Կատալոնիան մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն՝ Իսպանիայի ամբողջականության

Կատալոնիան մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն՝ Իսպանիայի ամբողջականության
Կատալոնիան մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն՝ Իսպանիայի ամբողջականության

761 մարդ է վիրավորվել Կատալոնիայում տեղի ունեցած բախումների ընթացքում, որտեղ կիրակի՝ 2017թ-ի հոկտեմբերի 1-ին, Իսպանիայի այդ շրջանի անկախության մասին հանրաքվե էր անցկացվում:

Իսպանիայի կառվարությունն ի սկզբանե հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանը հանրաքվեն ապօրինի է ճանաչել, և այն թույլ չի տա անցկացնել:

Կատալոնիա են ուղղվել ազգային ոստիկանության բազմաթիվ ջոկատներ և Guardia Civil հատուկ նշանակության ջոկատներ:

Նրանք շղթայել էին շենքերը, որտեղ պետք է անցկացվեր քվեարկությունը, և առգրավել էին քվեատուփերն ու քվեաթերթիկները:

Մարդիկ դիմադրում էին, բախումներ սկսվեցին: Ոստիկանությունը մահակներ կիրառեց, ամբոխի ուղղությամբ կրակեց նաև ռետինե գնդակներով:

Տուժածների թվում 12 ոստիկան կա: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ցույցերի երեք մասնակից կալանավորվել է:

 

Հոկտեմբերի 1-ի երեկոյան ելույթ է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը և ասել, որ «Կատալոնացիներին խաբեությամբ ընտրության են տարել»:

Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն քննադատել է ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ այն բռնություն է կիրառել «»անպաշտպան բնակչության նկատմամբ»:

Կատալոնացիների առաջնորդ Կարլես Պիջեմոնտը լրագրողներին հայտարարել է, որ «իսպանական պետության… չարդարացված բռնությունը Կատալոնիայի ժողովրդին հետ չի պահի իր ցանկությունների իրագործումից »:

Հանրաքվեից մի քանի օր առաջ

Հանրաքվեյի կազմակերպիչն է համարվում երկու հասարակական կազմակերպություն՝ Omnium Cultural-ը և «Կատալոնական ազգային ժողովը» (ANC): Վերջին 6 տարվա ընթացքում նրանք բազմիցս հանրահավաքներ են կազմակերպել Բարսելոնայում, որոնց մասնակցել է մեկ միլիոնից ավել մարդ: Երկու կազմակերպություններն էլ բնակչության այնպիսի հզոր աջակցություն ունեն, որ միայն խորհրդանիշների վաճառքից կամ անդամավճարներից հարյուր հազարավոր եվրո են վաստակում:

ANC-ը 40 հազար անդամ ունի, նույնքան էլ՝ կամավոր: Omnium Cultural-ը՝ 38 հազար անդամ:

Երկու կազմակերպությունները կոչ էին անում ժողովրդին խաղաղ դիմադրություն ցույց տալ Իսպանիայի իշխանություններին և ոստիկանությանը:

Արդյունքում Կատալոնիայի տարբեր քաղաքների բնակիչներն ուրբաթ՝ սեպտեմբերի 29-ին սկսեցին հավաքվել դպրոցներում և այլ հաստատություններում, որտեղ տեղկայված էին ընտրատեղամասերը:

Շատերը եկել էին երեխաների հետ, իրենց հետ բերել էին քնապարկեր և մարզադահլիճներում տեղավորվել գիշերելու:

Շատ տեղերում մարդիկ հանել էին այդ դպրոցների մուտքի դռները, որպեսզի ոստիկանությունը չկարողանա գոցել դրանք: Որոշ շրջաններում ֆերմերները տրակտորներով էին փակել ընտրատեղամասեր տանող ճանապարհը:

Իր հերթին, իշխանությունները հանրաքվեի օրվանից առաջ տուգանել էին Կատալոնիայի շատ առաջատար քաղաքական գործիչների, իսկ նրանցից ոմանց՝ ժամանակավորապես ձերբակալել:

Ոստիկանությունը նույնպես նախապես զբաղեցրել էր շրջանային հեռուստահաղորակցման կենտրոնը:

Հանրահավաք-համերգն ուրբաթ երեկոյան մոտ 20 հազար մարդ էր հավաքել:

«In-inde-independencia!»՝ երգում էր ոգևորված ամբոխը:

Ինչո՞ւ է հանրաքվե կազմակերպվել

Կտալոնիան հարուստ շրջան է Իսպանիայի հյուսիս-արևելքում, այստեղ 7,5 մլն մարդ է ապրում:

Կատալոնիան, ինչպես նաև Իսպանիայի ևս մի քանի շրջան (17-ից 4-ը) ինքնավարության կարգավիճակ է ստացել 1979թ-ին՝ Ֆրանկոյի մահվանից մի քանի տարի անց:

Այդ կարգավիճակը նրան որոշակի ինքնուրույնություն է տվել առողջապահության և կրթության ոլորտում: Կատալոնիայում հայտնվել են նաև սեփական իրավապահ ուժեր, սեփական կառավարություն և խորհրդարան:

Սակայն Կատալոնիայի կառավարության կամ խորհրդարանի ցանկացած որոշում կարող էր չեղարկվել Մադրիդում:

2005թ-ին նոր բարեփոխում իրականացվեց: Կատալոնացիներն իրավունք ստացան կոչվել «ազգ, որն իսպանականի մի մասն է»: Կատալոնիային էր մնում նաև այստեղ հավաքված հարկերի մի մասը:

Սակայն այդ բարեփոխումը մնացած Իսպանիայում շատերի դժգոհությունն առաջացրեց: Ներկայիս վարչապետ Մարիանո Ռախոյի կուսակցությունը հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան, որը 2010թ-ին չեղարկեց բարեփոխումը:

Եվ կատալոնացիները կրկին կորցրին հարկերի մեծ մասն իրենց պահելու հնարավորությունն, ինչպես նաև ազգ կոչվելու իրավունքը: Եվ այդ ժամանակից շրջանում սկսեցին կտրուկ զարգանալ բողոքական տրամադրությունները:

2014թ-ի նոյեմբերի 9-ին կատալոնական կառավարությունը համակատալոնյան «խորհրդատվություն» անցկացրեց: Այդ ոչ ֆորմալ քվեարկության հետևյալ հարցն էր դրվել. «Արդյո՞ք ցանկանում եք, որպեսզի Կատալոնիան անկախ պետություն դառնա»:

Քվեարկության էր եկել 2,1մլն մարդ, որոնց 80,76%-ը պատասխանեց «այո»:

Ընդ որում, դիտորդների մեծ մասը նշել էր, որ նման բարձր տոկոս ստացվել էր այն բանի հաշվին, որ անկախությանը դեմ արտահայտվողները հիմնականում անտեսել էին քվեարկությունը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բազմիցս հայտարարել է, որ այդպիսի քվեարկությունը Սահմանադրության խախտում կլինի, որը սահմանում է, որ «Իսպանիան անքակտելի ազգ է, ընդհանուր հայրենիք բոլոր իսպանացիների համար»:

Սակայն արդյունքների հայտարարումից հետո մի քանի տարբեր կատալոնական կուսակցություն՝ ուլտրաձախերից մինչև ուլտրաաջ, համախմբվեցին Junts Pel Si («Միասին՝ «այո» պատասխանի համար) կոալիցիայում և ընտրողներին խոստացան «լիարժեք» հանրաքվե անցկացնել ընտրություններում հաղթանակ տանելուց 18 ամիս անց:

Այդ 18 ամիսները հենց 2017թ-ի հոկտեմբերին են լրանում:

 

Le Monde թերթն Իսպանիայի կառավարությունն անվանել է «Եվրոպայի ամենակոռումպացված կառավարություն»: Իսպանիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ երկրում կոռուպցիայի ծավալը տարեկան 90մլրդ եվրո է, դրանցից 47,5մլն-ը՝ պետպատվերի արժեքի ուռճացման հաշվին: Դա երեք անգամ շատ է, քան Կատալոնիայի բյուջեն:

Գլխավոր կասկածյալներն իշխող «Ժողովրդական կուսակցության» գործիչներն են վարչապետ Ռախոյի գլխավորությամբ:



Աղբյուրը՝ JAMNEWS, ԲԻ-ԲԻ-ՍԻԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ