«Ես կամաչեի որևէ պարգև ստանալ ներկայիս իշխանություններից». Տիգրան Խզմալյան

«Ես կամաչեի որևէ պարգև ստանալ ներկայիս իշխանություններից». Տիգրան Խզմալյան
«Ես կամաչեի որևէ պարգև ստանալ ներկայիս իշխանություններից». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, նախօրեին Սերժ Սարգսյանը դարձյալ մի շարք գործիչների պարգևատրեց, այս իրավիճակը բուռն քննադատության է արժանանում հանրության կողմից: Ո՞ւմ են պագևատրում և ինչո՞ւ:

– Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այդ պարգևատրումներին, իսկ հասարակությունն ու մամուլը սխալ ուղղությամբ են նայում: Պետք է նայեն ոչ թե նրան, թե ում են պարգևատրում, այլ նրան, թե ով է պարգևատրում: Եվ եթե այդ աչքերով նայեք, այդ ամենն այնքան էլ վայրենի չի լինի, որովհետև մարդիկ պարգևատրում են նրանց, ովքեր համապատասխանում են իշխանություններին:

Երկու բան պետության մենաշնորհն է՝ բռնությունը և պարգևը: Հիմա նայենք, ունենք պարգևատրողներ, իսկ դրա ֆոնին ովքեր են գտնվում բռնության տակ, այսինքն՝ բանտերում, ով է դատվում, ոտնահարվում, աքսորվում: Որևէ անտրամաբանական բան չկա այստեղ:

Երբ փետրվարի 23-ին կարմիր բանակի, այսինքն՝ զավթիչ բանակի հոբելյանին օպերայի բեմում նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում և շնորհավորում էր Արտավազդ Փելեշյանին՝ նրա 80-ամյակի առիթով, ա՛յ դա սենսացիա էր: Դա հեղափոխական անակնկալ էր, որ նախագահը գտնվում էր ոչ թե ռուսական ռազմաբազայում կամ ռուսական դեսպանատանը, այլ գտնվում էր օպերայում ու նշում ոչ թե զավթիչ բանակի հոբելյանը, այլ մեծ մտավորականի հոբելյանը: Ա՛յ դա հաճելի անակնկալ էր, իսկ այն, որ պարգևատրում են այնպիսի անունների, որ մեր սրբություններն են հողի մեջ անհանգստանում՝ Խորենացին, Մաշտոցը, դա նորություն չէ: Տեղին է հիշել, որ Մաշտոցի շքանշան տրվել էր, օրինակ՝ Ալլա Պուգաչովային:

-Հիմա էլ Խորենացի շքանշան են տալիս, օրինակ՝ սերիալների սցենարիստ Դիաննա Գրիգորյանին: Արդյոք արժերկվո՞ւմ են այս պարգևները:

– Վաղուց են դրանք արժեզրկվել: Երբ հիշում ենք, թե ով է մեզ մոտ ժողովրդական ու վաստակավոր գործիչ, հասկանում ենք, որ նման դեպքերում շքանշանակիրները ի նշան բողոքի դուրս են գալիս այդ շքանշանի օրդենից: Օրդենը ոչ թե հենց այդ պիտակն է կամ ոսկու կտորը, այլ դա մի փոքր ակումբ է, որի մեջ ասպետներ են, որովհետև դու այդ շքանշանի ասպետ ես դառնում:

Մարդիկ, ովքեր ունեն Խորենացու կամ Մաշտոցի շքանշանը, պետք է շատ ծանր տանեն նման դեպքերը:

Ես նրանց փոխարեն կամաչեի ու դուրս կգայի բողոքի, բայց դա իրենց գործն է: Բայց ուզում եմ շեշտել, որ այստեղ որևէ արտառոց բան չկա, դա շատ նորմալ է և համապատասխանում է իշխանությունների ճաշակին: Հայտնի խոսք կա՝ ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու: Հիմա էլ նույնն է՝ ասա ինչ ես դու կարդում կամ լսում, ում ես դու պարգևատրում, և պարզ կլինեն քո ճաշակն ու մակարդակը: Այնպես որ, շատ հանգիստ է պետք դրան վերաբերվել, զարմանալ կարելի է ճիշտ հակառակ դեպքում, ինչպես Փելեշյանի հոբելյանի դեպքում զարմացանք:

– Սերժ Սարգսյանի կողմից պարգևներ ստացածները հանրության քննադատության ֆոնին չար ու նախանձ են անվանում իրենց քննադատողներին: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

– Իհարկե, կան մարդիկ, ովքեր նախանձով են ասում՝ ինչո՞ւ իրենք, ոչ թե մենք: Բայց դա շատ անհատական հարց է: Ես, օրինակ՝ կամաչեի որևէ պարգև ստանալ ներկայիս իշխանություններից: Ես՝ խոնարհս, իհարկե Դիաննա Գրիգորյանի նման վաստակ չունեմ հայ ժողովրդի ու պետության առաջ, բայց խոնարհաբար խնդրում եմ՝ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի ինձ կոչում, շքանշան կամ անգամ կրծքանշան տալ, որովհետև ստիպված եմ լինելու այդ պատվից հրաժարվել:

– Իշխանությունները խոստանում են, որ ապրիլից հետո երկրում փոփոխություններ են սպասվում: Մենք իրականում տեսնում ենք, որ փոփոխությունների հույս կարծես չկա, ի՞նչ սպասել ապրիլից հետո:

– Հայաստանում վերջին 100 տարվա ընթացքում բոլոր փոփոխությունները կատարվում և կատարվելու են միայն մեկ դրդապատճառով՝ երբ որ ինչ-որ բան փոխվում է Մոսկվայում: Հայաստանը գոյություն չունի առնվազն 1920 թվականի նոյեմբերի 29-ից հետո: Դա ռուսական գուբերնիա է: Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի տապալումն ու հեռացումը տարածաշրջանից կբերեն նրան, որ Հայաստանն իրոք կդառնա հանրապետություն, այլ ոչ թե ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ: Ուրիշ ոչինչ չի կատարվում, այլ բան սպասել միամիտ է:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն է որոշելու, թե ո՞վ է ապրիլից հետո լինելու Հայաստանի վարչապետը:

– Ո՛չ, Ռուսաստանն այնքան էլ թուլանում ու տապալվում, որ այլևս ոչինչ չի կարող որոշել: Եվ պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, որ նա կարողանում է գոնե վերջին երկու տարիների ընթացքում բավական հմուտ խուսանավել: Ինչպես մի հայ գործչի մասին էին ասում՝ նա կարողանում էր անձրևի կաթիլների միջով անցնել ու չոր մնալ, փաստորեն Սերժ Սարգսյանն արդեն Անաստաս Միկոյանի լավագույն հետևորդն է, կարողանում է խուսանավել: Շատ զգուշորեն ու դանդաղ, բայց ինձ համար գոնե ակնհայտորեն նա փորձում է Հայաստանի փոքրիկ նավակը հեռացնել ռուսական տապալող «Տիտանիկից»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am