«Բանակում չկար ռադիոկապ, ես հեռախոսով էի մարտը վարում, ԱԹՍ-ների առաջին հարվածներով ոչնչացվել էր մեր հրետանին». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Արցախում կադրային փոփոխություններ եղան, Մանե Թանդիլյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Վիտալի Բալասանյանը նշանակվեց իր հին պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, թեև հիշում ենք, թե նա ինչպիսի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին: Դուք ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյո՞ք ձեզ համար անակնկալ էր այս նշանակումը:

– Ես գտնվում եմ Ստեփանակերտում, հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Մենք եկել ենք այն եզրակացության, որ Արցախում բոլորս պետք է միավորվենք ի շահ Արցախի, ի շահ Արցախի ապագայի, որովհետև տեսանք, թե այս վերջին 30 տարիներին Հայաստանն ինչ խաղեր խաղաց Արցախի գլխին, ինչպես առաջին նախագահը ասաց՝ շրջանները պետք է վերադարձնենք, եթե չվերադարձնենք, տղա եք՝ պահեք: 

Նա կառուցողական դիրք էր վերցրել և ուզում էր տարածքները վերադարձնել: Երկրորդ և երրորդ նախագահները պարզապես ժամանակը կերան, անօրինական հարստացան, օլիգարխներ առաջացան: Իսկ հեղափոխությամբ առաջ եկած Նիկոլ Փաշինյանը պարզապես չիրացրեց այդ հեղափոխությունը: 

Նա չքննադատեց Լևոն Տեր-Պետրոսյանին, թիրախ դարձրեց միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանին չպատժեց, նրա շրջապատից ոչ մեկին չպատժեց, պատժեց միայն Ռոբերտ Քոչարյանին: 

Դա ինձ մոտ տպավորություն թողեց, որ նա արցախահայությունից մարտի 1-ի մուռը հանեց և Արցախը, փաստորեն, հանձնեց: Վիրավորվելուց հետո Արցախ վերադառնալով՝ դա այնքան հեշտ է տեսնելը: 

Ես կարծում եմ, որ այսքան զոհերից, անհայտ կորածներից, այսքան տարածքային կորուստներից հետո գլխավոր հրամանատարը պետք է պարզապես ինքն իրեն խփի: Ինքը դա չարեց, իսկ եթե չարեց, պետք է հրաժարական տա: 

Եթե ինքը հրաժարական չի տալիս, ապա ունի ծրագիր, ունի հանձնելու այլ ծրագրեր: Ինքն ուզում է հանձնել, օրինակ՝ Զանգեզուրը, ուզում է բանակը թուլացնել: 

Հիմա գիտե՞ք մեր բանակն ի՛նչ վիճակում է՝ կոտրված, քայքայված վիճակում: Նիկոլ Փաշինյան չարիքից պետք է ազատվել, որ գոնե հանրային համերաշխություն առաջանա Հայաստանում: 

Ես հակված չեմ Նիկոլ Փաշինյանին դավաճան համարելու: Նա դեբիլությունից դա արեց: 

Հայաստանում կան զոմբիներ, որ մտածում են՝ վերջապես Հայաստանն ազատվեց Արցախից, և Փաշինյանը այդպիսի ծնողների աջակցությունն է ստանում, բայց այդ աջակցությունը ժամանակավոր է:

Որովհետև Հայաստանի ժողովուրդը շուտով իր կաշվի վրա կզգա, որ շուրջ 700 կմ սահման է ավելացել Հայաստանի համար: Արցախի առաջվա 120 կմ-անոց ճակատի փոխարեն առաջացել է 700 կմ-անոց սահման: 

– Այսինքն՝ Արցախին այդքան փոփոխություններ պետք չեն, որքան Հայաստանի՞ն:

– Արցախում մենք բոլորս միասին եկել ենք այն եզրակացության, որ մեր մեջ թշնամի չկա, ինչ եղել է, բոլորս դրել ենք մի կողմ՝ ես, Վիտալի Բալասանյանը, Հայկ Խանումյանը, քանի որ սեղանին Արցախի փրկության հարցն է դրված: 

Մենք մեր մեջ կարողացել ենք ուժ գտնել ու վերադառնալ 1992 թվականի մեր վիճակին: Այն ժամանակ բոլորս իրար հետ համերաշխ էինք:

Մենք հիմա որոշել ենք այստեղ արդար հասարակություն ստեղծել: Որովհետև Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահները, ինչպես նաև Արցախի ղեկավարներ Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը՝ բոլորն էլ հասարակությունը բաժանել էին, ոչնչացրել էին քաղաքական դաշտը, որի հետևանքով այսօր ունենք այն, ինչ ունենք, կանգնել ենք Արցախը կորցնելու վտանգի առջև: 

Հիմա խնդիր ունենք Արցախի գոնե այս մի կտոր հողը պահենք որպես խորհրդանիշ, որպես Հայաստանի անբաժանելի մաս և հայկական տարածք՝ իր մշակույթով, իր հայեցիությամբ և այլն: 

– Կարծում եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Արցախի հետ հարաբերությունները լավ չե՞ն լինի: 

– Եթե Նիկոլ Փաշինյանը կամք ունենա, ապա պետք է հայ ժողովրդին այս վիճակին հասցնելու համար ինքնասպան լիներ: Եթե չի անում, գոնե պետք է հրաժարական տա: Բայց ինքը դա էլ չի անում, նշանակում է՝ էլի մի սև գործի ծրագիր ունի: 

Հարցն այն չէ, թե ինչու կանգնեցրեց պատերազմը: Այս պատերազմի առաջին օրերից երևում էր, որ մենք պարտված ենք, որովհետև հակառակորդը զգալի առավելություն ուներ: 

Միայն ԱԹՍ-ները բավարար էին, որ առավելություն ունենար: Բայց Նիկոլ Փաշինյանն ուներ 2,5 տարի ժամանակ, որպեսզի բանակը զիներ, նախկիններին ունեզրկեր, պատժեր, նրանցից փողը խլեր, այդ փողն օգտագործեր միջազգային շուկաներից զենք գներ: 

Իսկ ինքը դրա փոխարեն 3-4 հատ Սու է առել, բայց անունով է առել, որովհետև այդ Սու-երի հրթիռները չկային, այսինքն՝ նրանք չէին կարող կռվել ժամանակակից դրոնների դեմ: 

Պատկերացրեք, որ ԱԹՍ-ների առաջին հարվածներով հենց դրանք են ոչնչացվել, նաև մեր հրետանին: Բանակում չկար ռադիոկապ, ես հեռախոսով էի մարտը վարում: 

Այս 2,5 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը գոնե դա պետք է աներ: Ինքը, որ նախկիններին համարում էր դավաճաններ, բանակում արել է մանիպուլյացիոն փոփոխություններ: 

Սնունդը ո՛ւմ է պետք, երբ զինվորը բավարար զինված չէ: Նիկոլը կապիտուլյացիա փաթաթեց ժողովրդի գլխին: Կապիտուլյացիան մեկ օրում չի եղել, եղել է 20-30 տարվա մեջ, իսկ հիմա Նիկոլը այդ 30 տարվա մեղքն իր վրա վերցրեց իր դեբիլությամբ:

Մանե Հարությունյան

MediaLab.am