«Մինչև վերջին պահը մտածում էի՝ մենակ ինքը շնչելով գա, ես իրան կպահեմ, ամեն ձևի կպահեմ, մենակ գա»․ Արփինեն ամուսնուն կորցրեց պատերազմում

«Սկեսուրս անընդհատ ուշաթափվում էր, ես մտածում էի՝ Աստված ջան, ինչ կլինի, իմ ուշքն էլ գնա, կորցնեմ գիտակցությունս, զարթնեմ, ու էս սաղ երազի մեջ եղած լինի։ Մինչև մենք գնացինք, հասանք Լեննական, իրեն արդեն բերել էին»,- արցունքները սրբելով պատմում է 34-ամյա Արփինե Վարդանյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է սիրելի ու ինչպես ինքն է նշում՝ անչափ հոգատար ամուսնուն՝ Մկրտիչ Վարդանյանին։

34-ամյա ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը 9 տարի խաղաղապահ բրիգադում է ծառայել, պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալն էր։

Կինն ասում է՝ ամուսինը բանակում սակրավորի մասնագիտություն էր ստացել, վերադառնալուց հետո որոշել էր, որ այդ գործից ճիշտ գործ չկա, այդ աշխատանքը կատարելով և՛ հայրենիքին օգտակար կլինի, և՛ ապագա ընտանիքը կպահի։ 

«Բանակից եկավ, մենք սկսեցինք լուրջ շփվել։ Ինձ անընդհատ ասում էր՝ գիտե՞ս, չէ, սակրավորները մեկ անգամ են սխալվում, հանկարծ հետո չփոշմանես, բայց ինքն իրա գործը շատ լավ գիտեր ու շատ լուրջ էր վերաբերվում, մենակ գործին չէ, ինքը ամեն ինչին պատասխանատվությամբ էր մոտենում»,- նշում է կինը։

Արփինեն ու Մկրտիչն ամուսնացել են 2012-ին, ունեն երկու երեխա՝ 8-ամյա Մուշեղը և 5-ամյա Սոնան։

Արփինեն ամուսնու մասին խոսում է կարոտով ու մեծ ցավով, որ այլևս ընտանիքի հենարանը չկա։ 9 տարի են միասին ապրել, սակայն ամուսինը հաճախ երկրից դուրս է գտնվել աշխատանքի բերումով՝ Աֆղանստան, Սիրիա, Գերմանիա, Ռուսաստան, Լիտվա։ Կարճ, բայց երջանկությամբ լեցուն 9 տարիներ էին, ասում է Արփինեն։

«Ինքը չափազանց հոգատար էր, որ ասեմ` 9 տարի իրար հետ ենք ապրել, բայց 9 տարվա կեսը ինքը ստեղ չի եղել, խաղաղապահները անընդհատ գնում են առաքելության՝ 2019-2020 թվականներին տարվա կեսը Սիրիայում է եղել։ Անընդհատ դրսում էր, բայց միշտ ասում եմ՝ մարդիկ ամբողջ կյանքում իրար հետ են ապրում, բայց իրար հետ չեն լինում, որքան մենք էս 9 տարվա ընթացքում»,- հուզվում է կինը, լռում:

Արփինեն ասում է, որ 9 տարվա ընթացքում, երբ ամուսինը երկրում չի եղել, ինչպես նաև հիմա, երբ պատերազմի հետևանքով կորցրել է նրան, միևնույն է` միշտ զգացել ու զգում է նրան ներկայությունը։

Արփինեն հաճախ է գնում Եռաբլուր, ասում է՝ երբ անելանելի դրության մեջ է հայտնվում, չգիտի՝ ինչպես վարվի, գնում է, խոսում ամուսնու հետ․ «Ես գնում եմ Եռաբլուր, ինձ թվում ա՝ էնտեղ ինքը ինձ ավելի լավ ա լսելու, բայց ինքն անընդհատ ա իմ հետ: 

Տանն էլ ես անընդհատ մտքով իրա հետ եմ, ամեն տեղ, ինչ անում եմ, ոնց որ իր կենդանության օրոք, ամեն ինչը պետք է իմանար, ինչ անեի, պետք է իրա հետ խորհրդակցեի։ Իրա համար չկար անելանելի ոչ մի բան, էսքան ժամանակ ես չեմ լսել, որ ասի՝ բա ո՞նց անենք, ի՞նչ անենք, ցանկացած դրության մեջ ինքը գիտեր` ոնց աներ, ոնց դուրս գար էդ վիճակից»։

Արփինեն ասում է՝ իրեն անընդհատ այցելում են բարեկամները, աշխատանքի ընկերներն իր կողքին են, բայց ամուսնու բացակայությունը չի լցվում․ «էսքան մարդ իմ կողքը, ու ես ինձ մենակ եմ զգում։ Բայց ես հավատում եմ, որ ինքն ինձ օգնում ա, ֆիզիկապես ինձ հետ չի, բայց ինքն իմ հետ ա, որովհետև չէր կարա ինքն ինձ մենակ թողներ»,- հուզմունքով ասում է կինը։

Մկրտիչ Վարդանյանը զոհվել է Հադրութում հոկտեմբերի 19-ի առավոտյան՝ հրազենային վնասվածքից։ Փամփուշտը վնասել է թոքը, լյարդը, լեղապարկը, ներքին արյունահոսություն է սկսվել։ Արփինեն ասում է՝ ոչ այդ ժամանակ էր հավատում, ոչ էլ մինչև հիմա, որ իրենց ընտանիքի երջանկությունը մի վայրկյանում այդպես կփլուզվի։

«Որ ինքը զանգում էր, ես զոհերի անունները կարդում, լացում էի, ասում էր՝ մի կարդա, մի լացի, ես լավ եմ, անընդհատ ասում էր՝ չլացես հանկարծ։ Կյանքում չէի պատկերացնի, որ մեր հետ սենց բան կարա լինի, ամսի 19-ին որ ինքը չէր զանգել, երեխեքին պառկացրել էի, ես էլ գործերս վերջացրեցի, նստեցի: Էդ մի անգամն ա եղել, որ մտքովս տենց բան ա անցել. էլի զոհերի ցուցակ էին տալիս, ասում էի՝ էսքան մարդ ա զոհվում, բա որ հանկարծ Մկոյին մի բան լինի: Ու ինքս ինձ ասեցի՝ էս ինչեր ես մտածում, չի՛ լինելու նման, մեր հետ չի կարա նման բան լինել… բայց էդ օրն արդեն ինքը չկար»,- արտասվում է կինը։

Ամուսնու զոհվելու մասին ընտանիքը իմանում է երկու օր անց՝ հոկտեմբերի 21-ին։

Արփինեն աշխատանքի վայրում էր, սիրտն անհանգիստ էր, երկու օր էր` ամուսնուց լուր չուներ։ «Չէի կենտրոնանում, արդեն ժամը 4-ն էր, զանգում էի, ոչ մեկ հեռախոսին չէր պատասխանում: Աղջիկներն ասեցին՝ էլ մի մնա, տուն գնա, բայց տուն էլ վախենում էի գնայի, մինչև զանգեցին, ասեցին՝ Մկոն վիրավոր ա, բերել են, բայց ի՞նչ վիրավոր»,- ասում է Արփինեն ու հիշում, որ եկան իր հետևից ու ասացին՝ գնում են հիվանդանոց։

«Բայց մեքենան մեր տուն բերեց… որ հիվանդանոցում լիներ, հիվանդանոց կտանեին: Ես ոչ մի կերպ չէի ուզում էդ մասին մտածեի, մինչև վերջին պահը մտածում էի՝ մենակ ինքը շնչելով գա, ես իրան կպահեմ, ամեն ձևի կպահեմ, մենակ շնչելով բերեն, հասցնեն։

Ես ամեն ձև ուզում էի, որ մեկն ինձ ասի՝ Մկոն կենդանի ա, չենք գնում իրան տենց տեսնենք, բայց տեգրս ասեց՝ մենք Մկոյին կորցել ենք… Ասեցի՝ Դա՛վ, չե՛նք կարա մենք Մկոյին կորցնենք, ախր մենք ո՛նց կարանք Մկոյին կորցնենք, չի՛ լինի տենց բան»,- նորից հուզվում է կինը։

Կինը հիշում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 18-ին՝ նրա զոհվելուց մեկ օր առաջ։ Ասում է՝ այդ օրը ամուսինը երեք անգամ զանգել է։ Խոսել է իր հետ, հետո` Մուշեղի, հետո` Սոնայի։ «Ասեցի` բա որ էսքան խոսում ես, կարելի՞ ա, հանկարծ մի բան չլինի էդտեղ, ասեց՝ դու ոչ մի բան մի մտածի, մենակ երեխեքին նայի։ Վերջին խոսքը դա եղավ, ու անջատեց… էլ հաջորդ օրը չզանգեց»։

Արփինեն ամուսնու զոհվելուց հետո երկու ամիս տնից դուրս չի գալիս, ասում է՝ չէր ուզում մարդկանց տեսներ, շփվեր, բայց երկու ամիս հետո գործընկերների խորհրդով աշխատանքի է վերադարձել։ Ասում է՝ նույնքան դժվար էր տնից դուրս գալը, ամեն քայլը, ամեն վայրը ամուսնուն էր հիշեցնում: 

«Ամեն քայլս դնելիս հիշում էի` ոնց ենք իրար հետ էդ տեղից անցել, խանութ մտնելուց հիշում էի՝ ոնց ենք էդ խանութից առևտուր արել, հիմնարկում անընդհատ նայում էի պատուհանից, հեսա ավտոն գալու ա, Մկոն ինձ տուն տանի։ Ամեն ինչը իմաստը կորցրել ա, փորձում եմ աշխատանքով մի քիչ լցնել, բայց ինքն անընդհատ ա իմ ուղեղի մեջ: Չպիտի՛ սենց լիներ, մենակ իմ համար չեմ ասում, շատ սխալ բան եղավ»։

Արփինեն ասում է՝ ամուսինը մեծ սար էր իր թիկունքին ու բոլոր հարազատների համար։ Նշում է՝ միշտ միասին էին պլանավորում ցանկացած գործ, միմյանց օգնում ու հաղթահարում դժվարությունները․ «Ես ոչ մի բանի մասին չէի անհանգստանում, ես գիտեի, որ ամենանեղ դրության մեջ ինքը մի բան անելու ա, աշխատանքի մեջ պետք էր լինում, անգամ ես թղթերս հավաքում-բերում էի, իրար հետ գործ էինք անում, տան գործ լիներ, մի օր ինքը չնեղվեց, որ չեմ հասցրել ճաշ սարքեմ, շոր արդուկեմ, ըտենց բան չի եղել մեր տանը: Չենք հասցրել՝ ոչինչ, իրար հետ կանենք, կամ կգնանք դրսում կուտենք»,- ասում է կինը ու հիշում, որ միշտ միասին էին ընթրում՝ անկախ նրանից, ով էր շուտ կամ ուշ գալիս աշխատանքից, միշտ սպասում էին, որ ընտանիքով ընթրեին:

«Ինքը որ դրսում էր լինում, ես գալիս էի, խոհանոցում հաց էի սարքում, ինքը Viber-ով զանգում էր, որ մեկ ա` իրար հետ ենք, ոչինչ, որ դրսում եմ»,- հուզվում է Արփինեն ու կսկիծով նայում հյուրասենյակի պատին փակցված ամուսնու նկարին։

Արփինեն ասում է՝ ամուսնու երազանքն էր տուն ունենալ, երեխաների համար տանիք ապահովել:

«Երեխեքի մասին էր մտածում, ինքը չուներ, մտածում էր՝ հանկարծ երեխեքի համար էլ էդպես չլիներ: Անընդհատ դուրս էր գնում-գալիս, մտածում էինք՝ կանենք, մի բան խանգարում էր, չէինք կարողանում տան հարցը լուծեինք։ Համ նեղվում էր, որ չի ստացվում, համ մտածում էր՝ ոչինչ, կլինի»։ 

Կինն ասում է՝ ամուսինը կարևորում էր կյանքի ամեն պահը, փորձում անել ամեն ինչ, որ երեխաները որևէ բանի պակաս չունենան, ինչ ցանկանում են, ստանան ժամանակին ու վայելեն այդ պահի ուրախությունը։

«էդ պահին, որ երեխեն ինչ-որ բան ուզում ա, էդ պահին ինքը պիտի ստանա, որ ասում էի՝ Մկո, կարո՞ղ ա հիմա հարմար չէր, մի քիչ հետո, ասում էր՝ չէ՛, երեխեն հիմա կուրախանա, կարող ա վաղը ինքն էդ ունենա, էլ իրա համար չլինի էդ ուրախությունը, ու ճիշտ էր ասում։

Մի անգամ մեքենան խփել էր, ահագին բան էր եղել: Եկավ տուն, ես աչքերս լցրեցի, ասեց՝ հո ինձ չի եղել, որ լացում ես, ուրիշը կառնենք։ էդ պահին, որ խոսում ես, էդ խոսքերի իմաստը էդքան չես հասկանում, հետո հետ ես նայում, հասկանում եմ՝ ճիշտ էր ապրում, ինքը գիտեր ճիշտ ապրելու ձևը»։

Արփինեն հիմա փորձում է ապրել, քայլել առաջ, որպեսզի երեխաների հետ կապված իր ու ամուսնու երազանքները կիսատ չթողնի։

Արփինեի և Մկրտիչի որդին՝ Մուշեղը։

«Ես հավատում եմ, որ հետո էլի մենք հանդիպելու ենք իրար, որ ինքը ինձ չասի՝ ինչի՞ կիսատ թողեցիր, ես չկարացի, դու ինչի՞ թողեցիր։ Երազում էր՝ Մուշոն բժիշկ դառնար, իրա պապը բժիշկ էր, ասում էր՝ Մուշին էլ կսազի: Սոնան էլ իրա համար մի ուրիշ աշխարհ էր։ Սոնան փոքր ա, բայց հոր ասած ամեն խոսքը հիշում ա, որտեղ գնացել են իրար հետ, ասում ա՝ մամա, հիշո՞ւմ ես՝ պապան սենց էր գրկում, պապան արթնացնում էր, ասում էր՝ Սոնեչկա, ստավայ»,- անհուն կարոտով պատմում է Արփինեն ու ասում, որ այսօր ապրում է միայն հիշողություններով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am