«Թուրքիայում այս տարվա զորավարժությունները հարձակվողական բնույթի են, նրանք նախապատրաստում են պատերազմ Հայաստանի դեմ». Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս փուլում Թուրքիայի տարածքում զորավարժությունների անցկացումը։

– Առաջին հերթին պետք է նշենք, որ սրանք պլանավորված զորավարժություններ են։ Ամեն տարի երկու անգամ տարածաշրջանում այդ զորավարժությունները տեղի են ունենում՝ մեկը Կարսի մատույցներում, մյուսը՝ Նախիջևանում։

Եվ դրանք համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։ Բայց այս տարվա զորավարժություններն աչքի են ընկնում նրանով, որ բավական մեծաթիվ ուժեր են ներգրավված։

Երկրորդ՝ այդ զորավարժությունների նպատակաուղղվածությունը հարձակվողական է։ Այսինքն՝ մասնակցում են այնպիսի զորատեսակներ, որոնք նախատեսված են հարձակվողական պատերազմ մղելու համար։

Սա նշանակում է, որ այդ զորավարժությունները մաս են կազմում այն ծրագրերի, որոնք ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։

Եվ այդ ծրագրերը Հայաստանի դեմ հարձակվողական բնույթի են։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ նրանք նախապատրաստում են հարձակվողական պատերազմ Հայաստանի դեմ։

Իհարկե, այս զորավարժությունները չեն վերաճի այնպիսի պատերազմի, որին մենք ականատես եղանք արդեն, բայց ինձ մոտ մեծ հարցեր են առաջանում՝ մենք այս զորավարժությունները դիտարկում ենք ընդհանո՞ւր քաղաքականության շրջանակներում՝ Թուրքիայի և Ադրբեջանի։

Եվ այս առումով, ես կարծում եմ, որ զորավարժությունները ոչ միայն զուտ ռազմական նպատակներ են հետապնդում՝ հարձակվողական, ինչպես նշեցի, այլ նաև նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրելու մեր երկրի ազգաբնակչության վրա։

Այսինքն՝ նրանք ամեն ինչ անում են, որ զորավարժություններն օգտագործեն մեր բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու առումով։

– Արդյոք տարածաշրջանում իրավիճակը լարվա՞ծ է։ Իրանի ԱԳ նախարարը այցեր է նախաձեռնել Մոսկվա, Երևան, Թբիլիսի ու Բաքու։ Իրանը ակտիվացե՞լ է, ի՞նչ է կատարվում։

– Տարածաշրջանում Թուրքիան առաջ է քաշել, այսպես կոչված, 3+3 պլատֆորմի ստեղծման գաղափարը՝ այսինքն՝ հարավկովկասյան երեք երկրները, գումարած Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։

Եվ այդ պլատֆորմի շրջանակներում նաև Իրանն է փորձում այստեղ ակտիվանալ, ցույց տալ, որ ինքն էլ տարածաշրջանում կարող է որոշակի դեր խաղալ։

Երկրորդ՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հետևանքով, փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Եվ հիմա տեղի է ունենում աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում նոր ստատուս քվոյի ձևավորման գործընթաց։

Դրա համար և՛ Թուրքիան, և՛ Իրանը փորձում են այստեղ որոշակի ակտիվություն ցուցաբերել, իհարկե՝ Թուրքիան ավելի մեծ ծավալով, որ հնարավորինս օգտվի այս նոր ստեղծվող աշխարհաքաղաքական ստատուս քվոյից։ 

Թուրքիան, իհարկե, նպատակ ունի ցույց տալու, որ ինքը տարածաշրջանում արդեն ակտիվ խաղացող է և փորձում է ամեն կերպ դա հիմնավորել՝ այդ նոր ծրագիրն առաջ քաշելով։

Իրանն էլ փորձում է Թուրքիայի այս ակտիվացման ֆոնին որոշակի քայլեր ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ Իրանն էլ այս տարածաշրջանում ունի իր հետաքրքրությունները։

– ԱՄՆ-ում նոր վարչակազմի հաստատումը կարո՞ղ է Թուրքիայի համար զսպող գործոն լինել։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը։ Կարծես ԱՄՆ-ում հայկական խնդիրների ուղղությամբ ակտիվություն է նկատվում։

– Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Նոր վարչակազմը, որը գալիս է իշխանության ԱՄՆ-ում, կարծես թե, առաջինը՝ ավելի ակտիվ քաղաքականություն կվարի տարածաշրջանում։

Թրամփի այն քաղաքականությունը, որ նա, ըստ էության, Հարավային Կովկասում հետաքրքրություն չէր տեսնում ԱՄՆ-ի համար, կփոխվի։

Այստեղ Բայդենը հայտնի է նրանով, որ երբ Օբամայի ժամանակ փոխնախագահ էր, հենց զբաղվում էր արտաքին քաղաքական հարցերով և վարում էր բավական կոշտ արտաքին քաղաքականություն։

Այնպես որ, ես կարծում եմ՝ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն կփորձի ավելի ակտիվացնել իր դիրքն ու տեղը։

Երկրորդ՝ որոշակի նախանշաններ կան, որ Բայդենի վարչակազմը ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանի հետ հարաբերություններին։ Համենայնդեպս, դրա մասին որոշակի վկայություններ կան ԱՄՆ-ում հայկական շրջանակներից։

Եվ արդեն որոշակի նախանշաններ կան, որ ԱՄՆ-ն կսահմանափակի Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը։ Թուրքիայի հետ հարաբերություններում՝ իհարկե, Թուրքիան փորձում է ամեն կերպ կապեր հաստատել այս նոր վարչակազմի հետ, բայց որքան հասկանում ենք, դեռևս թուրքական հրավերներին արձագանքել է արդեն նշանակված ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Այսինքն՝ Թուրքիան էլ է շատ մտահոգված, թե ինչպես պետք է իր հարաբերությունները կառուցի։ Եվ Թուրքիայում մտավախություն կա, որ ԱՄՆ-ի ճնշումը Թուրքիայի վրա կավելանա՝ կապված և՛ S-400-ների, և՛ ընդհանրապես Թուրքիայի քաղաքականության հետ։

Այնպես որ, եթե ընդհանուր գնահատական տանք, ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը կորդեգրի Բայդենի վարչակազմը, ավելի անբարենպաստ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Բայց դրանք դեռ սպասումներ են, տեսնենք՝ կիրականանա՞ն, թե՞ ոչ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am