«Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից». Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» ներկայացուցչին

«Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից». Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» ներկայացուցչին
«Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից». Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե’ տեղական արտադրողների և թե’ սպառողների համար:

«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», – ըստ հաղորդագրության նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:

Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին:

Նրա խոսքով` «Քարֆուր» առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից: Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:

Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ առեւտրային ցանցի տարիներ ձգձգվող բացում բուռն քննարկումների առիթ է հանդիսանում, քանի որ շատերի համոզմամբ հայտնի բրենդը Հայաստան չի կարողանում մտնել երկրում տիրող մենաշնորհների, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետային բիզնեսին չխանգարելու համար:Մայիսին Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս խոսել էր ցանցի Հայաստանում ծավալվելիք գործունեության մասին:

««Կարֆուր»-ն ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին և լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում,-իր ելույթում ասել է Ֆրանսուա Օլանդը:- Ցանկանում եմ նաև, որպեսզի «Կարֆուր»-ի հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին Ձեր երկրում ներդրումներ կատարելու համար և ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում:

Սակայն, վերլուծաբանները միանշանակորեն լավատես չեն, որ ամեն ինչ այդքան հրաշալի կարող է լինել` հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միություն գնացող Հայաստանում կանոններ թելադրողը Հայաստանը չի լինելու:

«Ակնկալիքները մի տարի առաջ եւ հիմա լիովին տարբեր են,-«Մեդիալաբին» ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,-եթե մեկ տարի առաջ խոսք չկար Մաքսային միություն, ԵՏՄ, ապա հիմա իրավիճակը:Նույնսիկ մուտք գործելով հայկական տնտեսական դաշտը «Քարֆուրը»` մաքսային տուրքերի եւ այլ հարակից հարցերով մեծ խնդիրների եւ ոչ մրցակցային պայմաններում կարող է հայտնվել, չհաշված իր` սպիտակ հաշվապահությունն ու տեղական դաշտում գործող ստվերայինը»:

© Medialab.am