«Հայաստանում ով որ կգա մորն ասի՝ երեխայի հետ ինչի՞ ես վատ խոսում, այդ մայրը շերեփով կտա գլխին։ Չի կարելի մտնել մեր ընտանիքի մեջ». Դավիթ Ամալյան

«Հայաստանում ով որ կգա մորն ասի՝ երեխայի հետ ինչի՞ ես վատ խոսում, այդ մայրը շերեփով կտա գլխին։ Չի կարելի մտնել մեր ընտանիքի մեջ». Դավիթ Ամալյան
«Հայաստանում ով որ կգա մորն ասի՝ երեխայի հետ ինչի՞ ես վատ խոսում, այդ մայրը շերեփով կտա գլխին։ Չի կարելի մտնել մեր ընտանիքի մեջ». Դավիթ Ամալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը:

-Դավի´թ, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը բավականին բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։ Դուք նույնպես դեմ եք: Ի՞նչն է անհանգստացնում Ձեզ այս նախագծում։

– Ինձ զանգել կանչել են ասուլիսի, որի համար չեմ ափսոսում, որովհետև այն խնդիրը, որ հիմա բարձրացրել են, վաղուց կար։ Բայց ես չեմ կարծում, որ դրա դեմ հրապարակային պայքարը ճիշտ է։ Քաղցկեղի բջիջների դեմ հրապարակային պայքար պետք չի, դրանից նրանք ավելի ակտիվանում են։ Այսինքն՝ եթե դրսից վերևներին ասվել է, որ նման օրենք ընդունեն, վերևները կարող են չմերժել և ֆիկտիվ ընդունել, բայց ես չէի ցանկանա, որ այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրանա զուտ մարդկային առումով։ Ուղղակի չէի ցանկանա, որ ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող մարդկանց գործունեությունը հրապարակվի։ Իրենք թող տեսնեն, որ անտեսված են։

– Իսկ կա՞ դրույթ այդ օրենքի նախագծում, որ Ձեզ մտահոգում է։

– Այդ օրը լրագրողն ինձ զանգել է, ես այդ օրը գնացել եմ ասուլիսի, թեև ծանոթ չեմ նախագծին։ Այդ օրը ես մի բան եմ ասել. փոխանակ ընտանիքը հասցնեն պետության մակարդակի, պետությունն է փորձում միջամտել ընտանիքին, որը սխալ եմ համարում։ Ես կցանկանայի, որ մեր ընտանիքը դառնա պետության մոդել, ոչ թե պետությունը միջամտի ընտանիքի գործերին և դրսից եկած օրենքներ ընդունի։ Փոխանակ «Մենք ենք, մեր սարերը» դառնա մեր Սահմանադրության հենք, մենք փորձում ենք հակառակն անել։ Այսինքն՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մեջ էլ բերում օտարի խոսքը տարածում է գյուղի արդար մարդկանց մեջ ու նրանց գող է անվանում, որի համար պատժվում է։ Ֆիլմի մեջ ոստիկանը կնկա ու մատանու մասին պատմելով ասում է, որ դա անձամբ իր հետ է պատահել, բայց խաբում է։ Նույն բանը հիմա է կատարվում. դրսից օրենքը բերել են, ասել, որ սա եվրոպական չափանիշներ են, բայց մեզ մոտ դա չի գործելու։ Հայաստանում ով որ կգա մորն ասի՝ երեխայի հետ ինչի՞ ես վատ խոսում, այդ մայրը շերեփով կտա գլխին։ Չի կարելի մտնել մեր ընտանիքի մեջ։ Իհարկե, լինում են բացառություններ։ Երբ ասում են, որ կանանց հանդեպ բռնությունները շատացել են, սպանություններ են լինում, ես էլ բերում են Ռյազանովի օրինակը, որ եթե կա դավաճանություն, Աստված տա, սպանություն չլինի։ Օրինակ՝ մեր շենքում անընդհատ անգամ արյան հասնող կռվող ամուսիններ կային, բայց առավոտյան այդ մարդիկ արթնանում, իրար հետ սուրճ էին խմում։ Դրա համար, որքան էլ թեժանար կռիվը, ես չէի միջամտում, գուցե մարդիկ այդկերպ են իրարից հագենում։ Հիմա այդ մարդիկ էլ այդպես են, մենք էլ էսպիսի ազգ ենք, մեր ընտանիքի մեջ։ Գագիկ Գինոսյանը շատ ճիշտ բան ասաց՝ եթե բռնությունն անընդունելի է, ապա դա բոլորի համար է անընդունելի և պետք չի ընտանիքի համար այն առանձնացնել։ Եթե ամուսինը կնոջը ծեծում է և մահվան հասցնում, դա հանցանք է։ Ի՞նչ տարբերություն` փողոցում անծանոթի՞ն են ծեծում, թե՞ ընտանիքում ամուսինը կնոջը կամ կինը ամուսնուն։ Եթե օրենքն արգելում է, որ կնոջը չի կարելի ծեծել, ինչ տարբերություն` քո՞ կնոջը չի կարելի ծեծել, թե՞ ուրիշի կնոջը։

– Այսինքն՝ կարծում եք, որ սա արհեստականորեն բարձրացված աղմո՞ւկ է։

– Այո´, արհեստական ու ժամանակավոր աղմուկ է։ Ուղղակի այն կարող է որևէ կերպ պետք գալ, ու ես չեմ ուզում որևէ կերպ պետք եկող աղմուկին մասնակցել։ Հայաստանում կան գենդերային կազմակերպություններ։ Ես ունեմ մտերիմ մարդ, որ շատ տեղեկացված էր, ասաց, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները մեր հասարակությունում 2 տոկոս է, այդպես է եղել միշտ ու հիմա էլ այդպես է։ Այսինքն՝ մենք այդ մարդկանց բզբզալով կարող ենք միայն նրանց տոկոսը շատացնել։ Իսկ անտարբեր լինելու դեպքում նրանք կա´մ կվերանան, կա´մ կմնան այդ 2 տոկոսը։ Իհարկե, ցավում եմ այդ 2 տոկոսի համար էլ, բայց դա մեր որոշելիքը չէ։

– Մենք բախվում ենք ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերի։ Բացի այդ, այս նախագծով կարելի էր ապաստարաններ ստեղծել բռնության զոհերի համար։ Այդ խնդրի լուծումը կարևոր չե՞ք համարում։

– Այսինքն՝ ի՞նչ դեպքերի մասին է խոսքը: Ինչո՞ւ այդ հարցը 20-30 տարի առաջ արդիական չէր, հիմա հանկարծ դարձավ արդիական։ Ամենաքիչը մեզ մոտ է այդ խնդիրը։

– Բայց հայկական ընտանիքներում խնդիրները սովոր են թաքցնել, ցույց չտալ։

– Ո´չ, հայկական ընտանիքներում բռնությունն իրականում քիչ է, հավատացե´ք։

– Շատ է խոսվում ավանդական ընտանիքից։ Ո՞րն է ավանդական ընտանիքը։

– Ավանդական ընտանիքը սիրով ընտանիքն է։ Երբ սիրում են իրար, կինը մնում է հնազանդ, ամուսինը՝ տեր։ Դրա մեջ ամեն ինչ ամփոփված է։ Սեր կա, փոխադարձ ընկերությունը կա, երեխաները սիրով ծնվում են, մնացածն ամեն ինչ ճիշտ է արվում։ Ո՞ր ընտանիքում խնդիրներ չեն լինում։ Հիմա դուք ձեր երեխայի վրա չեք բղավե՞լ։ Ես գոռացել եմ իմ երեխայի վրա, ու եթե պետք է այդ օրենքն ընդունվի, առաջինն ինձ են դատելու։ Տղա երեխաներ ունեմ, մեկ-մեկ անգամ թույլ եմ տալիս ձեռք բարձրացնել նրանց վրա։ Բայց այնպես չի, որ դա օգուտ է տալիս, որովհետև տղաներս ինձնից ծանր են։ Նորմալ է, հայրը տղու հետ կարող է այդպես վարվել։ Որքան քիչ միջամտենք այս խնդրին, այնքան լավ։

– Այդուհանդերձ, օրենքի նախագիծը բերվելու է խորհրդարան, և հավանական է, որ ընդունվի։

– Եթե նույնիսկ Ազգային ժողով բերվի, ես հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, որ սա ֆիկտիվ երևույթ է, և չեն ընդունի։ Իսկ եթե անգամ ընդունվի, միևնույն է, այն չի աշխատելու։

– Բայց ասացիք, որ օրենքը  չեք կարդացել, գուցե լավն է։

– Չեմ կարդացել, որովհետև օրենքներից չեմ հասկանում։ Ինձ ասել են, որ ընտանեկան բռնության դեմ օրենք է։ Բայց բռնությունը միայն ընտանեկան չի լինում, ինչո՞ւ են առանձնացնում։ Եթե ամուսինը կնոջը ծեծում է, այնպես չի, որ ոստիկանին արգելված է միջամտել։ Ամենախաղաղ տեղն ընտանիքն է, բոլոր քաղաքական գործիչներն իրենց ընտանիքներում լավ մարդիկ են, եկեք չմիջամտենք ընտանիքին։

Մանե Հարությունյան

MediaLab.am