Արշակ Սադոյանը վերադառնում է քաղաքականություն. «Պասիվ լինելը հանցագործություն է, երբ տեսնում ես՝ երկիրդ քանդվում է»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը

– Պարո՛ն Սադոյան, օրերս հայտարարություն տարածվեց նոր դաշինքի ստեղծման մասին, և կարծես դուք վերադառնում եք քաղաքականություն: Ինչո՞ւ այդպես որոշեցիք:

– Որոշեցի, որովհետև այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, սարսափելի վտանգավոր է ոչ միայն մեր երկրի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի ապագան է խորտակվում:

Արտագաղթը հատկապես պատերազմից հետո ահագնանում է, բնակչության թիվը նվազում է երկրում, դրսում գտնվող հայրենակիցները հուսահատ են և չեն էլ փորձում դիմակայել ասիմիլյացիոն պրոցեսներին:

Եթե այսպես շարունակվի, մեր դարերի մեջ ապրող հայ ժողովրդի ապագան է կործանվելու: Այս պայմաններում մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում՝ անթույլատրելի է, նույնիսկ՝ հանցագործություն:

Առավել ևս հիմա այնպիսի մթնոլորտ է ստեղծվել նիկոլականների ջանքերի շնորհիվ, որ իբրև թե խնդիր է դրված՝ կամ Նիկոլը, կամ Ռոբը: Ժողովուրդը, որ ատելով ատում է Ռոբին ու հիմա էլ սկսել է ատել Նիկոլին, ընկել է կրակի մեջ՝ եթե Նիկոլը չէ, ապա Ռոբը, եթե Ռոբը չէ, ապա Նիկոլը, և ստեղծվում է անընդունելի իրավիճակ:

Պետք է իսկապես լինի երրորդ ուժ, ու այդ տեսանկյունից, կարծում եմ՝ չի կարելի պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ, և մեր կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին՝ երրորդ ուժի ճանապարհով:

– Ի՞նչ ուժ է ձևավորվում, կներկայացնե՞ք:

– Ես Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահն եմ: Մենք առաջարկներով դիմեցինք մոտ 25 կուսակցության, և պարզվեց, որ նման խնդրով մտահոգ են այլ կուսակցություններ:

Ի վերջո կազմեցինք «Ազատ հայրենիք» դաշինքը, որի մեջ մտնում են մեր կուսակցությունը, Կառուցողական կուսակցությունը, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, Պահպանողականների կուսակցությունը և այլն:

Այսպես որոշեցինք մասնակցել ընտրություններին, ու այն հիմնական թեզը, որ առաջ ենք քաշում, հետևյալն է՝ նոր խորհրդարանը պետք է լինի անցումային, որը պետք է արմատական բարեփոխումներ կատարի ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի մեջ, իսկ կառավարությունը պետք է լինի ժամանակավոր:

Այդ պայմաններում մի քիչ կարգի բերել երկիրը ու դրանից մեկ տարի հետո փոփոխված պայմաններում գնալ ընտրությունների:

– Պարո՛ն Սադոյան, երկար ժամանակ ակտիվ քաղաքականության մեջ չեք եղել, հետ չե՞ք վարժվել: 

– Այո՛, շատ պասիվ եմ եղել մինչև այժմ, իսկ կորոնավիրուսի պայմաններում էլ աշխատանքը տեղափոխվել էր հեռավար ռեժիմ: Բայց բոլոր դեպքերում այդքան էլ պասիվ չէի, իսկ հիմա առավել ևս անհրաժեշտ է ակտիվ լինել: Պասիվ լինելը հանցագործություն է, երբ տեսնում ես՝ երկիրդ քանդվում է: 

– Լավ, դուք ասում եք՝ երկրի ապագան խորտակվում է, իսկ իշխանություններն ասում են՝ ապագա կա, նույնիսկ այդ կարգախոսով էլ մասնակցում են ընտրություններին: Դուք ասում եք՝ երկիրը քանդվում է, բայց իշխանությունը, հակառակը՝ հույս է ներշնչում, որ լավ է լինելու: Ինչպե՞ս հասկանալ:

– Դա մեծ լկտիություն է, սուտ ասելու աստիճանը հասել է նրան, որ նույնիսկ ապագայից են խոսում, երբ ապագան կործանել են: Ուրեմն իմացե՛ք՝ Հայաստանը ապագա չունի միայն սեփական ուժերով:

Մարդիկ չեն ուզում հասկանալ, Նիկոլն էլ անընդհատ խաբում է: Հայաստանում գործազրկությունն ահագնացող տեմպերի է հասնում, մեկ մարդու աշխատանքի արտադրողականությունը նվազ է 12 անգամ, արդյունքում ստացվում է՝ 2 մլն մարդ որ երկրում աշխատի, պատռվի, չի կարող հավելյալ 15 մլրդ դոլար միջոցներ ունենալ պաշտպանական համակարգի կորցրած զինատեսակները ձեռք բերելու համար:

Պետք է նրանց ասածներում փնտրել տրամագծորեն հակառակը՝ տեսնելով, որ Հայաստանը ապագա չունի, հակառակն են իրենց լոզունգ դարձրել:

Փաշինյանը ստախոս է ծայրից ծայր, նրա ամեն մի խոսքը ժողովրդին մոլորեցնելու, կամ, ավելի ժողովրդական բառերով՝ ֆռռցնելու մեխանիզմներով է: Երբ ահավոր թվով զոհեր ենք տվել, տարածքներ ենք կորցրել, Հայաստանը խայտառակ պարտություն է կրել, ու այս պայմաններում ինչ էլ ասի, խաբում է:

Իհարկե ծայրահեղ վատ կլինի, երբ մարդասպանության մեջ մեղադրվող Ռոբը գա իշխանության: Բայց ի՞նչ է, Հայաստանն այդքան աղքատ է, որ էլ մարդ չկա՞:

– Դուք ասացիք՝ հանդես եք գալու որպես երրորդ ուժ, բայց այդ դաշտում մեծ մրցակցություն է: Ինչպե՞ս եք դիմակայելու դրան:

– Շատ լավ է, որ նման վիճակ է: Քանի որ նախընտրական պրոցեսները խիստ սահմանափակ ժամկետում են կատարվում, չենք էլ հասցնում թեկնածուների գրանցման հարցը լուծել, այս պայմաններում, բացի նախընտրական դաշինքներից, կստեղծվեն նաև հետընտրական դաշինքներ բոլոր այն ուժերի միջև, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման հեռացվի:

Ե՛վ Նիկոլը, և՛ նիկոլականները: Էնպես որ, պրոբլեմ չկա, այդ երրորդ ուժը կլինի:

Ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հայ մարդիկ այս ամեն ինչից հետո ասում են՝ դե լավ, Նիկոլն ա, էլի, էդքան էլ վատ չի: Բայց իսկապես Նիկոլը խայտառակ ստախոս է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am