«Վրաստանում էլ սևերի ու սպիտակների պայքար է, բայց իշխանության թիմը միասնական է»․ Ջոնի Մելիքյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում քաղաքական իրավիճակը մի քանի օր է՝ լարված է։ Այսօր էլ խորհրդարանում ծեծկռտուք է եղել։ Ի՞նչ է կատարվում հարևան երկրում, քաղաքական ճգնաժա՞մ է։

– Չեմ կարծում։ Բայց եթե ավելի լայն դիտարկենք, ապա Վրաստանում ճգնաժամը ժամանակ առ ժամանակ շարունակվում է արդեն 2 տարի։ Իմ կարծիքով, դրա հիմնական փուլն ավարտվեց, երբ ընդդիմությունը, ընդունելով Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկը՝ միացավ խորհրդարանի աշխատանքին։

Դրանից հետո քաղաքական ճգնաժամը կարելի էր լուծված համարել։ Սակայն վերջին օրերի գործընթացները՝ կապված ԼԳԲՏ շքերթի հետ, օգտագործվեցին ընդդիմության, հիմնականում նախկին նախագահ Սաակաշվիլու կողմից։ Նրանք տարբեր պատրվակներ օգտագործելով փորձում են ճնշել իշխանություններին, այսպես կոչված՝ սթրես-թեստեր են անցկացնում։

Այդպես նրանք մտածում են, որ հնարավոր է հաջողվել իշխանություններին ճնշել, ու հնարավորություն կունենան իշխանության հասնել։

Ի վերջո, այսօր էլ տեսանյութ հրապարակվեց, և հայտնի դարձավ, որ օպերատորը՝ Լեքսոն, մահացել է ոչ թե ծեծի ենթարկվելու, այլ՝ միանգամայն այլ պատճառով։ Այսինքն՝ այս ու շատ դեպքեր ընդդիմությունը փորձում է օգտագործել՝ ճնշելու իշխանություններին։

Վրաստանի խորհրդարանում այսօր կատարվածը՝ վարչապետի հրաժարականի պահանջով, 2019-ի սցենարի կրկնությունն էր։ Չէի ասի՝ ծայրահեղ իրավիճակ է, ի վերջո, իշխանություններն այսօր բավականին բարելավել են իրենց դիրքերը։ Եվ այժմ էլ նրանք պատրաստվում են հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որի ժամանակ որոշվելու է ապագան։

Հիշեցնեմ՝ ըստ օրենսդրության, եթե իշխող թիմը ՏԻՄ ընտրություններում 43 տոկոս չի ստանում, ապա 2022-ի հոկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բայց այսօրվա իրավիճակից ելնելով, ամենայն հավանականությամբ, իշխող թիմը 43 տոկոսը կհաղթահարի, և այդկերպ իրենք կապահովեն իրենց իշխանությունը մինչև 2024 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններ։

-Այսօր Վրաստանի վարչապետը կատարվածի համար մեղադրեց Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլուն՝ ասելով, որ այն, ինչ եղավ, «Սաակաշվիլու կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր»։

-Մենք պետք է հասկանանք, որ Սաակաշվիլին որպես սիմվոլ է ներկայացվում։ Այնտեղ միայն Սաակաշվիլին չէ, վարչապետը նկատի ունի հանրության այն հատվածը, այն ոչ պետական ՀԿ-ներին, որոնք ձևավորվել են Սաակաշվիլու կառավարման տարիներին և այսօր ինչ-որ չափով կապ ունեն նրա կուսակցության հետ։

Այն, ինչ իրականացնում է կուսակցությունը իր ակտիվիստներով, ասոցացվում է Սաակաշվիլու հետ։ Վարչապետ Ղարիբաշվիլին այդ ուժերին անվանում է ռևանշիստներ, որոնք ուզում են վերադառնալ իշխանության։ Բայց կա նաև գործող իշխանություն, որը չի ուզում իշխանությունը հեշտորեն զիջել։

– Այնպես, ինչպես Հայաստանո՞ւմ է՝ նախկիններ-ներկա պայքար․․․

-Այո՛, այո՛, նույն բանն է, ինչ Հայաստանում։ Վրաստանում էլ սևերի ու սպիտակների պայքարն է՝ Սաակաշվիլին Իվանիշվիլիի դեմ։ Չնայած Սաակաշվիլին երկրում չէ, կուսակցության ղեկավար չէ, Բիձինա Իվանիշվիլին նույնիսկ կուսակցության անդամ չէ, քաղաքականությունից դուրս է, բայց ամեն ինչ այս տրամաբանության մեջ է տեղի ունենում։

Անցյալ տարի Վրաստանի խորհրդարանական ընտրություններից որոշ ժամանակ անց ճգնաժամը փոքր-ինչ հարթվեց, համաձայնություն կնքվեց, բոլոր քաղաքական ուժերը գնացին խորհրդարան, ձևավորեցին խմբակցություններ ու սկսեցին աշխատել։

Հիմա, տեսնելով, որ խորհրդարանի ներսում դժվար է պրոցեսների վրա ազդեցություն ունենալ, խորհրդարանից դուրս փոքր ընդվզումն օգտագործելով՝ Սաակաշվիլու թիմակիցները դարձյալ փորձում են ճնշել իշխանություններին։

-Բայց նրանց կարծես հաջողվում է, այսօր, օրինակ՝ ծեծկռտուք էր խորհրդարանում, օրենսդիր մարմնի աշխատանքը կաթվածահար էր եղել․․․

-Այո՛, փորձում են։ Բայց, իմ կարծիքով, իշխանության թիմը միաձույլ է, և Գախարիայի թիմակիցների դուրս գալուց հետո որևէ միտում չկա, որ իշխող թիմից մարդիկ դուրս են գալու, ինչը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնություն ապահովում են, ու թիմը միասնական է։ Իսկ դա կայունության նշան է։

Այնպես որ, չնայած հիմա բարդ փուլ է, բայց, այդուհանդերձ, ես իշխանությունների դիրքերի թուլացում չեմ տեսնում Վրաստանում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am