Գերիներին չվերադարձնելու հարցում հայկական կողմն իր մեղսակցությունն ունի, քանի որ նոր զիջումների հնարավորություն դեռ կա․ Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, երեկ մոսկովյան բանակցություններից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ գերեվարված անձանց, ռազմագերիների վերադարձման հետ կապված առաջընթաց չի գրանցվել։ Ինչպե՞ս եք դա մեկնաբանում։

– Սա բացահայտ ձախողում է։ Նախ՝ գերիների հետ կապված խնդիրները ունեն առաջնահերթություն, նույնիսկ այն կոնֆլիկտները, որոնցով հնարավոր չի եղել վերջնական խաղաղություն ձեռք բերել, հնարավոր է եղել մարդասիրական խնդիրների լուծում։

Օրինակ՝ 2016-ի ապրիլյան պատերազմում կողմերը կարողացան քառօրյա պատերազմի ընթացքում դադարեցնել պատերազմական գործողությունները, որպեսզի որոշակի գոտում գտնվող մարմիններ դուրս բերվեն և այլն։

Այս պատերազմի ընթացքում ևս երեք անգամ տարբեր ազդեցիկ երկրների միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն ժամանակավորապես դադարեցնել գործողությունները բացառապես մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բայց դրանք կյանքի չկոչվեցին։

Իսկ նոյեմբերի 9-ի պայմանագրի, որը ես, այո՛, համարում եմ հենց պայմանագիր, 8-րդ կետով սահմանվեց գերեվարված անձանց, ազատությունից զրկված անձանց փոխանակման անհրաժեշտությունը։ Այս գործընթացը ամբողջ ծավալով չիրականացվեց։

Ի սկզբանե անբարեխղճությունն ակնհայտ է, և երկու կողմերն էլ չգործեցին թափանցիկ, չցուցակագրեցին իրենց հսկողության տակ հայտնված գերեվարված անձանց, ստուգելիության մեխանիզմներ չապահովեցին անկախ կամ չեզոք երկրների համար։

Մինչև այս պահն էլ վիճելի են դարձնում գերեվարված անձանց թիվը և փոխանակման գործընթացը։ Միաժամանակ, կողմերը կարողացան ավելի բարդ քաղաքական խնդիրների շուրջ համաձայնություն կնքել։

Վստահաբար, տարածքային զիջումները ավելի բարդ լուծելի խնդիրներ են, քան մարդասիրական հարցերը։ Այս տեսանկյունից որևէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում հումանիտար հարցերով համաձայնության չգալը։

Ժնևյան կոնվենցիան սահմանում է, որ զինված հակամարտության դադարից հետո պետությունները պարտավոր են անհապաղ հայրենադարձել գերեվարված անձանց։

Եթե պետությունը անհարկի, չհիմնավորված ձգձգում է, ապա դա որակվում է պատերազմական հանցագործություն։

Հայկական կողմը փոխանակ արձանագրի այդ փաստերը, ամուր բարոյական և քաղաքական դիրքերից հանդես գա բանակցություններում և չտա նոր համաձայնություններ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր միջազգային հանձնառությունները, տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Հայաստանի տարածքում ի շահ երրորդ պետությունների, այդ թվում՝ թշնամական Ադրբեջանի, կատարվեն գործողություններ։ Զրկում է իրեն սուվերեն իրավունքներից՝ հանուն Ադրբեջանի։ 

– Ըստ ձեզ՝ ինչի՞ հետևանք է սա՝ անկարողությա՞ն, ոչ պրոֆեսիոնալիզմի՞, թե՞ պարտված կողմ լինելու։

– Վստահորեն, պարտության հետևանք չի կարող լինել։ Ռուս-վրացական պատերազմում Վրաստանը պարտվել էր, Ռուսաստանի քաղաքական կապիտալը անհամեմատ ավելի մեծ էր, բայց երկու շաբաթվա ընթացքում հնարավոր եղավ բազմաթիվ վրացի գերեվարված անձանց վերադարձնել իրենց հայրենիք։

Ես բարի նպատակներ չեմ տեսնում և նաև տեսնում եմ փոխհամաձայնեցված գործելակերպ։ Չեմ բացառում, որ միտումնավոր ձգձգում են խնդիրը։ 

– Ովքեր, ադրբեջանական կո՞ղմը։

– Հայկական կողմը՝ ևս։ Հայկական կողմը գիտակցված ձգձգում է գերիների վերադարձը, որպեսզի խաղա հանրային տրամադրությունների հետ։ Այն զիջումները, որոնք եղել են, վերջնական չեն։ Որոշակի նոր զիջումների հնարավորություն կա։ Այդ նոր զիջումները արդարացվելու են զիջումներ-գերիներ բանաձևում։ Կարծում եմ՝ հայկական կողմը իր մեղսակցությունն ունի այդ ամենին։

– Տիկի՛ն Սահակյան, ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի հատվածում գերի ընկած 62 շիրակցիներին որակեց տեռորիստներ կամ դիվերսանտներ։ Կա՞ն իրավական հիմքեր նման որակման համար։ 

– Ադրբեջանական կողմի միտումը հստակ է՝ եթե կարգավիճակի փոփոխություն չիրականացնի, միջազգային ճնշումների հնարավորությունը մեծանում է․ հարցեր են տալու տարբեր կառույցներ Ադրբեջանին, քանի որ մենք ու շատ կազմակերպություններ աշխատում ենք այդ կառույցների հետ, նրանց ուշադրությունն ենք հրավիրում նման գործողությունների վրա։

Որպեսզի այդ հարցերին չպատասխանեն, լեգիտիմացնեն իրենց պարտականությունների չկատարումը, ադրբեջանական կողմը արհեստական իրավական հիմքեր է ստեղծում։

Այդպիսի հիմք կարող է լինել հանցագործության մեջ մեղադրելը, որովհետև մարդասիրական իրավունքը նշում է, որ հատուկ պաշտպանության տակ չեն մտնում այն անձինք, որոնք հայրենիքը պաշտպանելու անվան տակ ներգրավվել են տարբեր հանցավոր գործողություններում։

Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի լեգիտիմացվի չվերադարձը։ Իհարկե, հարցեր են առաջ գալու, որովհետև հայկական կողմը նախադեպ է ձևավորել և այդ փոխանակման գործընթացում ադրբեջանական կողմին արդեն իսկ  հանձնել պաշտպանության տակ չգտնվող դիվերսանտների։

Եթե այս գործընթացը տեղի է ունեցել քաղաքական պրոցեսներում, ապա ակնկալիք կա, որ անգամ հանցագործի պիտակ ունեցող հայ գերիները ևս նույնանման վերաբերմունքի կարժանանան։

Արդյոք հնարավոր կլինի՞ քաղաքական ճանապարհով այս նախադեպի կիրառումը նաև այլ զինծառայողների նկատմամբ՝ չեմ կարող ասել։ Բայց առնվազն իրավական հարթության մեջ նրանք պաշտպանված են երկու մակարդակով. նախ՝ որևէ իրական ապացույց չկա, որ հանցագործություն են կատարել, և հետո՝ եթե մի պահ ընդունենք, որ նրանք հանցագործներ են, ապա իրավական առումով բացատրելի չէ, թե ինչու նոյեմբերի 9-ի պայմանագրով տրված երաշխիքից օգտվեցին ադրբեջանցի դիվերսանտ հանցագործները, իսկ հայերին չի տրամադրվում այդ արտոնությունը։

– Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանն իր ամբողջ պոտենցիա՞լն է օգտագործում գերիների հարցը լուծելու համար։

– Չեմ կարծում, իրականում բազմաթիվ գործընկեր երկրներ ու կառույցներ կան, որոնք կցանկանային Հայաստանի համար ապաքաղաքական, չեզոք խնդիրներ լուծել ու վայելել հայ հասարակության դրական վերաբերմունքն ու հարգանքը, ուստի նման երկրների բարձր ղեկավարների հետ աշխատանքը կարող էր արդյունքներ տալ։

Վստահ եղեք, որ այդ երկրները երկխոսում են Ադրբեջանի հետ, ունեն շահեր, և այդ երկրները կարող էին լուծել հումանիտար հարցը։ Կարծում եմ՝ դիվանագիտական մակարդակում պատշաճ աշխատանքներ չեն կատարվում։ 

– Որքա՞ն գերեվարված անձի շահերն եք ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 

– Այսօր 85 գերեվարված անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս։ Այդ թվաքանակը չի ներառում մարդու իրավունքների այլ խախտումների զոհ դարձածներին, օրինակ՝ գլխատումները, միտումնավոր սպանությունները։ 85 անձանց 1/3-րդը արդեն վերադարձել է Հայաստան, բայց ճնշող մեծամասնությունը դեռ գերության մեջ է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am