«Այդ ուժերը զբաղված են աջակցություն մուրալով Մոսկվայից՝ ամենաստորաքարշ ու ճղճիմ ձևերով, արևելյան բաղնիքի քիսաչիների եռանդով». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Վազգեն Մանուկյանը հերթական ապստամբության կոչն արեց՝ ասելով. «Ասում են, թե ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն անելու, իսկ ո՛վ ասաց»։ Այսպիսի կոչերին ի՞նչ պետք է հաջորդի։

– Նման կոչերը ակնհայտորեն հանցակազմ են պարունակում, և նման կոչեր անողը, անկախ իր անուն, ազգանունից, պետք է մեկուսացվի հասարակությունից և իր ասածի քրեաիրավական հետևանքները կրի։ Հայաստանում ոմանց երևի թվում է, որ Հայաստանը անշուն գյուղ է, իրենք էլ առանց փայտի ման են գալիս:

– Նա նաև հայտարարեց, որ բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա, ու ոչ մի հրամանի պետք է չենթարկվի: Սա իրավիճակն ավելի չի՞ սրում։

– Այդ վայ-առաջնորդն մի քանի հոդված է վերցրել իր վրա մի քանի դրվագներով և պետք է գլխով պատասխան տա իր անպատասխանատու բարբաջանքների համար կամ էլ հոգեբուժական փորձաքննության ենթարկվի, քանի որ գուցե անմեղսունակ է, չի հասկանում՝ ինչ է ասում։

– Դատական համակարգի բացը չէ՞, որ նման հայտարարություններ են անում և մնում անպատիժ։

– Միանշանակ, կրիմինալ օլիգարխիկ համակարգի մետաստազները, որոնք մնացել են դատական համակարգում, այո՛, նրանք են, որ թունավորում են Հայաստանում մթնոլորտը, ստեղծում են ամենաթողության միջավայր, որտեղ նման դուրսպրծուկները վեր են կենում ու ամեն խելքին փչածը բարձրաձայնում՝ առանց հետևանքների մասին գլուխներին զոռ տալու։

– Այսինքն՝ վստահ են, որ եթե անգամ ձերբակալեն կամ կալանավորեն, երկու օր հետո բա՞ց են թողնելու։

– Իսկ ինչպե՞ս են բաց թողնելու… բաց են թողնելու այսպես կոչված կրիմինալ դատավորների որոշմամբ։ Նա, ով ակնհայտորեն հանցակազմ պարունակող հայտարարություններով սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանը, պետք է մեկուսացվի հասարակությունից։ Եվ եթե ոմն դատավոր, որը կոչված է այդ ամենն ապահովելու, անում է դրա հակառակը, ապա նա դատավոր չէ, այլ կրիմինալ թափթփուկ։

– Հետևելով 17 ուժերի հանրահավաքներին՝ արդյոք նկատո՞ւմ եք, որ պայքարը գնալով մարում է։

– Հաշվի առնելով՝ ինչ են այնտեղ խոսում, և ով է այդ խոսակցությանը ծափահարում, ինչ են բեմականացնում, և ինչ կոնտինգենտ է ուռա գոռում, բնական է, որ, բարեբախտաբար, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ բազմաթիվ կարող են լինել բարոյական նման նկարագիր ունեցող անձինք: 

Նրանք, ասենք, մի քանի հարյուր հոգի են, նույն դեմքերն են, հավաքվել են իրար գլխի, իրար բաներ են ասում, իրար ծափ են տալիս, իրենց ճենճի մեջ տապակվում են և գարշահոտությունը տարածում ողջ երկրով մեկ։

– Այսինքն կարծում եք, որ նրանք չե՞ն կարող հեղաշրջման հասնել:

– Նրանք կարող են ֆոն ստեղծել՝ արտաքին ուժերի կողմից գայթակղություն ստեղծելով նման հեղաշրջում կազմակերպելու համար: Այնպես որ, նրանք ուղղակի զբաղված են աջակցություն մուրալով Ռուսաստանից ամենաստորաքարշ ու ճղճիմ ձևերով, արևելյան բազարի չարչիների մակարդակով, ամենաանպատիվ ձևով, արևելյան բաղնիքի քիսաչիների եռանդով: 

Բայց նույնիսկ այն հասցեատերը, որին ուղղված են այդ թախանձագին խնդրանքները, ակնարկները, պահանջները իրենց սատարելու, նույնիսկ իրենց պոտենցիալ հովանավորների մոտ, մարդկային զզվանքից բացի, այլ բան առաջացնել ուղղակի չի կարող:

– Ռոբերտ Քոչարյանը ևս իր հարցազրույցում խոսում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին: Դա ձեր նշածի տրամաբանական շարունակությո՞ւնն է:

– Քոչարյանին ի՞նչ է մնում անելու, որն անգամ ռիսկ չի անում հայկական լրատվամիջոցների հետ խոսելու, բացի գրպանային մի քանի պսևդոլրատվամիջոցներից: Քոչարյանը Հայաստանում լսարան չունի:

– Բայց նա ասում է՝ ինչքան ընտրությունների մասնակցել եմ՝ հաղթել եմ:

– Քոչարյանը բազմաթիվ անգամ մասնակցել է տարբեր մակարդակի տարբեր ընտրական գործընթացների և՛ Հայաստանում, և՛ Արցախում և որևէ ընտրական գործընթացում չի հաղթել: Ավելին՝ նա մշտապես պարտվել է և ձևակերպել է այդ արդյունքը որպես իր հաղթանակ բացառապես խարդավանքների միջոցով։ 

Մեկ անգամ է, որ դա նրան չի հաջողվել՝ 1999-ի խորհրդարանական ընտրություններին, երբ նա պարտվեց Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան զույգին ու կուլ տվեց այդ պարտությունը: Եվ այդպես կուլ տված նստած էր իր տեղում, մինչև տեղի ունեցավ այդ չարաբաստիկ ահաբեկչությունը: 

Դա դարձրեց Քոչարյանին այդ ահաբեկչության թիվ մեկ քաղաքական շահառուն։ Եվ հիմա հավաքել է ինչ-որ ռուսների և, ինչպես ասում են՝ գեղից մարդ չկա, փորձում է գլուխ գովել։

Մանե Հարությունյան

MediaLab.am