Նիկոլ Փաշինյանը հեռանալուց առաջ թող բոլոր վատ գործերն անի․ այս մտայնությամբ են առաջնորդվում ընդդիմադիր առանցքային ուժերը․ Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ-ում կրկին բողոքի ակցիաներ են ընթանում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց ստորագրվելիք եռակողմ նոր փաստաթղթի, այսպես կոչված, նախագիծը, և Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պատրաստ է ստորագրելու այն։ Այս ակցիաները նպատակին կծառայե՞ն, թե՞ ակցիաների կազմակերպիչներն էլ գիտակցում են, որ շոշափելի արդյունքի չեն հասնելու։

– Դեռևս «Հայրենիքի փրկության շարժման» (այդ ֆորմատից հունվար ամսին դուրս եկավ մեր կուսակցությունը) գործունեությանը գնահատական տալիս եմ ասել, որ նման ակցիաները, ըստ էության, չծառայելով իրենց բուն նպատակին՝ ավելի են ամրացնում Նիկոլ Փաշինյանի դիրքերը երկրի ներսում՝ ավելի խոցելի դարձնելով նրան արտաքին ճնշումների համար։ 

Իմ դիրքորոշումը չի փոխվել, թեև այդ ֆորմատն այլևս գոյություն չունի, բայց տեսնում ենք, որ այս ակցիաները կազմակերպում են այդ ֆորմատի հետ ինչ-որ կերպ առնչություն ունեցած քաղաքական կամ հանրային սեգմենտները։ 

Նոր փաստաթղթի նախագիծը, որը հրապարակվել է մամուլում, չի բխում ՀՀ-ի շահերից, իսկ դրա ստորագրումը կանխելու երկու տարբերակ կա։ Առաջին՝ ընդդիմադիր բոլոր սեգմենտները, եթե նրանց նպատակն իսկապես այս փաստաթղթի ստորագրման կանխումն է, պետք է կոնսոլիդացնեն բոլոր ուժերը և հունիսի 20-ին կանխեն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ 

Երկրորդ՝ հայտարարել, որ եթե մինչև ընտրությունները Փաշինյանը նման փաստաթուղթ ստորագրի, նոր իշխանությունը, որը կձևավորվի արտահերթ ընտրություններից հետո, չի ճանաչելու այդ փաստաթղթի իրավազորությունը։ 

Այս երկու տարբերակով պետք է առաջնորդվեն, նման փոքր ակցիաները ոչ մի խնդիր չեն լուծում, ընդամենը փոշիացնում են ընդդիմության ռեսուրսները։

– Ձեր առաջարկած առաջին տարբերակին գրեթե համարժեք տարբերակ էլ ընդդիմությանն առաջարկում է ՀՀ առաջին նախագահը։ Որտեղի՞ց այդ վստահությունը, որ այս իշխանությունը չի վերարտադրվելու, և եթե Տեր-Պետրոսյանի ասածը ճիշտ է, ու Ալիևն ամեն հնարավորը փորձում է կորզել Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես տեսնում ենք, չի հրաժարվում նորանոր փաստաթղթեր ստորագրելուց, ապա նոր իշխանությունը, ինչպե՞ս է, կոպիտ ասած, այդ ստորագրությունների տակից դուրս գալու։

– Վստահություն չկա, որ չի վերարտադրվելու, որովհետև, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը քաղաքական բովանդակության առումով շատ թույլ է, ես նկատի ունեմ առանցքային ուժերին, փոքր կուսակցությունները շատ փոքր ռեսուրսներ ունեն և այս աղմկոտ ընտրարշավում, վախենամ, շատ մեծ բան չկարողանան փոխել։ Հենց այդ թուլությունը կարող է նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, ոչ թե նրա բարձր վարկանիշը կամ ռացիոնալ լինելը։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար մեղավոր կլինեն այդ ընդդիմադիր ուժերը, որոնք ֆինանսական ռեսուրսներով մոնոպոլացրել են ընդդիմադիր դաշտը։

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանում այժմ ժամանակավոր կառավարություն է, ու իմ ասած երկրորդ տարբերակի հիմքը հենց դա է։ 

Եթե քաղաքական հիմնական դերակատարներն անկեղծ են պետական քաղաքական օրակարգը սպասարկելու հարցում, պետք է հայտարարեն, որ ժամանակավոր կառավարությանը թույլ չեն տալիս երկրի անունից որևէ փաստաթուղթ կնքել։

– Բայց պաշտոնակատար լինելու հանգամանքը նույն Ադրբեջանի և Ռուսաստանի վրա ազդեցություն կունենա՞, որ նոր ձևավորվող ենթադրյալ կառավարությունը հունիսի 20-ից հետո այդ հիմնավորմամբ անվավեր ճանաչի այդ փաստաթղթերը։

– Կարծում եմ՝ այո՛, ի վերջո, այս փաստաթուղթը կատարման խնդիր ունի։ Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ լավ հասկանում են, որ Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի փուլում է, և եթե նման հայտարարություններ հնչեն Հայաստանից, դա նրանց ազդակ կլինի, որ քաղաքական փոփոխությունների դեպքում այդ փաստաթուղթը իրականություն դառնալ չի կարող։

– Պարո՛ն Սուրենյանց, քաղաքական առանցքային ուժերի պասիվությունը ինչո՞վ եք բացատրում։

– Ենթադրում եմ, որ այդ ուժերի մեծ մասը ելնում է այն մտայնությունից, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալուց առաջ թող բոլոր վատ գործերն անի, այսինքն՝ իրենք արտաքին օրակարգի որոշակի սպասարկման մեջ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am