Ադրբեջանն այսպիսով հարկադրում է Հայաստանին դուրս գալ Մինսկի խմբից և կնքել իր հետ կապիտուլյացիայի պայմանագիր․ Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Ադրբեջանը կրկին տեղային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա բնակավայրերի հատվածում։ Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի նման վարքագիծը։ 

– Սա հետևանք է միջազգային իրավունքի տեսանկյունից անորակ և առոչինչ համարվող նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության, որի մեջ հստակ սահմանված չեն եղել այն նոր շփման գծերը, որով պետք է հաստատվեր հրադադար։ Դա բերեց նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, որտեղ գտնվում է նոր շփման գիծը, Ադրբեջանը հնարավորություն է ստացել իր ուզած ձևով սահմանել այդ շփման գիծը։ 

Երկրորդ պատճառն այն է, որ այդ հայտարարությունը չի ենթադրում իրավական պատասխանատվություն կողմերի համար՝ որոշման դրույթները խախտելու համար։ Միջազգային հարաբերություններով իրավական հետևանք ստեղծում են այն պայմանագրերը, համաձայնագրերը, որոնք գրանցված են ՄԱԿ-ի քարտուղարությունում։ Այդ համաձայնագիրը չի սահմանում նաև միջազգային վերահսկողություն ողջ շփման գծի երկայնքով։

– Իսկ Ադրբեջանի քաղաքական շարժառիթները որո՞նք են։

-Հասկանալի է, որ Ադրբեջանն այսպիսով հարկադրում է Հայաստանին դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից և կնքել Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի պայմանագիր։ Այսինքն՝ կա այսօր դիրքորոշում Մինսկի խմբի համանախագահների կողմից, որ հակամարտության դադարեցման մասին ոչ մի փաստաթուղթ, որը կնքվելու է այդ խմբի համանախագահության մասնակցությունից դուրս, միջազգայնորեն չի ճանաչվի։

– Հայաստանը դուրս կգա՞ Մինսկի խմբից, պարո՛ն Ղուկասյան։

– Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ խոստացել էր, որ եթե 60% քվե ստանա՝ դուրս կգա Մինսկի խմբից և Ադրբեջանի հետ կստորագրի այդ կապիտուլյացիոն պայմանագիրը: Ըստ էության, իր նախընտրական խոստումն ու կոչը քաղաքացիներին դա է եղել։ Կառավարություն ձևավորվելուց հետո, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը ունեն սպասում, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին տված իր խոստումը: 

Որպեսզի նաև համապատասխան հանրային տրամադրություններ ստեղծվեն, հայ ժողովրդին ահաբեկելու համար Ադրբեջանն իրականացնում է այս ռազմական գործողությունները Հայաստանի սահմաններին՝ Ռուսաստանի հովանու ներքո, որովհետև Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը անհետևանք են թողնում այդ գործողությունները։ Այս ամբողջը նրանք դիտարկում են Հայաստանին ստորացուցիչ կապիտուլյացիա հարկադրելու գործողությունների ծրագիր։ 

– Այսինքն՝ Մոսկվայից՝ որպես դաշնակից պետությունից, ստեղծված իրավիճակում ակնկալիքներ չունենա՞նք։

– Մոսկվան այս ծրագրի ճարտարապետն է։ Ծրագիրը չէր կարող իրականանալ առանց Կրեմլի համաձայնության, ուղղորդության, ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի ղեկավարությունը վարձատրված է Ադրբեջանի կողմից: Այն 5 միլիարդի մասին խոսակցությունները, որ շրջանառվեցին, բնականաբար վկայում են, որ Ադրբեջանը ոչ միայն զենքով, այլ նաև փողով առաջ է տանում իր քրեական ռեժիմի շահերը միջազգային հարաբերություններում ևս։ Պուտին-Ալիև հանդիպումն էլ վկայում էր, որ Ռուսաստանը անձնապես պարտավոր է Ադրբեջանի ղեկավարության առջև, ինչը նկատելի չէր Պուտին-Փաշինյան հանդիպմանը։

– Ստացվում է, որ ձեր նշած կապիտուլյացիոն պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես ստորագրելո՞ւ է, պարո՛ն Ղուկասյան։

– Ո՛չ։ Դա հետևանքն է նրա, որ քաղաքացիները կողմ են դրան քվեարկել, Նիկոլ Փաշինյանը կարող էր ցանկացած բան խոստանալ, բայց այս ընտրությունները նրա համար էին, որ Փաշինյանն իր խոստումներն ու պատասխանատվությունը կիսի հայ ժողովրդի հետ, և ընտրությունների արդյունքն ամրագրում է այն խոստումները, որոնք Փաշինյանը տվել էր։ Որպես հսկիչ այդ համաձայնությունների՝ խորհրդարան անցան նաև նախկին քրեական ռեժիմի ներկայացուցիչներն ու կողմնակիցները, և ստեղծվել է քաղաքական համակարգ, որը լայն հնարավորություն է տալիս իրականացնել այդ կապիտուլյացիոն ծրագիրը՝ դա ներկայացնելով ժողովրդին իբրև լուծում։

– Լայնածավալ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

– Իրավական առումով որևէ զսպող գործիք չկա, Ադրբեջանն ինչ ուզի կարող է անել Հայաստանի դեմ՝ Ռուսաստանի բարձր հովանու ներքո։

– Իսկ Արևմուտքի ակտիվությունն ի՞նչ դեր կարող է ունենալ այս իրավիճակում։

– Արևմուտքը պայման է դրել Հայաստանի առջև դուրս գալ ՀԱՊԿ-ից, հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, և այդ դեպքում Հայաստանը կարող է ստանալ ազատ, քաղաքակիրթ աշխարհի ողջ օժանդակությունը՝ մեր ազգային շահերը պաշտպանելու համար։ Առանց այդ գործողության՝ Հայաստանը չի կարող ակնկալել որևէ լուրջ օժանդակություն։ Այսօր Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակով՝ կարելի է ասել, որ մենք մտել ենք փակուղի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am