«Վախենամ՝ ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի սրվի, և բանը հասնի բախումների»․ Քաղաքագետ

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկն աստիճանաբար ամբողջանում է։ Հաշվի առնելով արդեն տեղի ունեցած քաղաքական ուժերի ու երեկ և այսօր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և Հայ ազգային կոնգրեսի համագումարները՝ նախընտրական ի՞նչ պայքարի ենք ականատես լինելու։

– Ցավոք, մենք կարող ենք ակնկալել շատ կոշտ, փոխադարձ մեղադրանքներով, հայհոյանքներով հագեցած քարոզարշավ, որի ընթացքւմ իրավիճակն աստիճանաբար կլարվի, և ես վստահ չեմ, որ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո այդ լարվածությունը կհանգուցալուծվի։ Վախենամ՝ ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի սրվի, և բանը հասնի բախումների։

– Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում են երկրի թե՛ նախկին, թե՛ ներկա ղեկավարները։ Ինչի՞ արդյունք կամ հետևանք է սա, և արդյոք դրակա՞ն երևույթ է։

– Իրավիճակն է ստիպել, որովհետև նախկինում՝ մինչև 2018 թվականը, ունեցել ենք երեք տարբեր իշխանություններ, իսկ 18 թվականից հետո իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք չունենք իշխանություն, ինչը շատ վտանգավոր է պետականության համար։

Այս հանգամանքը, բնականաբար, ստիպում է, որ բոլորը, ովքեր ի վիճակի են ինչ-որ բան անել, իհարկե պետք է մասնակցեն, որովհետև խաղասեղանին չափազանց մեծ հարց է դրված՝ մեր անկախ պետականության գոյության։

Անկախ պետականություն ունենալ-չունենալու հարցն է ստիպել ՀՀ բոլոր ղեկավարներին մասնակցել ընտրություններին, բայց այսօրվա իշխանությունների որակը տեսնելով՝ չեմ կարծում, որ կարող են ապահովել նորմալ, արդար ու թափանցիկ ընտրություններ, և չեմ կարծում, որ նրանք պատրաստ են ինքնակամ հեռանալու իշխանությունից։

– Ասացիք, որ խաղասեղանին դրված է անկախ պետականության լինել-չլինելու հարցը, առանցքային քաղաքական ուժերի ելույթները լսելով, ըստ ձեզ, ո՞ր քաղաքական ուժն է ավելի կոմպետենտ այդ հարցը լուծելու համար, որ ժողովուրդն էլ հասկանա՝ ում վստահի։

– Դեռ կոնկրետ ծրագիր ոչ ոք չի առաջարկել, բայց խնդիրն ուժը չէ, խնդիրն այն է, որ տարբերակներն այդքան շատ չեն: Եթե այսօրվա իշխանությունները հանկարծ կարողանան վերարտադրվել, մեր պետականության կորստյան ընթացքը շարունակվելու է, եթե իշխանության գա, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ ԲՀԿ-ն, Հայաստանը դառնալու է ֆորպոստ, ավել կամ պակաս արդյունավետ ղեկավարվող ֆորպոստ, բայց ֆորպոստ՝ դրսից ղեկավարվող։

Եթե ՀԱԿ-ին հաջողվի ստեղծել ինչ-որ լուրջ բևեռ, այդ դեպքում Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունը և փորձելու է որպես ինքնիշխան երկիր լուծել այդ հարցը։

Սա շատ գեղեցիկ է հնչում, բայց ամենաբարդն է լինելու դա անելը, որովհետև որպես ֆորպոստ շատ ավելի հեշտ է ապավինել ուրիշներին։ Հասարակությունը պետք է ոչ թե երեք ուժերի միջև ընտրություն կատարի, այլ երեք տարբերակների, որքան էլ շատ լինեն այդ ուժերը։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանեց, թե ինչո՛ւ պետք է պայքարել Փաշինյանի վերարտադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու դեմ, բայց ինչո՛ւ առաջին նախագահի առանձնացրած այդ ցանկում չկար ՀՀ երրորդ նախագահը։

– Չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանն անձամբ իշխանությունը վերադարձնելու հայտ չի ներկայացրել, բայց մենք պետք է կարողանանք վերանալ անձերից:

Տեր-Պետրոսյանն անուններ է տալիս, որովհետև հասարակությանն անուններ է հետաքրքրում, բայց, մեծ հաշվով, առաջին նախագահն ասում էր, որ պետք է պայքարել Հայաստանի պետության չգոյության և ֆորպոստ դարձնելու հեռանկարի դեմ, այսինքն՝ անձերին մի կողմ ենք դնում և ուշադրության ենք արժանացնում գաղափարները, նրա ասածն այս էր։

– Առաջին նախագահին կհաջողվի՞ նախընտրական քարոզարշավի ընթացքում զգալի թվով մարդկանց «համոզել», որ ձեր նշած հարցն է գլխավորը, և իրենց շուրջ մոբիլիզացնել հանրային լայն շերտ։

– Դրա համար անհրաժեշտ նախադրյալներ կան, բայց պետք է հաշվի առնել նաև, որ նախընտրական քարոզչության համար կարևորագույն բաղադրիչներ, ինչպիսիք են նյութական, մեդիա և այլ ռեսուրսներ, ՀԱԿ-ը, ցավոք, չունի, կամ ունեցածը համադրելի չէ նույն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և օրվա իշխանությունների ունեցածի հետ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am