«Վախը հասարակությանը կառավարելու ամենահեշտ միջոցն է, մանիպուլյացիաների հիմքում հենց վախն է». Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանը («Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ուզում եմ խոսենք մեր հասարակության մեջ վախի մասին, որոնք հիմնված են մանիպուլյացիաների վրա: Հասարակությանն ասում են՝ վախեցիր թուրքից, մասոններից, նախկիններից, քովիդից: Ընդհանրապես, կարծես բոլորի կողմից վախը դիտարկվում է որպես հասարակությանը կառավարելու միջոց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է վախի համախտանիշը այդպես ներարկվել հասարակության մեջ:

– Նախ նշեմ, որ վախը բնական զգացում է, յուրաքանչյուրս վախի զգացողություն ունենք տարբեր բաներից: Այո՛, վախը հասարակությանը կառավարելու ամենահեշտ միջոցն է: 

Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի իշխանության կամ ընդդիմության կողմից: Մարդկային հարաբերություններում, շփման մեջ էլ վախը հաճախակի դեր է խաղում: Պետք է այնպես անես, որ դիմացինդ վախենա, կամ ընտանիքում ամուսինը կամ կինը պետք է միմյանցից վախենան, երեխան պետք է վախենա դասատուից կամ ծնողից: 

Կարծում եմ՝ մեզ այս կյանքը տրված է վախը հաղթահարելու համար, որովհետև եթե ես համոզված եմ, որ մենք ծնված ենք ազատ և ձգտում ենք դեպի ազատություն, ապա դեպի ազատություն առաջին քայլը վախի հաղթահարումն է: 

Մենք իսկապես ծնված ենք ազատ, և երեխաները վախի զգացում չունեն, էդ հետո են ծնողները նրանց վախկոտ դարձնում՝ ասելով՝ սրան ձեռք չտաս, քեզ կվնասես և այլն: 

Մենք գիտենք, թե ոնց են երեխաները մոտենում կրակին և այլն: Այնպես որ, խնդիրը ոչ թե վախ ունենալն է, վախ բոլորն ունեն, այլ պետք է կարողանաս վախերը հաղթահարել, եթե դու իսկապես ուզում ես ազատ լինես, լիակատար մարդ լինես, ինքնուրույն ու անկախ լինես՝ սեփական կամքն ու սեփական մոտեցումն ունենալու համար: 

Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա դրանց հիմքում հենց վախն է: Նախ միացնում են վախը, հետո մարդն արդեն չի հասկանում՝ ի՛նչ են իրեն ասում, չի փորձում փաստերն ի մի բերել, տրամաբանությունը միացնել, որովհետև վախն առաջին հերթին անջատում է մարդու տրամաբանությունը: Համենայնդեպս, երբ ես վախենում եմ, տրամաբանությունս չի աշխատում: 

Դա անասնական զգացողություն է, որովհետև մենք ինչ-որ չափով նաև կենդանական էակ ենք: Եվ վախի պահին ոչ թե մարդկայինն է մեր մեջ սկսում իշխել, այլ կենդանականը:

– Այսօր շատ ընդդիմադիր ուժերի գործելաոճը հիշեցնում է Թումանյանի «Չարի վերջը», որտեղ աղվեսն ասում է՝ «Կկո՛ւ, կկո՛ւ, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու»: Նրանք վախեցնում են հանրությանը թուրքերով, հայտարարում են, թե Նիկոլը թուրք է, ամեն ինչ ծախել է: Իշխանություններն էլ հանրությանը վախեցնում են նախկիններով, և, կարծեք թե, նորմալ քաղաքական օրակարգ չկա, մեջտեղում վախն է մնում:

– Այո՛, փաստորեն տրամաբանություն չկա, կա վախ: Ընդ որում, թուրքերի հանդեպ վախը շատ հին վախ է, շատ երկար ժամանակ մեզ վախեցնում էին: 

Հարցը դրվում էր շատ անհասկանալի ձևով՝ կամ ատել, կամ սիրել թուրքին: Ո՛չ ատելը, ո՛չ սիրելը թույլ չեն տալիս վատ վերաբերվել: Այն, ինչը պարտադիր պետք է լինի միջպետական հարաբերություններում: 

Ոչ ոք չի ասում, որ եթե դու փորձում ես նորմալ հարաբերություններ ստեղծել քո հարևանների հետ, նշանակում է, որ պետք է թշնամանաս մյուսների հետ, և երկրորդ՝ պետք է վստահես 100 տոկոսով և սեր բացատրվես ամեն օր: 

Նույնիսկ ամենամտերիմ դաշնակիցները շատ սթափ են մոտենում միմյանց հանդեպ հարաբերություններին, և ոչ ոք սիրո կամ ատելության վրա միջպետական հարաբերություններ չի ստեղծում, որովհետև դրանք քեզ միշտ տանում են փակուղի, որովհետև ո՛չ սերն է մշտական, ո՛չ էլ ատելությունը: 

Մյուս վախն այն է, թե հները հետ կգան: Սա ավելի նոր վախ է ու էլի միտված է նրան, որ մարդու մեջ անջատվի տրամաբանությունը: 

Ի՞նչ է նշանակում՝ հները կգան, նախ՝ ո՞վ է թույլ տալիս, որ գան, հետո՝ ի՞նչ են նրանք բերելու, հետո մենք ինքներս ինչ ենք մեզնից ներկայացնում: Ես կարծում եմ, որ այդ մանիպուլյացիաները, որոնք հիմա դրվում են շրջանառության մեջ, հիմնականում ուղղված են մի քիչ ուրիշ կողմ: 

Դրա իմաստը հետևյալն է. ժողովո՛ւրդ, դուք չեք կարող ինքներդ որոշել ձեր բախտը, դուք չեք կարող ընտրել իշխանություն, դուք սխալվում եք, ճիշտ չեք կողմնորոշվում, դուք ընդհանրապես ի վիճակի չեք դառնալ այս երկրի տերը, ձեզ տեր է պետք: Ա՛յ հիմնական մանիպուլյացիաները գնում են դեպի այդ կողմ: 

Ասում են՝ այ տեսա՞ք, ձեզ մի անգամ ընտրության հնարավորություն տվեցինք, դուք սխալվեցիք: Սա նշանակում է, որ դուք չեք կարող դա անել: Մինչդեռ շատ բնական են և՛ սխալվելը, և՛ ճիշտ ընտրություն կատարելը, և՛ սխալներն ուղղելը: 

Եվ նա, ով հրաժարվում է տիրոջ իրավունքից, քաղաքացի լինելու իրավունքից, այլևս չպետք է սեփական ճակատագրի հանդեպ որևէ հավակնություն ունենա: 

– Ըստ էության, որևէ մեկը նորմալ օրակարգ չի՞ կարողանում հանրությանն առաջարկել: 

– Այո՛, որովհետև առաջնորդվում են իրենց կողմնակիցների որոշակի թվով, որոնք շատ աղմկոտ են և բացարձակապես որևէ տրամաբանության չեն ենթարկվում: 

Նրանք անտեսում են հանրության մեծ մասին, որն ուզում է լսել տրամաբանական փաստարկներ, ծրագրեր, համեմատություններ անել: 

Այդ զանգվածը, կարծում եմ՝ մեծամասնություն է: Այն զանգվածը, որին և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը համարում են չկողմնորոշված կամ պասիվ, կամ քնած, իրականում ուզում է նորմալ, սթափ, տրամաբանական խոսք լսել և նոր ընտրություն կատարել: 

Այդ հատվածը պատրաստ չէ պարզապես առաջնորդվեց սիրով կամ ատելությամբ: Առավել ևս՝ ատելությամբ, որն ահռելի չափերի է հասել մեր երկրում: 

Մենք պետք է հասկանանք, որ մթությունը մթությամբ հնարավոր չէ հաղթահարել, որպեսզի մթությունը վերանա, լույս է պետք: Ատելությունն ատելությամբ հնարավոր չէ հաղթահարել, որպեսզի ատելությունը վերանա, սեր է պետք: 

Թվում է՝ ես հիմա շատ ծեծված բաներ եմ ասում, պարզ, հասարակ բաներ, բայց միաժամանակ պետք է կրկնել դրանք և նայել, որ եթե դու չես հետևում այդ պարզ ճշմարտություններին, արդյունքում ի՞նչ ես ստանում: 

Շատ հեշտ է գտնել մի թիրախ ու ասել՝ ա՛յ եթե այդ թիրախը վերացնենք, ամեն ինչ տեղը կընկնի: Դա նշանակում է, որ ամեն ինչ տեղում է, պարզապես կա մի թիրախ: 

Ընդ որում, մենք զարմանալիորեն անընդհատ կրկնում ենք նույն սխալները: Փոխանակ փորձենք զբաղվել լուրջ հարցերով, որոնք կապված են համակարգային փոփոխությունների, ծրագրերի հետ, մենք էլի առաջնորդվում ենք մանիպուլյացիաներով, ատելությամբ, սիրով և նման բաներով, որոնք իրական քաղաքականության հետ, իրական կյանքի հետ շատ քիչ կապ ունեն: 

Մանե Հարությունյան

MediaLab.am