«Նախագահը քաղաքական հարց է լուծել». ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը դատաիրավական բարեփոխումների մեկնարկն ազդարարող օրենքները ուղարկել ՍԴ

Դատական համակարգի բարեփոխումների շրջանակներում ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր ներկայացրել կառավարությունը, չստորագրելը և Սահմանադրական դատարան ուղարկելը տարակուսանք էր առաջացրել մասնագիտական հանրության շրջանում: 

Հիշեցնենք՝ խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին է:

Դրանք խորհրդարանում երկար քննարկումների միջով էին անցել: Ըստ այդ փոփոխությունների՝ մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։

Մասնավորապես, առաջարկվում էր մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի և մարզերի դատարանների համար։

Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները նախատեսվում էին ավելացնել առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և 3-ով՝ Վերաքննիչ դատարանում։

Այս բարեփոխման շնորհիվ կառավարությունը հույս ուներ կրճատել նաև քրեական գործերի քննության ժամկետները:

Սակայն ՀՀ նախագահը համարեց, որ օրենսդրական փաթեթը խնդիրներ ունի Սահմանադրության հետ:

«Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:

Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:

Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից»,- հայտարարել էին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ տեղեկացնելով, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Արդարադատության նախարարութան համար, ըստ տարածված հաղորդագրության, նման սցենարը կանխատեսելի էր: «Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին»,- արձագանքել էին նախարարությունից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը տարօրինակ չի համարում այն, որ ՀՀ նախագահը դատաիրավական բարեփոխումներին առչնվող օրենսդրական փաթեթն ուղարկել է Սահմանադրական դատարան: 

«Նախագահը իր լիազորությունների շրջանակում է գործել: Շատ հնարավոր է, որ մենք չենք տեսել հակասահմանադրականության խնդիր, բայց ինքը տեսել է: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը կտա վերջնական պատասխան: Նորմալ գործընթաց է, խնդիր չեմ տեսնում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն հակասահմանադրականության հարցը չի նկատել, Բեքմեզյանը պատասխանեց.

«Մենք մասնակցել ենք քննարկումներին, ներկայացրել մեր առաջարկություններն ու դիտարկումները, բայց չենք ասել, որ տեսում ենք հակասահմանադրականության խնդիր»:

Նախագծերի փաթեթով ստեղծվելու էին մասնագիտացված դատարաններ, և, ԲԴԽ անդամի կարծիքով՝ այս փաստաթուղթը նույնիսկ նպաստելու էր դատարանների գործունեության բարելավմանը, քանի որ ազատելու էր դատավորներին ծանրաբեռնվածությունից:

«Դատավորները այդպիսով քիչ գործեր կունենային իրենց վարույթներում և ավելի արդյունավետ կքննեին եղած գործերը: Սահմանադրական դատարանը, կարծում եմ, օբյեկտիվ կքննի ու կկայացնի որոշում»,- նշում է Բեքմեզյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որն այս օրինագծերի քննարկման ժամանակ հարակից զեկուցող էր, պնդում է՝ հիմքեր չկային օրենքների փաթեթը Սահմանադրական դատարան ուղարկելու համար:

«Կարծում եմ՝ եզրակացրել են, որ մասնագիտացված դատավորներ հասկացություն չկա օրենսդրության մեջ, և այդ պատճառով էլ դիմել են ՍԴ: Բայց մենք ունենք անչափահասների գծով մասնագիտացված դատավորներ, և որևէ խոչընդոտ չկար մասնագիտացնել դատավորներին»,- ասում է Բաղդասարյանը: 

Իշխանական պատգամավորի ներկայացմամբ՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների մեկնարկի համար ՀՀ նախագահի նման քայլը «լուրջ խոչընդոտ» է: 

«Գործընթացը հետևյալը պետք է լիներ՝ այս օրենքն ուժն մեջ մտելուց հետո ԲԴԽ-ն պետք է սահմաներ ավելացող դատավորների թիվը, որը կբեռնաթափեր գործող դատավորների ծանրաբեռնվածությունը: Նախագիծը քննարկվել էր ԲԴԽ բոլոր անդամների հետ միասին:

Նրանք ու Վճռաբեկ դատարանի անդամները դրական էին արձագանքել նախագծին: Ես կարծում եմ՝ այս քայլով նախագահը ինչ-որ քաղաքական հարց է լուծել և նպատակ է ունեցել ձգձգել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- ընդգծում է իշխանական պատգամավորը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am