իր ռեսուրսներով ի վիճակի չէ ռեաբիլիտացիա անելու և՛ Հայաստանի, և՛ Արցախի կորուստները, և բոլորիս դա անհանգստացնում է։ Ի՞նչ ենք անելու, ո՞վ է մեր դաշնակիցը, թե՞ մենք էլ հույսներս պետք է դնենք Ադրբեջանի դաշնակիցներ Թուրքիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի վրա, որ օգնեն՝ Հայաստանը վերականգնի իր կորուստները։

Ռուսաստանն ակնհայտորեն հայտարարեց, որ ինքը չեզոք է, որ երկուսն էլ իր դաշնակիցներն են, ավելին՝ ՌԴ-ն այսօր ռեսուրսներ չունի իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Հրապարակում հավաքված մարդիկ դրանով են անհանգստացած, բայց ոչ հարթակում կանգնածները։

– Հարթակում կանգնածներն ա՞յլ ծրագրեր ունեն։

– Նրանք հայտնի են բոլորին, լուսանցքում մնացած ուժեր են, նրանք հիմա կարո՞ղ են տեր կանգնել ծանր կորուստ կրած քաղաքացիներին, աջակցել, այդ քաղաքացիները վստահելո՞ւ են այդ ուժերին։

Նրանք առաջարկեցի՞ն, իրենց ծրագիրը ներկայացրի՞ն, թե ինչ օրենքներ և բարեփոխումներ են անելու, ի՞նչ դաշնակիցներ ունեն իրենք։ Մարդիկ եկել էին հրապարակ դա լսելու, «Իմ քայլին» և Նիկոլ Փաշինյանին այլընտրանքային ծրագիրն էին եկել լսելու։

– Նաև հայտարարեցին, որ իրենց առաջարկած ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2,5 տարի առաջ այս հրապարակում խոստացել է Նիկոլ Փաշինյանը, բայց չի արել։

– Եթե Փաշինյանը ինքն իր ծրագիրը չի կարողացել անել, նրանք Փաշինյանից էլ ավելի՞ Փաշինյան են, նրանք այլընտրանքային իրատեսական զարգացման ծրագիր պետք է ներկայացնեն, և եթե Նիկոլ Փաշինյանը Մաքսային միության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ջատագովն ու կողմնակիցն է, ուրեմն իրենք այլ տարբերակի կողմնակիցը պետք է լինեն, որովհետև ВЕРНОПОДДАННЫЙ ծրագիրը բերեց պատերազմում պարտության և մեկուսացման:

Հիմա իրենք ավելի մեծ կորուստների՞ են տանելու Հայաստանը։ Ա՛յ դա է խնդիրը, այլընտրանքն ավելի վատն է, քան իսկականը, իսկական Փաշինյանից վատն է կեղծ Փաշինյանը։

– Ի՞նչ պոտենցիալ ունի այս շարժումը։

– Դժգոհությունը որևէ ձևով պետք է դրսևորվի, բայց հարթակի ուժերը այդ դժգոհությունը ուղղորդելու ծրագիր չունեն, և իրենք ֆոտոգենիկ չեն, իրենք նույնացվում են կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ համակարգի հետ։

Նրանք ռեստավրացիայի կողմնակից են՝ վերականգնել հին և «բարի» ժամանակները՝ կոռուպցիան, կեղծիքը, թալանը, դա՞ են վերականգնելու, այսինքն՝ ծրագիր չկա։

Նրանք՝ հարթակում գտնվողները, այդ գործի մեջ հմուտ են։ Եվ հիմա հայ ժողովուրդն ընտրելու հնարավորություն չունի, դժգոհ է, բայց այդ դժգոհությունը տեղավորելու տեղ չունի, քաղաքական հանրույթը սնանկ է ՀՀ-ում։ Հարթակում չկա որևէ ուժ, որ առաջնորդի ժողովրդին։

Կարող է ինչ-որ տեղ կա, և դա դեռ կգա, հույս ունեմ, որ դեռ կգա, բայց դրանք ակնհայտորեն հարթակի ուժերը չեն։ Հարթակում կանգնած ուժերը հայտնի դեմքեր են և ոմանք էլ՝ ժամկետանց։ Այնտեղ կան անհայտ և ժամկետանց ուժեր։ 

Վարչապետի նրանց թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ իր ելույթում ասաց, որ իրենք երբեք չեն հաշտվի եռակողմ հայտարարության հետ, բայց դա չեն կարող փոխել։ Այդ դեպքում ո՞րն է նրանց նպատակը։

-Ես մի ծաղրանկար եմ քաշել, վրան գրված է՝ гады родину продают։ Այնտեղ՝ հարթակում կանգնածները ասում են՝ առանց մե՞զ եք վաճառել։ Հիմա ասում են՝ մենք էլ ենք եռակողմն ուզում ստորագրել։

Քանի որ ուրիշ բան չեն առաջարկում, եթե նրանք նոր հաղթական պատերազմ սկսելու ծրագիր ունեն, թող ներկայացնեն, եթե պետք է անեն այն, ինչ Փաշինյանը, հեն է՝ Փաշինյանն անում է, որքան կարողանում է։

Մանե Հարությունյան 

MediaLab.am

Այսօրվա հանրահավաքում

Protesters of 17 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation on Freedom Square of Yerevan, Armenia