Ազգ-բանակից մինչև ազգ-լվացքի մեքենա. ըստ Անուշ Սեդրակյանի՝ «պետք է օրենքով արգելվի բանակի անվան տակ PR ակցիա կատարելու միտումը»

Ազգ-բանակից մինչև ազգ-լվացքի մեքենա. ըստ Անուշ Սեդրակյանի՝ «պետք է օրենքով արգելվի բանակի անվան տակ PR ակցիա կատարելու միտումը»
Ազգ-բանակից մինչև ազգ-լվացքի մեքենա. ըստ Անուշ Սեդրակյանի՝ «պետք է օրենքով արգելվի բանակի անվան տակ PR ակցիա կատարելու միտումը»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, ազգ-բանակի մասին էինք խոսում, հիմա անցել ենք ազգ-լվացքի մեքենա տարբերակին։ Շատերը նշում են, որ սա էլ PR ակցիա է և նպատակային չէ։ Ինչպե՞ս եք գնահատում բանակին լվացքի մեքենա նվիրելու ակցիան։ Փաստորեն անգամ այս տարրակա՞ն խնդիրը լուծված չէ։

– Ես նպատակահարմարության մասին չեմ դատում, որովհետև եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է մի օգտակար բան տալ բանակին, դա լավ է, և ոչ մի վատ բան չկա։ Այլ բան է, որ բանակին մատուցած իրական և ցուցադրական ծառայությունները ծառայեցնում են մի քանի նպատակի։ Առաջին` բանակի շուրջը և պետության մեջ կոռուպցիան քողարկելու միտումն է, որովհետև գնում է այն խնդիրը, որ իրենք ինչ ուզում են, թող անեն, իսկ մենք բանակին տեր կլինենք։ Դա նշանակում է ընդհանրապես ձեռ քաշել պետությունից հաշվետվություն պահանջելու գործընթացից, լռեցնել և թշնամական համարել բոլոր այն ելույթները, որոնք թիրախավորում են կոռուպցիան բանակում և կոռուպցիան ընդհանրապես։ Իսկ այդ սոցիալական ակցիայի հետևում միշտ կա բացահայտ կամ քողարկված մեսիջ, որովհետև այդ ակցիան անողները անընդհատ շեշտադրում են, որ եթե անգամ այդ կոռուպցիոն համակարգը կա, դա մեր գործը չէ։ Մինչդեռ հենց կոռուպցիան հարկատուի պահանջներին համապատասխանեցնելը, հարկերը թափանցիկ դարձնելը և բանակին ուղղված գումարները վերահսկելը ոչ միայն պետության, այլև քաղաքացիների ֆունկցիան է։

– Նմանատիպ ակցիաներն ի՞նչ վտանգ են պարունակում իրենց մեջ։

– Առաջին վտանգն այն է, որ քաղաքացուն հանում են այդ վերահսկման գործառույթից։ Երկրորդ վտանգն այն է, որ այդ ակցիաների մեջ կարող է հանկարծակի սասանվել վստահությունը, որովհետև արդեն բացվում են այդ ակցիան կատարողների անձնական հարցերը, Ռուսաստանի հետ կապերը, իշխանության հետ կապերը, և փոքր Հայաստանում այդ ամենը հնարավոր չէ քողարկել։ Այդ չքողարկումը մի կողմից կարող է ընդհանրապես սասանել մարդկանց վստահությունը, որովհետև շատ մարդիկ տեղյակ չեն այդ ներքին գործառույթներից, և մենք ապրիորի վստահում ենք ցանկացած բարեգործական ակցիայի, որովհետև բանակը Հայաստանի համար սրբազան գործառույթ է։ Այդ վստահությունից հետո կարող է առաջանալ հիասթափություն և՛ պետության, և՛ այն կառույցների հանդեպ, որոնք իրապես զբաղվում են բանակին որոշակի ուղղորդված օգնություն տրամադրելով։ Երրորդ՝ պետք է օրենքով կտրականապես արգելվի բանակի անվան տակ PR ակցիա կատարելու միտումը։ Բանակային բարեգործությունը պետք է ընդհանրապես լրատվամիջոցների համար փակ լինի, որովհետև առաջին հերթին հակառակորդը չպետք է իմանա, որ դիրքերում լվացքի մեքենայի կարիք կա, զուտ անվտանգության նկատառումներով։ Եվ երկրորդ` դա հնարավորություն կտա, որ ով իսկապես շահագրգռված է բանակի համար ինչ-որ բան անելու հարցում, անի իսկապես իր սեփական խղճի ու մտքի թելադրանքով։ Եթե նա կարողանում է համախոհներ հավաքել, ապա կարող է հավաքել սոցիալական ցանցի հատուկ կազմակերպող PM խմբերի, ոչ թե բազմաթիվ փոստ արվող նկարների, հեռուստահաղորդումների և այլնի շնորհիվ։ Բանակային բարեգործությունը պետք է օրենքով արգելել ծառայեցնել իբրև PR ակցիա։

– Այսինքն՝ իշխանությունն ի՞նքն էլ է գործարքի մեջ մտնում նմանատիպ գործընթացներում։

– Քանի որ դա քողարկված է գաղտնիության շղարշով, իշխանության մասնակցությունը կամ չմասնակցությունը պետք է թեստավորվի այդ ակցիաների նկատմամբ համարժեք վերաբերմունքով։ Այսինքն՝ իշխանությունն ինքը պետք է պահանջի նման ակցիաների գաղտնիություն։

– Բայց մենք տեսնում ենք, որ Վիգեն Սարգսյանն ինքն էլ է համացանցում փող խնդրում զինվորի բուժման համար։

– Ես կարծում եմ, որ դա այդ պաշտոնյայի համար վարկանիշի անկում է։

– Ըստ էության՝ ծրագրերը, որոնք իրականացվում են, այդ թվում՝ 1000 դրամների՝ բանակին աջակցության ծրագիրը, իմիտացիա՞ է։

– Եթե խոսքը 1000 դրամների մասին է, ու եթե այդ 1000 դրամներն իսկապես նպատակաուղղված ծառայեն, ապա պետք է դրանց մասով քաղաքացիներին գոնե հաշվետվություն ներկայացնել, որովհետև դա գնում է նրանց հարկերից։ Ազգ-բանակի հայեցակարգով պետք է հաշվետվություն ներկայացնել, որ` ժողովո՛ւրդ, ձեր տված միջոցներով բուժվեց այս զինվորը, վաղը գնվեց այսինչ բանը։ Բայց 1000 դրամները պետական ակցիա է, իսկ այստեղ-այնտեղ աճեցնել բանակի միջոցով իշխանության ձգտող խմբավորումներ, ինձ թվում է, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` սիրուն չի։

Մանե Հարությունյան

MediaLab.am