«Սպասեք առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում ավելի սաստիկ պատերազմ». Արա Պապյանը Վիենայում կայացած հանդիպումն արդյունավետ չի համարում

«Սպասեք առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում ավելի սաստիկ պատերազմ». Արա Պապյանը Վիենայում կայացած հանդիպումն արդյունավետ չի համարում
«Սպասեք առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում ավելի սաստիկ պատերազմ». Արա Պապյանը Վիենայում կայացած հանդիպումն արդյունավետ չի համարում

Վերջին զարգացումների մասին «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, ղարբաղյան հիմնախնդրի հարցով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը իշխանության ներկայացուցիչները ձեռքբերում են համարում՝ շեշտելով, որ առաջընթաց գրանցվեց: Դուք ի՞նչ եք արձանագրում:

-Ուզում եմ հիշեցնել, որ ձեռբերում համարվում էր այն, որ պայմանավորվածություն եղավ, որ շփման գոտու երկայնքով կհաստատվեն հետաքննության մեխանիզմներ: Դա երեկ էր, այդ ամբողջ ուրախությունը երեկ էր, անընդհատ նշվում էր դրա մասին: Ես մեծ կասկած հայտնեցի, ասացի՝ դա ընդամենը խոստում է, սպասենք, տեսնենք ինչ կլինի: Անգամ դրանով հանդերձ, այդ հանդիպման մեջ շատ բացասական բաներ կային: Բայց այսօր արդեն այդ մեկ դրականի մասին էլ չենք կարող խոսել, որովհետև Ադրբեջանի նախագահաի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչն ասաց, որ՝ կներեք, նման բան չկա: Ասաց՝ մենք որևէ պարտավորություն չենք վերցրել մեզ վրա, դա իրենք՝ եռանախագահներն իրենց մեջ խոսել են, դա իրենց տեսակետն ու ցանկությունն է, մենք դրան մեր համաձայնությունը չենք տվել և որևէ պարտավորություն չունենք: Սա նշանակում է՝ դա էլ մեջտեղից գնաց: Այսինքն՝ ուրիշ որևէ դրական բան չեմ տեսնում:

-Պարոն Պապյան, նաև վերահաստատվել է, որ կողմերը պետք է հետևեն 1994 թվականի զինադադարի պայմանագրի կատարմանը, սա կարո՞ղ է ձեռքբերում համարվել:

-Եթե մենք խոսում ենք 1994 թվականի մասին, որ մենք վերադարձել ենք այդ դիրքերին, այսինքն՝ այդ վիճակն է վերականգնվել, ապա այդ վիճակը վերականգնելու համար նախ այդ հանդիպմանը պետք է լիներ Արցախի ներկայացուցիչը: Բայց Արցախի ներկայացուցիչը չի եղել այնտեղ, և այս հանդիպումը դե ֆակտո իր ձևով եղել է երկկողմ: Բոլոր տեղերում էլ դա ամրագրվել է, որ Հայաստան-Ադրբեջան հանդիպում է: Երկրորդը, եթե մենք խոսում ենք 1994 թվականի վիճակի վերականգնման մասին, նաև պետք է գետնի վրա էլ այդ վիճակը վերականգնել: Այսինքն՝ այն 21 պոստերը՝ 800 հա հողը, որ մեզանից գրավել են, դա պետք է հետ վերադարձնեն: Եվ երրորդը, եթե անգամ ընդունենք, որ այդ ամբողջը մենք վերադրաձնում ենք, և Ղարաբաղն էլ ներկա էր այդ հանդիպմանը, էլի չէինք կարող ասել նվաճում է, որովհետև մենք կորցրել ենք դիրքերը, իսկ հետո ազատագրելուց պետք է դա ձեռքբերում համարեի՞նք: Ոչ, դա նշանակում է, որ մեր վատ կազմակերպման հետևանքով մենք կորցրել ենք մեր դիրքերը: Բայց քանի որ դա հետ էլ չենք վերցրել, որևէ հաջողության ու ձեռքբերման մասին չի կարող խոսք լինել: Այսինքն՝ դե յուրե և դե ֆակտո մենք կորուստներ ենք ունեցել:

-Սերժ Սարգսյանն իր հերթին քննադատեց նրանց, ովքեր քննադատություններ են հնչեցնում 800 հա տարածք կորցնելու համար: Նա կոչ արեց Երևանում սրճարաններում նստած և նման քննադատությամբ հանդես եկողներին գնալ ու հետ բերել այդ հողերը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս քաղաքականությունը:

-Ես կարծում եմ, որ մենք ունենք բանակ, պահում ենք այդ բանակը, վճարում ենք հարկեր, ժողովրդի մի մասը նաև վճարում է իր զավակների երկու տարվա կյանքով, առողջությամբ, երբեմն կյանքով, հետևաբար այդ ժողովուրդն էլ իրավունք ունի նստի սրճարաններում, խաշի սեղանի շուրջ և նման բաներ մտածի: Կա գլխավոր գերագույն հրամանատար, որի պարտականությունն է կազմակերպել երկրի պաշտպանությունը, անվտանգությունը և թույլ չտալ թշնամական ոտնձգություններ: Ի՞նչ է նշանակում՝ թող իրենք գնան, գրավեն: Երբ որ մենք պետություն չենք ունենա, Աստված չանի, այդ ժամանակ մենք կվարվենք ինչպես 1988-ին էինք վարվում, բայց պետականության դեպքում նման մոտեցումը սխալ է:

-Կան տեսակետներ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այս հանդիպմանը հաջորդելու են բանակցությունները և այլ հանդիպումներ: Հայաստանը բանակցություններին վերադառնալու համար երեք նախապայման էր առաջադրել՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի Արցախի ժողովրդի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում՝ բանակցություններին վերադառնալու համար այս երեք պայմանները կատարվա՞ծ են:

-Այդ երեք նախապայմաններից ոչ մեկն էլ չի ընդունվել: Թեև ասում էին, թե երկուսն ընդունվել են, միայն հասցեական հայտարարությունները չեն ընդունվել, բայց այսօր արդեն փաստ է, որ մյուս երկուսն էլ չեն ընդունվել: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ընդհանրապես զինադադար կհաստատվի միայն այն դեպքում, երբ հայկական կողմը կվերականգնի իր տարածքային կորուստները: Դա էլ չպահպանվեց: Ւսկ ինչ վերաբերում է նրան, որ բանակցությունները կվերսկսվեն, եկեք բանակցությունները դերը չուռճացնենք: Բանակցությունները միջոց են, նպատակ չեն: Պետք է մտածել՝ Ղարաբաղի հարցը բանակցության ճանապարհով կարելի է լուծել, թե՞ ոչ: Թե չէ այնպես ենք ասում՝ կվերականգնվեն բանակցությունները, ոնց որ ի՞նչ: Այսինքն՝ բանակցությունները երբ ընթանում են, մեր զինվորները չեն զոհվո՞ւմ կամ Ադրբեջանը չի հարձակվո՞ւմ մեր զինվորների վրա և չի սպանո՞ւմ, չի գլխատո՞ւմ մեր գերիներին: Հենց բանակցությունների ժամանակ, այն ժամանակ, երբ հանդիպում տեղի ունեցավ Վիեննայում, այդ նույն գիշերը սպանեցին մեր զինվորին: Հետևաբար, պետք չէ մեծ բան փնտրել նրա մեջ, որ բանակցությունները կվերականգնվեն: Թող 1000 տարի չվերականգնվեն, կարևորը պատերազմ չլինի: Բայց պատերազմն ընթանում է դրան զուգահեռ, հետևաբար սա բոլորովին էլ նվաճում չէ:

-Այսինքն՝ պատերազմի վերսկսման հնարավորությունը զրոյացված չէ՞ այսօր:

-Ի՞նչ զրոյացված, սպասեք առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում ավելի սաստիկ պատերազմ: Ի՞նչ վերացման մասին է խոսքը, հեքիաթներ են պատմում, ցանկություններ հայտնում, բայց ադպես չէ: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, դա խիստ բացասական էր մեզ համար, և դրա հետևանքները մենք հունիսի վերջին, հուլիսի սկզբին կտեսնենք:

Էմմա Մանուկյան

© Medialab.am