«Ոստիկանական մի ամբողջ ավտոբուս է գնացել նրան բերման ենթարկելու, այս գործելաոճը նախընտրական ահաբեկություն կարելի է համարել»․ Ժաննա Ալեքսանյան

«Ոստիկանական  մի ամբողջ ավտոբուս է գնացել նրան բերման ենթարկելու, այս գործելաոճը նախընտրական ահաբեկություն կարելի է համարել»․ Ժաննա Ալեքսանյան
«Ոստիկանական մի ամբողջ ավտոբուս է գնացել նրան բերման ենթարկելու, այս գործելաոճը նախընտրական ահաբեկություն կարելի է համարել»․ Ժաննա Ալեքսանյան

«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառ ունի, իշխանություններն այս փուլում վախ են զգացել նրա քաղաքական հնարավոր ակտիվության առումով: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Այս փուլում Արթուր Սարգսյանը մեծ հեղինակություն ունի, և կան խոսակցություններ, որ նա հրավերներ է ստացել տարբեր դաշիքներից: Եվ ես կարծում եմ, որ իշխանությունը վտանգ է զգացել, սա է պատճառը, որ նրան որոշեցին բառի բուն իմաստով նորից փակել այս փուլում»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: 

Փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ:

«Նրան կալանավորելու այն հիմքերը, որոնք այսօր ներկայացնում են, դրանք շինծու են: Այսինքն՝ այս պետության դեմքը անմարդկային լինելն է, հիվանդ մարդուն նորից տարել ու փակել են»,- ասում է նա:

Այս դեպքն, ըստ իրավապաշտպանի, հերթական անգամ փաստում է, որ Հայաստանում արդարադատության մասին խոսելն ավելորդ է: Սա, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ իշխանությունն իր շահի համար քաղաքացուն կարող է ոտնատակ տալ: Ժաննա Ալեքսանյանն ուշադրութուն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են բերման ենթարկել Արթուր Սարգսյանին:

«Ոստիկանական մի ամբողջ ավտոբուս է գնացել նրան բերման ենթարկելու: Նրանցից միայն մեկն է եղել ոստիկանական համազգեստով, այսինքն՝ մարդուն մեծ անձնակազմով բերման ենթարկելու գործելաոճը ահաբեկություն կարելի է համարել: Սա նաև ընտրական փուլում ահազանգ է սպասվող ահաբեկությունների ու բռնության մթնոլորտի մասին: Եղբայրն ասում էր, որ ստիպված էր անգամ իր մորը տանել դատարան, որպեսզի նա մենակ չմնար, քանի որ մտածում էր, որ իրենց կվնասեն: Սա շատ վատ ահանզանգ է սպասվող ընտրությունների ֆոնին»,- ասում է իրավապաշտպանը:

Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալման հիմք էր համարել այն, որ Արթուր Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել ՀՔԾ: Փաստաբանի խոսքով՝ իրենք նախօրոք քննչական մարմնին չներակայանալու մասին տեղյակ էին պահել՝ խնդրելով փոխել ՀՔԾ ներկայանալու օրը: Միաժամանակ փաստաբանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ ծանուցագիր չէր ստացել:

Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ սա հիմք չէ մարդուն կալանավորելու համար:

«Նրանք պարզապես չարաշահել են իրենց դիրքը, օգտագործել են իրենց լիազորությունները, սա ուղղակի պատրվակ է՝ նրան կալանավորելու համար: Կա լուրջ հիմնավորում, որ Արթուր Սարգսյանին կալանքից ազատել էին իր ունեցած հիվանդության պատճառով, ինչն անհամատեղելի է բանտային պայմանների հետ: Այսքանից հետո որևէ բան ալևս չէր կարող հիմք դառնալ նրան նորից կալանավորելու համար: Առնվազն նա պետք է ծանր հանցոգործություն կատարած լիներ»,- հավելում է իրավապաշտպանը:

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արթուր Սարգսյանը փետրվարի 10-ից հացադուլ է հայտարարել: Երբ հարազատները նրան հաց են տարել, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ասել են, որ նա հացադուլի մեջ է:

«Ես կհորդորեի, որ նա չաներ հացադուլ, որովհետև մենք ապրում ենք մի երկրում և մի իշխանության պայմաններում, որն ընդհանարապես անտեսում է մարդուն, նրա իրավունքը: Հացադուլ անելով՝ Արթուր Սարգսյանը ծայրահեղ քայլի է դիմում, բայց հաշվի առնելով նրա ծանր վիճակը՝ ես կհորդորեի դադարեցնել հացադուլը, որովհետև այս իշխանության համար դա որևէ նշանակություն չունի»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի արարքը անցյալ տարի հուլիսի 26-ին ցնցեց ողջ հանրապետությունը։ Առավոտ կանուխ՝ անտեսելով կյանքին սպառնացող վտանգը նա իր անձնական մեքենայով ճեղքել էր ՊՊԾ ոստիկանական պատնեշը՝ սնունդ հասցնելով գունդը արդեն տաս օր գրաված եւ սնունդ չունեցող «Սասնա Ծռերին», ինչի արդյունքում էլ ստացել էր «Հաց բերող» անունը։

Էմմա Մանուկյան

MediaLab.am