«Նաիրիտի» հրդեհը կամ թզուկի ամբարտավանությունը

«Նաիրիտի» հրդեհը կամ թզուկի ամբարտավանությունը
«Նաիրիտի» հրդեհը կամ թզուկի ամբարտավանությունը

«Նաիրիտի» հրդեհի ամենայն հավանականությամբ թունավոր ծուխը մեր ԱԻՆ-ը «ճանապարհել» է Թուրքիա: Մխիթարել է, այսինքն, մեզ: Այսինքն, մեր փորձանքները գիտենք մեր օգտին ծառայեցնել: Այսինքն, նրանք մեզ՝ ցիկլոններ, մենք նրանց՝ թունավոր ծուխ:

Սա ի՞նչ պետություն է՝ թզուկի ամբարտավանությամբ:

Դեռ չպարզած՝ արդյո՞ք հրդեհը դիտավորություն չէ, արդյո՞ք տեխնոլոգիական աղետի հետ չէ մեր գործը, որում իշխանության մատը խառն է, կամ՝ ահաբեկչություն է եւ կամ՝ անփություն, արդեն «աչքալուսանք» են տալիս՝ ծուխը գնում է Թուրքիա: Այսինքն, ինչ կարողանում, անում ենք, որ թուրքերը վա՞տ զգան: Իսկ Թուրքիա, կներեք, Ադրբեջանի վրայո՞վ է գնում:

Ո՞վ է սրանց ձեռքը պետություն տվել: Ուզում եմ դեմքով տեսնել էդ մարդկանց: Գոնե որպեսզի հասկանանք՝ մարդու մասի՞ն է խոսքը: Իսկ, կներեք, Թուրքիայի օդը ձեր համար «արյան ծովի» մարտադա՞շտ է: Էդ օդով կարծեմ Երեւան-Ստամբուլ ինքնաթիռի չվերթն է իրականացվում: Ինչու՞ եք ոգեւորվել:

Թուրքերը ձեր համար ի՞նչ են՝ ձեր ապաշնորհությունը կամ գուցե հանցանքը ծածկողնե՞ր: Շա՞տ են անվնաս էդպիսի բաների համար: Պատասխան տվողներ չե՞ն: Միայն թե ազգի հակաթուրքական թմբկաթաղանթը այլ բան չլսի՞, պատասխան չպահանջի՞: Այսինքն, ուզում եք ասել, որ բավարար խելագարացրե՞լ եք հայ ազգին, ժամանակն է «Նաիրիտի» թունավոր ծխով ստուգե՞լ նրա հայրենասիրական «զգոնությունը»:

Տղերք, ասում եմ ձեզ, թուրքը անիրական եւ անարժանապատիվ ինչ-որ կիսաստվեր չէ: Խիստ իրական մարդ է, քաղաքացի, պետության ներկայացուցիչ, որն անձամբ է Էրդողանին բերել ու դրել իր գլխին որպես սուլթան: Ուրախ եղեք, որ պարզապես ձեր տեղը չգիտի, որովհետեւ թզուկի ամբարտավանությունը ոճիր չի «ոգեշնչում»: Ծուխը գուցե իրապես գնում է Թուրքիայի ուղղությամբ: Ավելին, էնքան «բանական» ծուխ է, որ գիտի ուր է գնում:

Բայց մի տեսակ տարօրինակ չէ՞:

Միակ ոտքի վրա մնացող արդյունաբերական հսկան վերցնում ու պայթում է: Մի տեսակ շատ «թուրքական» չէ՞: Ինչե՞ր է իր հետ տանում այդ պայթյունը, ներառյալ այն, որ այդ հսկան այլեւս պիտանի չէ շահագործման համար: Մենք պետք է հաշտվենք եւ «սովորենք», որ արդյունաբերական հսկաները մեր խելքի բանը չեն: Մենք այնպիսի մարդկանց ենք տվել իշխանությունը, որ մեզ թուրքի դեմ ատելության ծրագրավորելուց բացի ուրիշ ոչ մի «ստեղծագործության» ընդունակ չէ:

Իսկ դուք եղե՞լ եք այն հողերում, դեպի որտեղ գնում է այդ ծուխը: Հայաստանում այդպիսի խնամված դաշտեր չկան: Հայաստանի դաշտերում վաղուց էդ հողերի վրա արածող բառի բուն իմաստով այդպիսի խնամված կովեր ու ոչխարներ չկան:

Թուրքի կովը արժանապատվություն է պատմում, իսկ ինչի՞ «մասին»  քո կովը: Թուրք է, թե թուրք չէ, կով է, կով չէ, ոչ նրանք, ոչ հողը այդպիսի ծուխի արժանի չեն: Այն, որ դա տեղի է ունեցել Երեւանում, հենց մեր այդ ծուխին «արժանի» լինելու մասին է: Որովհետեւ չափազանց շատ աղետներ են տեղի ունենում մեր գոյության դաշտում: Թուրքը չի վառել Խոսրովը, թուրքը չի կեղծել մեր ընտրությունները, թուրքը 388 հազար հոգու անձամբ կամ նույնիսկ միջնորդավորված դուրս չի մղել այս երկրից: Էլ չեմ ասում, որ դուրս մղվողների մի մասը Թուրքիա է գնում:

Երբ ասում եք՝ թուրք, նկատի ունեք, որ դուք նրանց գազանությունները չէի՞ք անի: Այս Հայաստանն ամբողջ էությամբ պատրաստ է մեր «թրքությանը» եւ արդեն 20 տարի «վայելում» է այն: Այս Հայաստանում կատարված գազանություններով կարելի է «հյուրախաղերի» գնալ նախորդ դարի 15 թվականի Անատոլիա: Իսկ ուրիշ Հայաստան չկա, որպեսզի այստեղ մնա մեր «թուրքը», իսկ առաքինիները գնան:

Ամեն ինչի ուրիշը կա, իսկ Հայաստանի ուրիշը չկա: Որովհետեւ եթե ամեն ինչի ուրիշը չլիներ, մենք Հայաստանը կդարձնեինք ուրիշ:

Հայաստանն ինքն իր այլընտրանքը չդարձավ: Ահա ինչու, նրա հետ պատահելիքը վաղուց միայն աղետներն են: Իսկ աղետը խնամքի հակառակն է:

Մհեր Արշակյան

MediaLab.am